ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ Է»

13.06.2018 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ Է»

Հունիսի 7-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր ղարաբաղյան բանակցություններին՝ հայտարարելով, որ ինքը, ի տարբերություն նախորդ երկու նախագահների, չի կարող բանակցել Արցախի անունից: Ուրեմն` ո՞վ պետք է բանակցի այն դեպքում, երբ Ադրբեջանը Արցախին բանակցային կողմ չի ցանկանում դիտարկել եւ հայտարարում է, որ Հայաստանի չբանակցելու մոտեցումը կհամարի բանակցությունները դադարեցնելու փորձ: Հարցի շուրջ փորձեցինք տեսակետներ ստանալ արցախցիներից:

Լավ սկիզբ է. Թրամփը գոհ է Պուտինի հետ բանակցություններից

 

«Ի վերջո, ՀՀ-ն հակամարտության կողմ չէ»

Արցախի ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆՆ այսպես մեկնաբանեց վարչապետի խոսքը.

- Ես կարծում եմ, որ հանրության մեջ սխալ ընկալում կա այն առումով, որ այո, ՀՀ վարչապետը ասել է, որ արցախյան կողմը պետք է մասնակցի բանակցություններին: Բայց սա նորություն չէ այն առումով, որ արցախյան կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որ պետք է իսկապես լիարժեք բանակցություններ վարելու հնարավորություն ունենա: Պարզապես ՀՀ վարչապետը այդ միտքը նորից է հաստատել, որ այդպես պետք է լինի: Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է մասնակցել կամ իր խոսքը ասել: ՀՀ-ն պարզապես մասնակցում է իր իրավասությունների շրջանակում. ի վերջո, ՀՀ-ն հակամարտության կողմ չէ: ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող կողմ է, եւ դա հայտնի է բոլորին: Այդ կտրվածքի մեջ՝ ՀՀ-ն, բնականաբար, շարունակելու է իր խոսքը ասել: Իսկ հակամարտության կարգավորման վերջնական խոսքը Արցախի հանրությանն է: Ցանկանում եմ ընդգծել նաեւ, որ Արցախը չպետք է դիտվի, որպես սոսկ միայն արցախցիների խնդիր, սա համայն հայության հարցն է, ըստ իս:

- Պարոն Բալայան, ի՞նչ կասեք այն իրողության հետ կապված, որ Նախիջեւանում հակառակորդի դիրքերի որոշակի առաջխաղացում է արձանագրվել: Իսկ Նախիջեւանի սահմանը հարում է Երեւան-Մեղրի-Արցախ ստրատեգիական ճանապարհին: Ի՞նչ կլինի, եթե, Աստված մի արասցե, Արցախում պատերազմ սկսվելուն պես, կրակի տակ պահեն նաեւ այդ ճանապարը, եւ Արցախ օգնության հասնելը դառնա շատ դժվար:

- Չեմ կարծում, որ ադրբեջանցիներն ինչ-որ լուրջ առաջխաղացում ունեն, պարզապես նրանք իրենց ազգաբնակչության վրա լավ տպավորություն ստեղծելու համար, ինչպես միշտ, ինֆորմացիոն կեղծարարություն են փորձում փաթաթել ժողովրդի վզին: Իսկ ինչ վերաբերում է  ստրատեգիական ճանապարհին, ապա այդ առումով էլ անհանգստանալու խնդիր չկա: Գիտեք, որ մենք ՀՀ-ի հետ ունենք նաեւ Վարդենիս-Քարվաճառի ճանապարհը:

- Բայց այդ ճանապարհը շատ ավելի երկար է, առավել եւս՝ դեպի հարավային հատված:

- Այո, բայց չեմ կարծում, որ մենք Ձեր նշած մյուս ճանապարհով էլ խնդրի առաջ կկանգնենք:

 

«Մեսիջ էր Հայաստանի արտաքին քաղաքականության կողմից»

Արցախի Հանրապետության պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑՆ էլ, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նկատեց.

Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

- Նիկոլ Փաշինյանն, ընտրվելով ՀՀ վարչապետ, դե ֆակտո, որպես երկրի ղեկավար, քաղաքական բանակցային գործընթացներում նոր տարեգրություն սկսեց: Սա մենք ողջունում ենք ու գնահատում, որովհետեւ այս տարեգրությունը փորձում է նոր փուլ մտցնել բանակցային գործընթացում: Հաշվի առնելով նաեւ, որ նախկին բանակցային գործընթացների ձեւաչափը տարիներ շարունակ չի աշխատել:

- Լավ, իսկ գործնականում ո՞վ է գնալու բանակցությունների:

- Այսպես պատասխանեմ. սա մեսիջ էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կողմից:  Սա, ամեն դեպքում, օրակարգային խնդիր է, իսկ մնացածը` ընթացքը ցույց կտա:

 

«Փաշինյանը վերահաստատել է պաշտոնական Երեւանի տեսակետը»

Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ էլ հետեւյալ կերպ մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը.

- Բնական է, որ ՀՀ-ն վարում է բանակցություններ, բայց միշտ էլ մատնանշվում է, որ Արցախը լիազորված է մասնակցել այդ բանակցություններին: Պարզապես Փաշինյանը վերահաստատել է պաշտոնական Երեւանի տեսակետը, կարծում եմ` սա է ամբողջ հարցը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА