ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.06.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ մեր երկրում կամա թե ակամա, զարմանալիորեն խրախուսվում է դասալքությունն ու երդմնազանցությունը: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` խաղաղապահ բրիգադի այն հրամանատարը, որը Վիգեն Սարգսյանին զորացրվելու զեկուցագիր էր ներկայացրել այն բանից հետո, որ իր ենթակա զինծառայողները, դրժելով զինվորական երդումը, լքել էին զորամասը եւ միացել ցուցարարներին: ՀՅԴ ԳՄ անդամ, Շուշիի ազատագրման մասնակից Արթուր Եղիազարյանը համարում է, որ դա. «Օրենքի ու կանոնակարգի կոպիտ խախտում էր: Չհաշված` իրենց պարտականությունների` գոյություն չունեցող կամ ցածր գիտակցումը: Իսկ վերջին հանգամանքը` հենց հրամանատարական կազմի լիարժեք մեղավորությունն է: Անձի որակների մասին բան չեմ ասում, քանի որ չեմ ճանաչում: Ասածս բացառապես ծառայության որակի հետ է կապված: Հուսամ, որ իր նոր ենթակայությամբ գործող ԱԱԾ Սահմանապահական զորքերից էլ դասալքում չի լինի` իր հետեւանքներով... Վատ նախադեպ է: Իրոք` վատ: Կարսի անկումը վկա...»: Ինչեւէ, ամբողջովին կիսում ենք ազատամարտիկի կարծիքը:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերին հետաքրքրում է , թե ինչու նոր կառավարությունում այդքան շատ են բանակում չծառայած անձինք եւ ինչ պատճառով չեն ծառայել: Եվ ահա Սփյուռքի պատանի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ բարձրաձայնեց. «Ես բանակում չեմ ծառայել առողջական խնդիրների պատճառով, եթե կուզեք, կարող եմ մանրամասնել: Դեռեւս 18 տարեկանից ազատված եմ, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան, կպահանջեն, ես կարող եմ հրապարակել, այս իմաստով եւս թափանցիկ եմ»: Զարմանալի է, եթե առողջական պատճառով չի ծառայել, արդյո՞ք այդ առողջական պատճառը թույլ է տալիս բարձր պաշտոն զբաղեցնել: Թե` եթե նշանակողը Նիկոլ Փաշինյանն է, ապա կարելի է նաեւ հիվանդների կառավարություն ունենալ:

Իսկ բանակին աջակցելու եւ քաղաքացիներին սեփական օրինակով հայրենասիրության դասեր տալու համար շատ բան արած ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ ահազանգում է, որ Արցախում մեր անվտանգությանը սպառնացող գործընթացներ են գնում. «Հիմա որ չասեն, թե խուճապ ես տարածում` հեղափոխությանը վարկաբեկելու համար, որ չասեն, թե Սերժական հակահեղափոխական, մենշեւիկ եմ, չասե՞մ որ սահմանին շատ լարված է, որ կան կուտակումներ, որ ադրբեջանական բոլոր հատուկջոկատայինները հանվել են առաջին գիծ, այդ թվում իրենց, այսպես կոչված, «ծովային հետեւակը»: Եվս մեկ անգամ զգուշացնում եմ Արցախում կոնկրետ ուժեր անում են ամեն ինչ` զիջումների դեմ արտահայտվողներին հեռացնելու ուղղությամբ»: Զաքարյանի տագնապն իզուր չէ, քանզի այսօր` հունիսի 13-ին (երեւում է, չգիտես ինչու, բոլոր  տեսակի հեղափոխականներին սկսել է դուր գալ 13 թիվը), պատրաստվում են նորից դուրս գալ հրապարակ` քննարկելու, թե Արցախի իշխանություններն ինչպես են կատարում իրենց պահանջները: Թե ովքեր են` ազգանուններ չտանք, արցախցիները լավ են ճանաչում գենախեղվածների արտաքինով այդ կերպարներին...

ԶԱՐՄԱՆՔ

Երբ նոր հայտնի դարձավ, որ Դատական ակտերի հարկադիր ծառայության պետ է նշանակվել ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ, շատերը սկսեցին մտածել` որ Հակոբ Հակոբյանի մասին է խոսքը, ու հնչում էր նաեւ Ճոյտի անունը: Բայց պարզվեց ոչ պակաս զարմանալի հանգամանք` որ նա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի եղբայրն է, ով նախարար է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով: Դե ինչ, դա զարմանալիորեն փաստում է, որ Նոր Հայաստանում նույնպես ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА