o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ»

20.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ»

Մանվել Գրիգորյանը խորհրդարանի քվեարկությամբ զրկվեց անձեռնմխելիությունից: Այդպես էլ պետք է լիներ, սակայն ուշագրավը այն մրցավազքն էր, թե ով ավելի բարձրաձայն, հուզական եւ վիրավորական ձեւով կդատապարտի գեներալին: Նույնիսկ Նաիրա Զոհրաբյանի շուրթերից հնչեց «կենդանի» բնորոշումը եւ ինքնասպանություն գործելու կոչը: Էլ չենք խոսում ուրացումների շարանի մասին` դրանցից ցանկացած նորմալ մարդու մոտ սրտխառնոց կառաջանա:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 1937 ԹՎԱԿԱՆ

Իշխանության եւ ԱԱԾ-ի գործողությունների համատարած «ադաբրյամսը» եւ գեներալ Մանվելի ու անգամ նրա դատավարական իրավունքների մասին խոսողների նույնքան համատարած «ասուժդամսը» միանգամից հիշողության որոշակի ետնախորշեր ակտիվացրեց այն մարդկանց մոտ, ովքեր տեսել են Սովետական Միությունը եւ իրենց հայրերից եւ պապերից լսել 1930-ականների ստալինյան ռեպրեսիաների մասին: Ի դեպ, նաեւ ռեպրեսիաների ուղղակի կոչեր հնչում են ոչ միայն  ֆեյսբուքյան ակտիվիստների, այլ անգամ որոշակի փորձագետների շուրթերից: Այսպես, Ստեփանակերտում ապրող եւ Արցախյան պատերազմի տարիները Վոլգոգրադում հերոսաբար անցկացրած քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը հրապարակավ կոչ արեց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն խոսել «կարծիքի իրավունքի» «բանավեճի եւ քննարկման անհրաժեշտության» ու առավել եւս, «գեներալաների իրավունքների» մասին, միանգամից հավասարեցնել մարտի դաշտում զինվորից ուտելիք խլող եւ այն լափող «մարոդյորների» հետ ու ենթարկել խստագույն հանրային պարսավանքի: Ի դեպ, հետաքրքրական է, որ այժմ Ֆեյսբուքում լայնորեն տարածվող տեքստերը իրենց բառապաշարով եւ  տոնայնությամբ ապշեցուցիչ ճշգրտությամբ համընկնում  են 1930-ականների թերթերի տեքստերին «ժողովրդի թշնամիների» եւ «հակահեղափոխականների» մասին: Եվ նույն վարչապետի ու նրա շրջապատի մոտ նկատելի է գրեթե անսքող ցանկությունը` գործել ռեպրեսիվ մեթոդներով եւ հաստատել դիկտատուրա: Իսկ ի՞նչ է կատարվում մնացյալ ոլորտներում: Զորօրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տալիս դատավորների վրա` ասելով, թե ոչ ոք չպետք է համարձակվի իրենց ուղղորդել հեռախոսազանգերով, թերեւս ոչ թե նկատի ուներ, որ դա բացարձակապես անթույլատրելի է, այլ, որ դա անձամբ իր` անքննադատելի առաջնորդի բացառիկ իրավունքն է: Իսկ որ այդ «իրավունքը» գործել է, կարելի է ենթադրել այն հանգամանքից, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրինականությունը քննող դատարանում վեց ժամով ընդմիջում հայտարարվեց, մինչեւ ԱԱԾ-ն հասցնի շրջանառության մեջ դնել իր հռչակավոր տեսանյութը, ուր մասնագետները կարող են մանիպուլյացիայի բազում դրվագներ մատնանշել: Ի դեպ, տեսանյութի հետաքրքիր դրվագ, ըստ մամուլի, ամուսնու զինակիցների հետ զրույցի ժամանակ մատնանշել է գեներալի կինը` Նազիկ Ամիրյանը, ասելով, որ կադրերի մի մասը իրենց նկուղից է, իսկ մյուս մասը` ԵԿՄ-ի պահեստից: Սակայն մեր խնդիրը ոչ թե տեսանյութի էպիզոդների մանրամասն վերլուծությունն է, այլ բուն երեւույթի մատնանշումը: Եվ, ի դեպ, սոցցանցերում կատաղորեն գրոհում են նաեւ այն մարդկանց վրա, ովքեր անվերապահորեն չեն հավատում այդ տեսանյութին, ինչը նույնպես տոտալիտար, դիկտատորական մթնոլորտի վկայություն է: Նույն մթնոլորտի վկայություններից մեկն էլ եւ մեր երկրի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վարքագիծն էր խորհրդարանում: Եթե գլխավոր դատախազը իրավական ձեւակերպումներին խառնում է նաեւ դպրոցականների նամակների հուզական ընթերցումը (հիշեցնենք, որ ԱԱԾ-ի պնդմամբ դրանք գտնվել են գեներալի նկուղում), ապա էլի հիշում ես նույն 1930-ականների դատախազներին: Ճիշտ է, հարգարժան պարոն Դավթյանը թերեւս պատրաստ է ամենաաներեւակայելի բաներն անել, միայն թե պահպանի իր պաշտոնը, սակայն կարեւորը ոչ թե նրա դրդապատճառներն են, այլ նրա ոճի ընդհանրությունները ստալինյան շրջանի մեծ ու պուճուրիկ վիշինսկիների հետ:

ՔԱՆԻ ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼՆ Է, ՆՐԱ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ Է

Կեղծ օգտատերերի` այսպես կոչված, ֆեյքերի վարձու բանակների միջոցով առաջնորդի անսխալականությունը կասկածի տակ դնողներին լռեցնելը եւ վախեցնելը նորություն չէ, սակայն երկուշաբթի ուշ երեկոյան դրան գումարվեց մի շատ տագնապալի ազդակ: Վարչապետը գրավոր հրապարակեց հետեւյալը. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից` որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել: Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ: Մի՛ արեք: Պարզապես մի՛ արեք»: Նշենք, որ մենք արդեն առիթ ունեցել էինք ընթերցողներին հայտնելու, որ դրա թիվ մեկ հասցեատերը «Երկրի շաբաթը» հաղորդումը վարող Գեղամ Մանուկյանն էր, ով համարձակվել էր քննադատել ահաբեկչությամբ զբաղվող եւ ոստիկաններ սպանած «Սասնա ծռերի» ազատ արձակումը: Սակայն դրան նաեւ հետեւեցին կադրային փոփոխությունները Հ1-ում: Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը եւ «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանց հետ ազատման դիմումներ են ներկայացրել նաեւ որոշ լրագրողներ: Երկրի ղեկավարի շուրթերից այդպիսի բան հնչելը ու դրան հետեւած կադրային տեղաշարժերը կարելի է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանի օրոք ինչպիսի հիսթերիաներ կառաջացնեին տարատեսակ սաքունցների եւ լեւոնբարսեղյանների մոտ, սակայն այս անգամ այդ հաստիքային իրավապաշտպանները ոչ մի արտառոց կամ սպառնալից բան դրանում չտեսան: Փոխարենը դրանում սպառնալիք տեսան, ինչպես լրագրողները, այնպես էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս, մասնավորապես, գրեց. «Երեկ երեկոյան վարչապետի արած գրառմանն ի պատասխան, ակնկալում եմ լրագրողական կազմակերպությունների, խոսքի եւ մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների եւ առանձին իրավապաշտպանների գնահատականը: Հետաքրքիր կլինի լսել նաեւ ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների կարծիքը»: Իսկ մեր գործընկեր Աննա Իսրայելյանի կարծիքով. «Ճիշտ չէ, որ վարչապետը կամ որեւէ պետական պաշտոնյա մամուլի դեմ այդպիսի կոչերով հանդես գա: Առանց այդ էլ նոր իշխանության ձեւավորումից հետո լրատվամիջոցները չափազանց վատ պայմաններում են գործում, երբ ցանկացած քննադատական խոսք փորձ է արվում լռեցնել նոր իշխանության աջակիցների կողմից»: Իսկ տարբեր լիբերալ կառույցներում աշխատող Գեղամ Վարդանյանն էլ, ընդհանրապես վարչապետի այս խոսքի վերաբերյալ մի շարք հարցադրումներ է հնչեցնում, մասնավորապես. «Ի՞նչ է «Մի՛ արեք: Պարզապես մի՛ արեք»-ը: Սիրելով մատ թափ տալու փո՞րձ, վերջին նախազգուշացու՞մ, սպառնալի՞ք», եւ. «Իսկ ի՞նչ կլինի, եթե անեն, պարզապես անեն: Թեեւ հստակ չէ, թե ով ու ինչ, բայց վարչապետի ձեւակերպումներին ու կարծիքին համապատասխան գործողություններ անեն: Ի՞նչ է անելու վարչապետը»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Այսինքն` տագնապներն առկա են, դրանք առավել քան հիմնավոր են: Քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանն էլ, խորհուրդ տալով վարչապետին ընդհանրապես ձեւեր չթափել եւ փակել բոլոր` իրեն քննադատող ԶԼՄ-ները, մատնանշում է, թե որտեղ պետք է փնտրել հակապետական գործունեութուն. «Ես կուզեի վարչապետին հուշել, որ եթե նա իսկապես այդքան մտահոգ է մեր պետության համար ու հակապետական տարրեր է փնտրում, ապա թող լրջորեն զբաղվի Սորոսի հիմնադրամից սնվող ու Հայաստանում պատվեր կատարող կազմակերպություններով: Հետո՞ ինչ, թե այդ կազմակերպությունները հեղափոխության ժամանակ ուղղակիորեն աջակցել են իրեն: Կուզեի նաեւ, որ վարչապետը զբաղվեր, օրինակ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությամբ, հետո՞ ինչ, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչները նույնպես ակտիվորեն մասնակցել են հեղափոխական գործընթացներին»:

Բայց պարզ է, որ սորոսածին եւ սորոսասին կառույցներին ոչ ոք էլ չի դիպչելու: Փոխարենը Բաղրամյան 26-ից այժմ տեսնում ենք փափուկ բարձ դնելու փորձեր: Սկզբում մամլո խոսնակ Արման Եղոյանը պնդեց հետեւյալը. «Վարչապետի գրառումը քաղաքացիների հետ ամենօրյա կապ հաստատելու կոնտեսքստում է: Կոչ է եւ ոչ որեւէ գործողություն: Կոչն արդեն հասել է իր հասցեատիրոջը կամ հասցեատերերին»: Իսկ այնուհետ Նիկոլ Փաշինյանն անձամբ մեկնաբանել իր հայտարարությունը. «Ես հասկանում եմ, որ նախկինում տեքստերը, ամեն ինչ ասվել է համապատասխան մարմինների կողմից` ինչ ասեն, ինչպես ասեն: Ես ընդամենն ասում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երեւույթ չկա, եւ դա ի չարս չօգտագործվի: Չեմ ուզում կոնկրետ հասցեավորել, որովհետեւ կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում եմ թիրախավորել: Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում եւ խնդրանք, կոչ եմ հնչեցնում` այդպես չանել»:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Բայց վարչապետի պարզաբանումը, ճիշտն ասած, ավելի է խորացնում տագնապալի սպասումը: Առավել եւս, որ այսպես կոչված, «Նոր Հայաստանի նոր հայրապետ» շարժումը, որի ակտիվիստները հայտնի են ծայրահեղ ագրեսիվությամբ ու նաեւ հասցրել էին եկեղեցիներից մեկում ծեծկռտուք սարքել, վարչապետին ուղղված իրենց բաց նամակում նաեւ խանդավառորեն ողջունել էին վարչապետի խոսքը «հակապետական քարոզչության» մասին: Ու ճիշտ ու ճիշտ այն  ոճով, որով գրվում է ստալինյան տարիներին «ադաբրյանսները»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА