ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.06.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ փողոցային մեթոդներով ընթանում է, մեղմ ասած, զարմանալի շարժում, որի նպատակն է պարտադրել կաթողիկոս Գարեգին Բ-ին հրաժարական տալ, զարմանքով համացանցում հայտնաբերեցինք ահա այսպիսի էջ. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Մեծ եւ Փոքր Հայքի Արմէն Ա»: Ոչ ավել-ոչ պակաս, էջն ունի շուրջ վեց հազար հավանող, եւ լույս աշխարհ է եկել 2016-ի ամռանը: Իսկ հիմա մի քանի խոսք այդ ինքնակոչ «կաթողիկոսի» մասին` դա ԱՄՆ փախած «վտարանդի», կամ ավելի ճիշտ, վտարանտեր գրող ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ է, ով հանդես է գալիս «Շուն Շանորդի» գրական ծածկանունով եւ լույս աշխարհ էր ընծայել հայոց բարքերը ծաղրող «Ճանապարհ դեպի կուսաստան» անունով մի գիրք` առավելապես հայհոյախառը բառապաշարով: Նա հայտնի է նաեւ նրանով, որ 2015-ին` հենց Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «վիրավորված» լինելով, որ հայությունն իրեն չի գնահատում, հրապարակավ հայտարարել էր, որ հրաժարվում է հայ լինելուց: Հետաքրքիր է, մեր երկրի դեռեւս պահպանված գժանոցներում քանի՞ այդպիսի «կաթողիկոս» կա: Դե, եթե հանկարծ այդտեղ ինտերնետ քաշեն, ապա հաստատ կհայտնվեն մի քանիսը, միգուցե, նույնիսկ այս մեկից ավելի մեծ լսարանով:

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, ով էր իրականացրել «թավշյա հեղափոխությունը»` Նիկոլ Փաշինյա՞նը, ազատ եւ հպարտ քաղաքացինե՞րը... Ամենեւին, համացանցում ի հայտ եկավ մոգական ճանապարհով հեղափոխությունը իրականացրած էզոթերիկ ԼԵՎՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Նա պնդում է, որ առանց իր եւ այլ ոլորտի ուժերի միջամտության, հեղափոխություն չէր ստացվի, եւ ի «հիմնավորում»` նաեւ այսպիսի զարմանալի պնդումներ է անում. «Ես հանդիսանում եմ էզոթերիկ գիտության տեսաբան եւ գործնական կիրառող: Զբաղվում եմ այդ գիտությամբ արդեն 30 տարի: Ասեմ, որ նման մարդն իր շրջապատում կարող է ստեղծել կամ ստանալ զարմանալի, բացառիկ եւ ապշեցուցիչ արդյունքներ: Օրինակ` սկզբում ես տարիներով զբաղվել եմ եղանակի կարգավորման հարցերով: Այո, ես կարողանում եմ կարգավորել նաեւ եղանակը: Օրինակ` 11 տարի կանխել եմ կարկտահարությունն աշխարհի ամենակարկտահար տարածքում` Բյուրականում: Անցած տարվա տաք ձմեռը նույնպես իմ աշխատանքի արդյունքն է: Մի քանի տարի` 1996թ., 1998թ., 2000թ., 2009թ. 2017 թվականներին կազմակերպել եմ «Տաք ձմեռ» նախաձեռնությունը: Տեսնելով, որ հաջողությամբ եմ լուծում իմ առաջ դրված խնդիրները, որոշեցի մտնել նաեւ քաղաքականության ասպարեզ` տեսնելով երկրիս վիճակը եւ ռեժիմի ակնհայտ դավաճանական պահվածքը»:

Մեզ զարմացրեց նաեւ, թե ինչ դաժան բան է յուրայինների համար ընկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դրբի տակ»: Այսպես, կառավարության վերջին նիստին պետք է քննարկվեր ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու հարցը: Բայց նա դահլիճում չէր, եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Էլոյանը ժամանում է Միացյալ Նահանգներից, դեռ ինքնաթիռում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, հարցը հանվեց քննարկումից: «Որովհետեւ այդպես չի կարելի»,- ասաց վարչապետը: Ահա այսպիսի զարմանալի ձեւով մարդու մուրազը փորում մնաց:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА