ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ

13.06.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐԸ  ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ

Նախորդ տարի Նախիջեւանում Ադրբեջանի եւ Թուրքիայի զորքերը համատեղ մի քանի անգամ զորավարժություններ են անցկացրել, ինչը աննախադեպ էր պատմության մեջ, քանի որ նախկինում նման զորավարժություն այդ երկրներն անցկացրել են մեկ կամ երկու անգամ: Իսկ այսօր արդեն տեսնում ենք, որ Նախիջեւանում ադրբեջանական կողմը բավականին բարելավել է դիրքերը եւ դրանք առաջ բերել: Անդրադառնալով այս թեմային` «Իրավունքը» հայաստանյան վերլուծաբաններից փորձեց պարզել, արդյոք Նախիջեւանում Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է պատերազմի, եւ, ի վերջո, ուր կտանեն Ադրբեջանի այս գործողությունները:

ԸՕ-ի փոփոխության շուրջ ի՞նչ են պայմանավորվել խորհրդարանական ուժերը

Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշեց, որ չպետք է հերքել այն իրականությունը, որ Նախիջեւանում ադրբեջանական կողմն ակտիվացել է եւ սահմանագծում կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ. «Գուցե սրանք դիրքերի առաջ բերում չէ, այլ նոր կրակակետեր են բացել: Ամեն դեպքում, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը Նախիջեւանի ուղղությամբ ամրապնդում է իր դիրքերը եւ փորձում է որոշակի գործողություններ կատարել, որպեսզի լայնամասշտաբ պատերազմի դեպքում օգտագործի իր այդ դիրքերը: Իհարկե, պատահականություն չեմ համարում, որ այս ամենը տեղի է ունենում հենց այս շրջանում, քանի որ անպայմանորեն հաշվարկել են հայ հասարակության տրամադրվածությունը, զբաղվածությունը: Կարելի է ասել, որ Նախիջեւանում քողարկված որոշակի գործողություններ են կատարել, որոնք իրականացրել են հենց ապրիլի վերջերից սկսած, որի արտացոլանքը տեսնում ենք այսօր: Կարծում եմ` վերջին շրջանում Ադրբեջանը նաեւ ելնելով բանակցային գործընթացի անհաջողություններից, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներից, իրոք պատրաստվում է մեծ պատերազմի, որն այդքան էլ հեռու չէ: Եթե դիտարկենք Ադրբեջանի մյուս քայլերը, որոնք կատարվում են քաղաքական եւ ռազմաքաղաքական հարթակում, վկայում են, որ Ադրբեջանում ձեռքերը ծալած չեն նստել եւ այդքան էլ չեն հավատում, որ Արցախի հարցը կլուծվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանը ռազմական ճնշումների միջոցով փորձում է Արցախի հարցը լուծել, վերջին շրջանում զենքերի ձեռքբերումը, չնայած այն հանգամանքին, որ այս շրջանում այդ երկիրն ունի լուրջ ֆինանսատնտեսական խնդիրներ, նույնպես խոսում է այդ մասին: Արցախի հատվածում ադրբեջանական կողմից նույնպես տեսնում ենք, որ ակտիվություն է նկատվում եւ, ապրիլյան պատերազմից հետո զորքերի ակտիվ տեղաշարժ հենց այս փուլում է նկատվում: Մենք մտահոգվելու լուրջ խնդիրներ ունենք, այս հարցի մասին պետք է հաճախ խոսել եւ իրազեկել միջազգային եւ հայ հանրությանը եւ ճնշումների միջոցով Ադրբեջանի բոլոր նկրտումները ջուրը լցնել եւ թույլ չտալ, որ նա հասնի իր նպատակին»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքով` Նախիջեւանի դիրքերում ոչինչ էլ չի կատարվում. «Ես ապրում եմ հենց այդ սահմանում եւ 90-ականներին, երբ թշնամին կրակում էր, արկերը հասնում էին մինչեւ մեր բակ: Այդ սահմանը գիտեմ հինգ մատիս նման, որովհետեւ Երասխի ինքնապաշտպանության ժամանակ մասնակցել եմ մարտերին: Փառք ու պատիվ մեր տղաներին, սպարապետ Վազգեն Սարգսյանին, որոնք 1992 թվականին կարողացան Նախիջեւանի ուղղությամբ վերցնել այնպիսի դիրքեր, որի շնորհիվ այս ուղղության վրա Ադրբեջանն առավելության հասնելու որեւէ հնարավորություն չունի: Վստահեցնում եմ, որ հեկտարներ գրավելու մասին խոսակցությունները բոլորովին սուտ է: Վերջին շրջանում այդ դիրքերում ես եղել եմ, նրանք որոշակի տեղերում հենակետեր են տեղադրել, որոնք մերոնց աչքի առաջ է: Նախիջեւանի մասով լուրջ պայքար կա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, քանի որ Ադրբեջանը մտավախություն ունի, որ Թուրքիան այն կխլի իրենից, իսկ Թուրքիան համարում է, որ այն իր տարածքն է: Նախիջեւանի մասով կա ՀԱՊԿ պայմանագիր, եւ չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան խելագար լինի, կամ Ռուսաստանը այն աստիճանի գնա գործարքի, որ այդ տարածքում թույլ տա ռազմական լայնածավալ գործողություններ: Չեմ բացառում, որ դիպուկահարով կրակոցներ լինեն»:

«Հնարավոր է ինչ-որ երկակի ստանդարտներ կիրառվեն»

Քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆՆ ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Ադրբեջանն օգտագործեց եւ Նախիջեւանում բարելավեց իր դիրքերը. «Սա, բնականաբար, մտահոգիչ է, մենք պետք է այստեղից լուրջ հետեւություններ անենք, կարծում եմ` ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Նախիջեւանի կողմից վտանգը չեզոքացնենք: Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ Ալիեւն առիթը բաց չի թողնում իր հասարակության մոտ փիառով զբաղվել եւ ցույց տալ, թե ինչ հաջողությունների է հասել: Այստեղ հակառակորդին ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել է պետք»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА