ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գուցե, նոր իշխանություններն ի վիճակի չեն հասկանալ Նախիջեւանից սպառնացող վտանգը»

12.06.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գուցե, նոր իշխանություններն ի վիճակի չեն հասկանալ Նախիջեւանից սպառնացող վտանգը»

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ 11 հազար հեկտար առաջ են եկել Նախիջեւանի կողմից: Հայկական կողմն էլ չի հերքում` միայն ճշգրտելով, որ խոսքը ոչ թե հեկտարների, այլ որոշակի դիրքերի տեղաշարժման մասին է: Եվ եթե նախկինում Ն. Փաշինյանն ու այլ ընդդիմադիրներ խոսում էին նախկին իշխանությունների պատճառով 800 հեկտար հանձնելու մասին, հիմա տարօրինակ լռություն են պահպանում: Ավելին` այն փորձում են «կոմպենսացնել»` հանրությանը ներկայացնելով նախիջեւանյան կողմից հայկական բարելավված դիրքերը ցուցադրելով, որն, ի դեպ, ամենեւին էլ նոր իշխանության ձեռքբերումը չէ, այլ եղել է շատ ավելի վաղ: Ինչեւէ, հակառակորդի կողմից նախիջեւանյան տեղաշարժի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցեց 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ: Ըստ նրա` այն, ինչ տեղի է ունենում այսօր Նախիջեւանում, հակառակորդի` շատ վաղուց մտածած գաղափարն է:

«Դուք ճիշտ եք, ես սխալվեցի». Նիկոլ Փաշինյան

«ՍԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ Է»

- Ադրբեջանն ուզում էր գրավել Արցախը, Զանգեզուրը եւ Նախիջեւանից հարձակվել Երեւանի վրա: Եվ հիմա նրանք կոնկրետ աշխատանք են տանում այս ուղղությամբ:  Ի դեպ, ասեմ, որ Նախիջեւանում մնացել է հին սովետական դիվիզիան, որը նախկինում նախատեսված էր Իրան-Թուրքիա սահմանի պաշտպանության համար: Բայց երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, այդ դիվիզան վերածվեց մարտական դիվիզիայի, եւ այնտեղ գործում է թուրքական բանակը, ու առհասարակ այնտեղ ամեն ինչ թուրքական է: Նախիջեւանի ուղղությամբ բոլոր բարձունքները մերն է եղել, բայց հիմա նրանք ինչ-որ կերպ վերցրել են իրենց վերահսկողության տակ որոշ բարձունքներ եւ այնտեղից սպառնում են Հայաստանին: Գիտեք, սա վտանգավոր երեւույթ է, մենք 90-ական թվականներին` Արցախյան պատերազմի ժամանակ, այդ բարձունքները պահել ենք մեր ձեռքում եւ թույլ չենք տվել հակառակորդին, որ նա ինչ-որ քայլեր անի մեր դեմ: Իսկ հիմա ինչ-որ կերպ առաջ շարժվելով` անընդհատ նրանք մեզ սպառնալու են: Հիշեք, որ Ալիեւը հայտարարում էր, թե Երեւանը իբրեւ իրենց քաղաքն է, իսկ դրան մեր Անվտանգության խորհուրդը ոչ մի ուշադրություն չդարձրեց, նույնիսկ ՀԱՊԿ  ներկայացուցիչներն այդ ագրեսորին չարձագանքեցին: Իհարկե, այն, որ Նախիջեւանից կարող են այսօր հարձակվել Երեւանի կամ ընդհանրապես Հայաստանի վրա, քիչ հնարավոր է, բայց այդ ագրեսոր Ալիեւը կարող է այնքան անխոհեմ լինել, որ քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ, հետո ներողություն խնդրի, թե սխալվել եմ, որովհետեւ Հայաստանն անկախ հանրապետություն է եւ ՀԱՊԿ անդամ: Իսկ յուրաքանչյուր հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակվել Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի վրա:

«ԱԼԻԵՎԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՈՒՄ»

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ հենց այսօր Ադրբեջանը որոշեց որոշակի ակտիվություն դրսեւորել Նախիջեւանի կողմից:

– Որովհետեւ Ալիեւի անընդհատ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մերն է, հայերը զավթել են մեր հողերը, եւ նրանց ամբողջ լոբբիստական աշխատանքը մնաց անպատասխան եւ անարձագանք: Բոլորին թվում էր, թե սա ծիծաղելի է, իսկ Ալիեւը, տեսնելով, որ բոլորը լռում են, ինքը վերահաստատում է իր գործողությունները եւ կամաց-կամաց կյանքի է կոչում այն, ինչ ասել է: Ինչո՞ւ այսօր, դժվար է ասել, գուցե Հայաստանում նոր իշխանություն է եկել, եւ այն ի վիճակի չէ հասկանալ իրավիճակը, թե ինչ է եղել եւ ինչպես պատասխանել: Դժվար է այս ամենը գուշակել, բայց, համենայնդեպս, Սերժ Սարգսյանը քաջատեղյակ էր այս ամենից եւ նման դեպքում միանգամից ՀԱՊԿ-ում եւ այլուր հարցը կբարձրացներ: Իսկ նոր իշխանությունները գուցե հիմա դեռ չեն հասկացել ինչն է խնդիրը եւ ինչպես պետք է պայքարել այդ ագրեսորի դեմ: Սա շատ տհաճ երեւույթ է: Պետք է չմոռանանք, որ Նախիջեւանը մեր տարածքն է, եւ պետք է հարցը դնենք Ռուսաստանի առաջ, որպեսզի չեղարկվի 1921 թվականի մարտի 16-ի Մոսկովյան պայմանագիրը, որով Խորհրդային Հայաստանից Նախիջեւանը վերցրին եւ տվեցին Ադրբեջանին: Երբ այս հարցերը բարձրացնենք Ռուսաստանի առաջ, այդ ժամանակ կլինի խաղաղություն եւ հանգստություն:

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄԵՐՈՆՑ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄՈՏԵՆԱԼ ԻՐԵՆՑ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻՆ»

– Ի դեպ, այս ֆոնին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին: Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ, մերոնք էլ բավարարել են խնդրանքը` որպես մարդասիրական քայլ, ինչին ի պատասխան էլ` հերթական զոհն ունեցանք սահմանում հենց այդ օրը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա նորմալ երեւույթ է, շատ լավ է, իսկ ինչո՞ւ թույլ չտային մոտենալ իրենց գերեզմաններին: Ճիշտ են արել, բայց պետք է չմոռանանք, որ պարոն Ալիեւը վերջերս հայտարարեց, թե հայերը ավերել են իրենց գերեզմանները, մինչդեռ իրենք մեր եկեղեցիներն են ավերել, իսկ սրա մասին ոչ ոք չի խոսում: Ոչինչ, այս երեւույթը վատ չէ, բայց պետք է դիմել, որ իրենք էլ մերոնց թույլ տան մոտենալ մեր գերեզմաններին ու եկեղեցիներին, չնայած նրանք ամեն ինչ ոչնչացրել են:

«ԹՈՂ ՄՏԱԾԵՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

– Անդրադառնանք նաեւ Արցախյան հիմնախնդրին. Նիկոլ Փաշինյանն ասում է, որ լիազորված չէ Արցախի փոխարեն բանակցել: Ադրբեջանն էլ պատրաստ չէ Արցախի հետ նստել բանակցությունների սեղանին: Կարելի՞ է ասել, որ փաստացի միակ այլընտրանքը մնում է պատերազմը:

– Խնդիրն այն է, որ մինչեւ Ռոբերտ Քոչարյանը բանակցային կողմ էր նաեւ Արցախը, բայց ինչ-որ կերպ Քոչարյանը կոպիտ սխալ թույլ տվեց եւ Արցախին հանեց բանակցություններից: Իսկ հիմա նոր վարչապետն ասում է` ո՞ւմ հետ կռվել, Արցախի՞, դե Արցախի հետ էլ բանակցեք: Այս հարցում առաջին սխալը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը թույլ տվեց, որ Սահմանադրությամբ չամրագրեց, որ Արցախը Հայաստանի մասն է եւ վերջ: ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին ինչքան ենք հարցրել, թե ինչու է բանակցություններ տանում մադրիդյան սկզբունքներով, որտեղ նշված է, թե որ տարածքները պետք է հանձնել հակառակորդին: Սրա շուրջ բանակցելը սխալ է: Պատերազմի ժամանակ, երբ տարածքներ է ազատագրվում ագրեսորից, այդ տարածքները մնում են հաղթող կողմին: Սա է պատերազմի օրենքը, վառ օրինակ ձեզ Կալինինգրադը: Մինչդեռ Արցախից մաս-մաս այնքան հող հետ տվեցին Ադրբեջանին, որ մի փոքր հատված է մնացել: Հողեր հանձնելու փոխարեն, թող մտածեն Մարտակերտի, Մարտունիի մյուս մասը եւ Շահումյանը վերադարձնելու մասին: Ինչո՞ւ մերոնք հարց չեն բարձրացնում այս տարածքները վերադարձնելու մասին:

Էվերեստն ու Արարատը նվաճած հայ լեռնագնացը Մարսելից վազքով հասել է Հայաստան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА