ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՈՌԱՑԵՔ

13.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՈՌԱՑԵՔ

ԱԺ հերթական քառօրյայի բացումը իր հետ բերեց առաջին հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Իսկ լիազորությունները վայր դրեց, նաեւ դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից սոցապնախարար Մանե Թանդիլյանը: Պատճառը` պարտադիր կուտակայինի հարցը, որի կիրառումն անհապաղ ապահովելու նպատակով Նիկոլ  Փաշինյանը նաեւ հեղափոխական հարկադրանքի միջոցներ կիրառեց դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:

ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞ՏՆ Է ԱՍՈՒՄ` «ՆԱՌԱ, ԴՈՒ ՍՈՒՍ»

 

ՊԱՌԱԿՏՈՒՄ ԵՎ ԳԶՎՌՏՈՑ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՄՈՒՄ

Պատկերավոր ասած, երեւի թե, Արծվիկ անունը ավելի կսազեր տիկին Թանդիլյանին, քան վարչապետական թուքումուրը սուսուփուս կուլ տված դաշնակցական նախարարին, սակայն Մանե Թանդիլյանի հրաժարականը ի ցույց է հանում այն, որ համերաշխություն չկա ոչ միայն «Ելքի», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «քաղհասարակության» միջեւ, այլեւ հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական հենարան` «Ելք» դաշինքում: Եվ, ի դեպ, պատահական չէ, որ «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն ուղղակիորեն զգուշացնում էր, որ «Ելքի» կուսակցությունները առանձին-առանձին դատապարտված են պարտության ապագա խորհրդարանական ընտրություններում: Ի դեպ, կիրակի 18 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները արձանագրեցին, որ «ընտրությունները կեղծող» «հանցավոր ռեժիմի» բացակայության պայմաններում ՔՊ կուսակցությունն ունեցավ զրո գյուղապետ, եւ ամբողջ մրցակցությունը ծավալվել էր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Փաշինյանական թիմի վրա անսպասելիորեն հարձակվեց նաեւ «քաղհասարակության» կարկառուն դեմք Դանիել Իոաննիսյանը, ով մատնանշելով, որ Գիտության պետական կոմիտեի նորանշանակ ղեկավար Սամվել Հարությունյանը նախագահ Արմեն Սարգսյանի ընկերն է, հրապարակավ ամոթանք տվեց նախարար Արայիկ Հարությունյանին. «Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է... Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում: Եվ Արայիկ Հարությունյանը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանն անձամբ իրենից կաշառք ուզել»:

Արծվիկ Մինասյանին հեղափոխական հարկադրանքի միջոցով պարտադիր կուտակայինին կողմ քվեարկելու պարտադրանքն էլ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսպես արձագանքեց. «Ես այդ գաղափարախոսությունը կտրականապես մերժում եմ. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է», սա էլ հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը»: Սակայն ամենադաժան հարվածները Փաշինյանի թիմը ստացավ Ծառուկյան դաշինքից: Սկսվեց Նաիրա Զոհրաբյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արված ակնարկից, որ «բացի դուխից, նաեւ խելք է պետք», իսկ շարունակությունը եղավ ԱԺ-ում, երբ հայտնի դարձավ, որ նախորդ կառավարությունից ժառանգություն է մնացել մի նախագիծ, համաձայն որի` խիստ վերահսկողություն է սահմանվում բարեգործություն կոչեցյալի նկատմամբ: Հասկանալի է, որ Փաշինյանի թիմին «հանցավոր ռեժիմի» այդ ժառանգությունը ձեռնտու է, քանզի մեխանիզմ է տալիս, թե ինչպես չեզոքացնել բարեգործության անվան տակ ընտրակաշառքները, դրանով իսկ թույլ տալով զսպել ԲՀԿ-ի` մեծամասնություն վերցնելու ախորժակները: Հայտարարությունների ժամին Ծառուկյան դաշինքը կառավարությանը «դասեր» էր տալիս, թե ինչ է բարեգործությունը, իսկ Նաիրա Զոհրաբյանը սպառնաց. «Եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը եւ բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն»:

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ»

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀԿ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» ՍՊԱՌՈՂ

Մենք արդեն առիթ ունեցել ենք մատնանշելու, որ նոր կառավարությունը դրսեւորում է օրինաստեղծ գրեթե զրոյական ակտիվություն եւ խորհրդարան է ուղարկում այն նախագծերը, որոնք մշակվել են նախորդ կառավարության կողմից: Իսկ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ղեկավար Հայկ Մամիջանյանը մատնանշում է, որ ՀՀԿ հեղինակած բոլոր մեծածավալ ծրագրերը, որոնք մինչ «հեղափոխությունը» Փաշինյանի թիմի կողմից ենթարկվում էին ուժգին քննադատության, այժմ Փաշինյանի կառավարությունը լծվել է դրանց պաշտպանությանը: Մասնավորապես, նա մատնանշել է Վիգեն Սարգսյանի առաջ քաշած բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի եւ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցերը: Դե, եթե ոչ մի իրական նորարարություն Փաշինյանի կառավարությունը չի իրականացնում, բացի «Արի տուն» ծրագիրը ՀԱԿմեջ անելուց եւ արտաքին քաղաքականությունն ու պաշտպանունակությունը թուլացնող  կոպիտ սխալներից, որոնց մի կերպ շտկելու բեռը մնում է արտաքին եւ ռազմական գերատեսչությունների «վզին», ապա հարց է ծագում` էլ հանուն ինչի՞ էր այդ հեղափոխությունը, որի պատճառով նաեւ մեկ ամսով փաստացի կանգ էր առել երկրի տնտեսական կյանքը: Եվ ի՞նչ է անելու Փաշինյանը, երբ ՀՀԿ-ից ժառանգություն մնացածը ամբողջովին սպառվի: Եվ դա այն պայմաններում, երբ առկա են բարդ արտաքին, այդ թվում եւ ռազմական մարտահրավերներ, իսկ Ծառուկյանի թիմը ատամները սրած սպասում է այն պահին, երբ կկարողանա հոշոտել Փաշինյանի թիմին: Այսինքն` ո՛չ սեր եւ համերաշխություն ստացվեց, ո՛չ մենաշնորհները վերացվեցին (թեեւ դա խոստացվել էր անել մեկ օրում), ո՛չ գողացածը հետ բերվեց, եւ այդքան գովաբանված ԱԱԾ-ական օպերացիան ոչ ոքի չուղարկեց բանտախուց... Միայն «Սասնա ծռերի» անկառավարելի զինյալներին բանտերից հանեցին, գումարած դրան էլ` ուժեղացրին  ԲՀԿ-ին: Դժվար թե, դա էր եղել Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիների երազանքը:

Ուրեմն ինչ, էլի՞ նեղն ընկած Նիկոլի ամբողջ հույսը մնաց ՀՀԿ-ի վրա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА