o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

15.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

Ընդհանրապես ցանկացած խորհրդարանական հանրապետության իշխանության հիմքը ԱԺ մեծամասնությունն է, որը կարող է լինել կա՛մ մեկ կուսակցության խմբակցություն, կա՛մ կոալիցիա: Եվ հենց այդ մեծամասնությունն էլ ձեւավորում է կառավարություն` իր վարչապետով հանդերձ: Սակայն թավշակրոնների հեղափոխությունը բերեց նրան, որ առկա է փոքրամասնության կառավարություն, որի թիկունքում չկա ԱԺ մեծամասնություն:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ԿԻՍԱՊԱՇՏՈՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԿԵՂԾ «ԿՈԱԼԻՑԻԱ»

Հիշեցնենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, իսկ այնուհետ ընդունվեց  նրա կառավարության ծրագիրը: Երկու դեպքում էլ «կիսապաշտոնական» կոալիցիա էր գործում` ի դեմս «Ելքի», Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի: Ընդդիմություն դարձած ՀՀԿ-ին 50 տոկոս գումարած մեկ ձայն ունենալու համար պակասում է մեկ-երկու մանդատ, եւ վերը հիշատակված երկու դեպքերում էլ Փաշինյանին քվեներով ապահովելու համար նրան կողմ քվեարկեցին ոչ միայն Ֆելիքսցոլակյան տեսակի պատգամավորները, այլեւ ՀՀԿ-ի որոշմամբ տրվեցին լրացուցիչ քվեներ: Այսինքն` կիսապաշտոնական «կոալիցիա» կար, որը որոշումներն անցկացնելու համար չէր կարող յոլա գնալ առանց ՀՀԿ-ի բարիկամեցողությամբ տրված քվեների: Եվ ինքն էլ` այդ «կոալիցիան», կարելի է ասել, որ կեղծ է: Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի կողմից մշտապես զգացվում էր ձգտում` պատասխանատվություն չստանձնել այդ կառավարության գործունեության համար, քանզի այդպես էլ հուշագիր չստորագրվեց: Ճիշտ է, նշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները բանավոր ասում էին, որ պատասխանատու են, բայց ոչ ավելին: Ու նաեւ ստեղծվեց այն իրավիճակը, որ նշյալ քաղաքական ուժերը «սիրով եւ համերաշխությամբ» վերջին անգամ քվեարկեցին, երբ ընդունվում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության  ծրագիրը: Դրանով «սերն ու համերաշխությունը» վերջացավ, եւ յուրաքանչյուրը սկսեց վերմակն իր վրա քաշել: Անգամ «Ելք» դաշինքի ներսում, կարծես թե, հին տարակարծությունները չեն հարթվել, եւ նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալը նույնպես սուր տարաձայնությունների ցուցիչ է: Եվ հիմա արդեն միասին հեղափոխություն արած ուժերը դարձել են մրցակից: Եվ նրանց բախումները խորհրդարանում ստացել են հրապարակային բնույթ, ու դա արտացոլվում է ոչ միայն ելույթներով, այլեւ քվեարկություններով: Ու արձանագրվեց նաեւ առաջին սպառնալիքը` Ծառուկյան դաշինքի պատգամավորները, դժգոհ լինելով բարեգործության մասին օրենքի նախագծից, սպառնացին, որ Գագիկ Ծառուկյանն առհասարակ կդադարեցնի բարեգործական գործունեությունը: Ճիշտ է, Նաիրա Զոհրաբյանը դա ներկայացրեց որպես ներքին ժողովրդավարության դրսեւորում, որ, իբր թե, դրանով այս կառավարությունը շահեկանորեն տարբերվում է «հանցավոր ռեժիմից», սակայն պարզ է, որ դա սոսկ հռետորաբանություն է: Ու պետք է արձանագրել, որ գործընկերություն չկա այն կառավարությունում, որի ներկայացուցիչ քաղաքական ուժերն ու առաջնորդները իրար հետ խոսում են շանտաժի եւ վերջնագրերի լեզվով: Առաջինն այդ լեզուն բանեցրեց հենց Նիկոլը` կառավարության ծրագիրն ընդունելու օրը` շեշտելով, որ ոչ մեկին էլ ոչինչ պարտական չէ, եւ ոչ ոք, կողմ քվեարկելով, իրեն լավություն չի անում: Եվ պարզ է, որ այդ հակասությունները միմիայն խորանալու են, քանզի յուրաքանչյուրն աշխատում է ոչ թե հօգուտ կառավարության` որպես միասնական օրգանիզմի, այլ սպասարկում է սեփական նախընտրական շահերը:

 

ՉՀՌՉԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ «ԿՈԱԼԻՑԻԱ»

Հունիսի 13-ից ԱԺ-ում, կարծես, մի նոր երեւույթի ենք հանդիպում, երբ ՀՀԿ-ն, «Ելք»-ը ու ՀՅԴ-ն քվեարկում են միասնական, իսկ «Ծառուկյան» դաշինքը` դրան հակառակ: Ընդ որում, դա տեղի ունեցավ երկու անգամ` հունիսի 13-ին, երբ քվեարկվում էր Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը եւ հունիսի 14-ին, երբ քվեարկվեց 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: 1-ին դեպքում կողմ քվեարկեց ամբողջ ՀՀԿ-ն, բացառությամբ Արփինե Հովհաննիսյանի, ով քվեարկել է ձեռնպահ: Նշենք, որ այդպես քվեարկեցին նաեւ ՀՀԿ-ց դուրս եկած Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ այլք: Առանց բացառության, կողմ քվեարկեցին ՀՅԴ-ն ու «Ելք»-ը, իսկ  «Ծառուկյան» դաշինքն ամբողջությամբ քվեարկեց ձեռնպահ: Նույն պատկերն էր նաեւ հունիսի 14-ին, երբ ՀՀԿ-ն նույնպես ամբողջ կազմով հաստատեց նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Ամբողջ կազմով կողմ էին նաեւ ՀՅԴ-ն ու  «Ելք»-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքը նույնպես ամբողջ կազմով դեմ է քվեարկել: Նշենք, որ երկու հարցն էլ վերաբերում են, ինչպես հիմա ընդունված է ասել, «հանցավոր ռեժիմի» աշխատանքին հավանություն տալուն: Եթե ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համար այդ աշխատանքի արդյունքները հաստատելը տրամաբանական է, քանի որ 2017թ. իշխանություն էին, ապա «Ելք»-ի համար դա խիստ անտրամաբանական է, քանի որ հենց այդ աշխատանքն էին քննադատում ելքիստները: Հետեւաբար պետք է ենթադրել, որ «Ելք»-ի ու ՀՀԿ-ի միջեւ կան ստվերային պայմանավորվածություններ` չփորփրել հինը եւ հանգիստ հաստատել նախորդ իշխանությունների հաշվետվությունները: Հավանաբար, այդ համաձայնության դիմաց «Ելք»-ը կուզի նաեւ իրենց համար քվեարկություններ ՀՀԿ-ից: Մասնավորապես, հարցը վերաբերում է հունիսի 19-ին արտահերթ նստաշրջանում սպասվող բարեգործության մասին աղմկահարույց օրինագծին: Այդ օրինագիծը ԲՀԿ-ն համարում է ուղղակիորեն Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված գործողություն, քանի որ հենց այսպիսի բարեգործությամբ է, որ ԲՀԿ-ն սովոր է ձայներ հավաքել ընտրությունների ժամանակ: Կարելի է հասկանալ նաեւ Նիկոլի քաղաքականությունը, նա փորձում է  զինաթափել մոտակա խորհրդարանական արտահերթ ընտրություններում իր հիմնական մրցակից` Ծառուկյանին: Եվ ահա այստեղ է, որ «Ելք»-ը առանց ՀՀԿ-ի, ոչինչ անել չի կարողանա: Նույնը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որին դեմ են լինելու ՀՅԴ-ն, ու չի բացառվում` նաեւ Ծառուկյան դաշինքը: Եվ այս պարագայում նույնպես Նիկոլի հույսը ՀՀԿ-ն է: Նշենք, որ  «Ելք»+ՀՀԿ+ՀՀԿ-ից` Նիկոլի խաթր դուրս եկած հանրապետականները կազմում են 9+52+6=67 ձայն, ինչը լրիվ բավարար է, որպեսզի այդ նոր ձեւավորվող «դաշինքը» ունենա ոչ միայն պարզ մեծամասնություն, այլեւ սահմանադրական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ 63 ձայն: Այս նոր իրողությունը, անկասկած խիստ մտահոգում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ խիստ նվազեցնում է Նիկոլի կախվածությունը  Ծառուկյան դաշինքի ձայներից: Էլ չենք խոսում ՀՅԴ-ի մասին, որի «արժեթղթերի» գինը կտրուկ նվազել է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ԿՈԱԼԻՑԻՈՆ, ԱՅԼԵՎ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ «ԹԱԿԱՐԴ»

Այժմ նախարարություններում կարելի է նկատել բավականին տարօրինակ երեւույթ: Նախարարների մեծ մասը փոխանակ մշակեն ոլորտային քաղաքականություն, կամ գոնե «անիվների վրա» ապահովեն քչից-շատից նորմալ կառավարում, զբաղված են սեփական նախարարություններում կոռուպցիոն ռիսկեր եւ սխեմաներ որոնելով: Դա սկսվեց Սփյուռքի պատանի նախարար Մխիթար Հայրապետյանից, եւ հետո անցավ այլ նախարարություններ: Զորօրինակ, Արայիկ Հարությունյանը փնտրում է «կոմպրոմատներ» նախորդների վերաբերյալ, թերեւս փորձելով ինչպես թուլացնել նախկին նախարար Արմեն Աշոտյանի դիրքերը, այնպես էլ Լեւոն Մկրտչյանի գործերը փնտրտելով, ձգտել լծակ ունենալ դաշնակներին սանձելու համար: Արդյունքում, բացի կրթական ծրագրերի ապառազմականացումից, եւ հայրենասիրությունը օրենքից դուրս դնելուց, հարգարժան նախարարը ռեալ ոչ մի բանով չի զբաղվում: Կրթօջախներն էլ ապահանրապետականացնելու փորձերից առանձնապես բան չի ստացվել, ու առավել եւս, չի ստացվել կրթօջախները  ՔՊ կուսակցական շինարարության բուծարանների վերածելը: Ու այդպես է գործնականում շատ ու շատ նախարարություններում, եւ նախարարություններն ու կառավարությունը թերեւս օգտագործվում են, որպես պոպուլիզմի հարթակ: Թե ինչ կացության դա կարող է մատնել նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներին` թերեւս մտածող չկա: Դե, մեկ-երկու ամսվա, իսկ, միգուցեեւ, ավելի մեծ ժամանակի համար կարելի է սպառել ՀՀԿ-ի կառավարության թողած ժառանգությունը` նրա պատրաստի նախագծերը ԱԺ բերելով եւ այնուհետ չինովնիկական ապարատին դրանց կատարմանը լծելով: Բայց դա էլ է մի օր պրծնելու...

Նկատվում է նաեւ մեկ այլ միտում` ոստիկանությունն ու հատկապես ԱԱԾ-ն, պոպուլիստական նպատակներով օգտագործելը: Թե ինչ ստացվեց Սամվել Ալեքսանյանին «ապամոնոպոլիզացնելուց», տեսանք բոլորս: Այն ժամանակ ձերբակալվածներ չեղան, իսկ հիմա էլ, երբ «մասկի-շոուով» ԱԱԾ-ն մտավ Երեւանի քաղաքապետարանի շենքում գտնվող «Երեւան» հիմնադրամը, երկու ձերբակալվածներ կան: Բայց դժվար թե այդ պատմությունը սասանի Տարոն Մարգարյանի, եւ հետեւաբար նաեւ ՀՀԿ-ի դիրքերը մայրաքաղաքում: Իսկ ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գրոհայիններին եւ անձամբ նրանց առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելուն, ապա դա լրիվ արկածախնդրական գործընթաց է: Ճիշտ է, որոշ քանակով պոպուլիստական միավորներ դա կբերի, սակայն այդ գրոհայինները շատ անկանխատեսելի մարդիկ են, եւ ազատ արձակվելու երկրորդ օրը Սէֆիլյանը, օրինակ, խոսում էր «ռեժիմի դեմ պայքարելու» մասին, թեեւ էլ ի՞նչ «ռեժիմ», եթե այդ բառի տակ նա չի հասկանում Նիկոլի թավշակրոն իշխանությունը: Նաեւ դատական շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծվել, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները կարող են ազատ արձակվել գրավով, երաշխավորությամբ, կամ ազատազրկումը պայմանականորեն չկիրառելով: Ու թեեւ իրավաբանորեն նրանք բոլորը մնացին հանցագործություն կատարածի կարգավիճակով, եւ դա «քաղբանտարկյալների ազատում» հռչակելը ծիծաղելի է, պարզ է, որ սովորական ծանր եւ շատ ծանր հանցանք կատարողների փաստաբանները լիովին օգտվելու են այդ նախադեպերից: Իսկ «Սասնա ծռերի» պարագայում, կարելի է ենթադրել, որ Նիկոլի կառավարության մաս կազմող ինչպես ՔՊ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի կողմից, միգուցե հույս կա մյուս կողմի հանդեպ այդ գրոհայիններով ճնշում գործադրելու, բայց ընդհանուր առմամբ, ոչ մի լավ բանով դա չի ավարտվի: Ի վերջո, հո, Նիկոլը Հանրապետության հրապարակում «վստահության հանրահավաք» չի՞ հրավիրել, համ էլ` ինչքան գնում է, այնքան ավելի  շատ ինչպես վարչապետի, այնպես էլ կառավարություն կազմող ուժերի վարկանիշներն անկում են ապրում: Դա օբյեկտիվ գործընթաց է, ու նման է, որ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելը կարող է պատուհաս դառնալ ներկայիս վարչակարգի գլխին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА