ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈ՞Ց

12.06.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈ՞Ց

Այսօր ԱԺ հերթական քառօրյան է մեկնարկում, եւ զննելով օրակարգը, տեսնում ես, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծերը, չնչին բացառությամբ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության նախապատրաստած, այլ «հանցավոր ռեժիմից» ժառանգություն մնացած նախագծերն են: Այսինքն` Նոր Հայաստանի նոր կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունների թղթապանակ էլ չունի` որպես այդպիսին:

ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞ՏՆ Է ԱՍՈՒՄ` «ՆԱՌԱ, ԴՈՒ ՍՈՒՍ»

 

ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՂ ԹԻ՞Մ

ՏԻՄ ընտրությունները վարդագույն  պատկեր ցույց չեն տալիս Նիկոլ Փաշինյանի թիմի համար: Անցած կիրակի 18 տարբեր համայնքներում տեղի ունեցան ընտրություններ, ուր որպես թեկնածու հանդես էին գալիս հիմնականում ինքնառաջադրվածները, իսկ կուսակցական առաջադրումներ արել էին միայն ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն: Առաջադրումներում ե՛ւ «Ելք» դաշինքի կուսակցությունները, ե՛ւ ՀՅԴ-ն, որպես դասակարգ, ներկայացված չեն: Ու նման է, որ ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի թիմը լրիվ աչքաթող է արել, եւ, ըստ էության, այդտեղ ընթանում է պայքար ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Հանրապետականները ձգտում են պահպանել նախկինում եղած դիրքերը, քանզի հենց տեղական մարմիններն են ցանկացած կուսակցության ռեալ հենարանը, ԲՀԿ-ն էլ նույն նկատառումներով ձգտում է իր համար նոր դիրքեր նվաճել: Ինչ վերաբերում է դիրքերի պահպանմանը այն համայնքներում, ուր դեռեւս ընտրություններ չկան, ապա մայրաքաղաքում փողոցի ճնշման միջոցով քաղաքապետ փոխելու փորձից բան չստացվեց: Այժմ ինչ-որ թույլ փորձեր են արվում ֆինանսական մեծ խախտումներ թույլ տված «Յունիգրաֆի» բոլոր շներին «կախել» Տարոն Մարգարյանի վրա, բայց դա ավելի շուտ քարոզչական, քան` իրավական հարթությունում է: Մասիս քաղաքում էլ «մասկի-շոուներով», ձերբակալություններով եւ քրգործերով ՀՀԿ-ական քաղաքապետից ազատվել նույնպես չստացվեց: Բայց նման է, որ Փաշինյանին ավելի շուտ անհանգստացնում է ոչ այնքան ընդդիմադիր ՀՀԿ-ն, որքան իր իսկ դաշնակից ԲՀԿ-ն, որի հետ կառավարություն է կազմել: Պատահական չպետք է համարել, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ծառուկյան դաշինքի պատգամավորները ոչ քիչ թվով տհաճ հարցեր էին ուղղել վարչապետին, եւ, երեւի թե, Փաշինյանը պետք է շնորհակալ լինի, որ կա ՀՀԿ-ն, այլապես բավականին կարճ ժամանակում ԲՀԿ-ն «կուտեր» ե՛ւ վարչապետին, ե՛ւ վերջինիս թիմին: Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը չի էլ թաքցնում, որ հանկարծ եթե «Ելքը» տարանջատվի, ապա հետեւանքները շատ ծանր կլինեն. «Եթե միասին չգնանք, կարծում եմ` «Ելքի» ուժերից որեւէ մեկը հաղթելու շանսեր չունի»:

Այդ առումով, պատահական չպետք է համարել, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած մարզպետը հենց Գագիկ Ծառուկյանի «ոստայնում»` Կոտայքի մարզում, ակտիվ ջանքեր է գործադրում մարզը ԲՀԿ-աթափ անելու ուղղությամբ: Բնականաբար, դա չի կարող դուր գալ Փաշինյանի օլիգարխ գործընկեր պարոն Ծառուկյանին, ով, ունենալով մեկ փոխվարչապետ եւ չորս նախարար, ունենալով մարզպետներ, ունենալով վիթխարի ֆինանսական ռեսուրսներ եւ որոշ չափով ամրացնելով սեփական դիրքերը ՏԻՄ ընտրություններում, թերեւս այն կարծիքի է, որ ինչքան շուտ լինեն ԱԺ արտահերթ ընտրությունները, այնքան ավելի հաջողությամբ կարող է իրականացնել ԱԺ մեծամասնությունը վերցնելու իր ծրագիրը: Անշուշտ, Փաշինյանը որպես թավշյա հեղափոխության առաջնորդ, այժմ բավականին բարձր վարկանիշ ունի, սակայն աստիճանաբար բնակչության մոտ ավելի է ամրապնդում այն միտումը, որ առաջնորդի նկատմամբ սերը հացի վրա չես քսի: Գումարած դրան, կարծես թե, այնքան էլ լավ չի ստացվում Փաշինյանի կուսակցության կուսակցաշինության գործը` «ժողովրդի խորքից» շարքերը համալրելը այնքան էլ արագ չէ, իսկ նախարար Արայիկ Հարությունյանի ծրագիրը` կրթօջախները ՀՀԿ-աթափ անելու եւ ՔՊ-ի կուսակցական դարբնոցների վերածելու, գործնականում տապալվել է: Ի՞նչ է մնում Փաշինյանին, բացի որոշակի ուժային լծակներից` ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից: Դրան ավելացավ նաեւ ՀՔԾ-ն, քանզի Աղվան Հովսեփյանը որոշեց վաստակած հանգստի գնալ, սակայն դա սկզբունքորեն առանձնապես բան չի ավելացնում: Այստեղ հարկ է նշել «Սասնա ծռերի» գրոհայիններին պատգամավորական երաշխավորությամբ եւ գրավներով կալանքից ազատելու գործընթացը: Դրա առնչությամբ Ժիրայր Սէֆիլյանը հատուկ կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին, ուր անվերապահ զորակցություն հայտնելուց հետո առաջարկել է. «Ռեւանշիստների հույսերը մեկընդմիշտ պիտի վերանան, նրանք նույնիսկ երազում չպիտի տեսնեն, որ կարող են վերադառնալ: Այդ արգելքը մենք չենք դրել, մեր ժողովուրդն է դրել: Մենք տեր պիտի կանգնենք այս զարթոնքին: Եվ գաղափարական, քաղաքական տարաձայնություններ եթե լինում են, մասնավորապես նաեւ մարտավարական իմաստով, առաջիկա ամիսներին, ես կարծում եմ, որ բոլոր գիտակից ուժերը պիտի կարողանան մի կողմ դնել այդ տարաձայնությունները եւ վերջապես երկրի մաքրագործման աշխատանքը հիմնավոր իրականացնեն: Մենք շատ ենք կարեւորում գործընթացին վիրաբուժական մոտեցում ցուցաբերելը, որովհետեւ մեր դեմ կանգնած հրեշը, այո, այսօր տապալված է, բայց տակավին գերեզմանոցում չէ»:

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ»

Ի՞նչ է սա, եթե ոչ գործարքի առաջարկություն` «ազատություն հեղափոխական տեռորի դեմ» սխեմայով: Եվ այդ առաջարկությանը արձագանք եղավ: Սկզբում երաշխավորություն գրեց Ալեն Սիմոնյանը, այնուհետ` Ծառուկյան դաշինքի մի շարք պատգամավորներ:

 

«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հիմա հարց է ծագում` ինչո՞ւ Սէֆիլյանի հարցում ՔՊ-ին միացան ԲՀԿ-ականները: Դրա պատասխանը ստանալու համար, թերեւս, հարկ է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ դեմ Սէֆիլյանի միջոցով պետք է ուղղի «ռեւանշիզմ խեղդելու» գործողությունները: Արդյո՞ք ՀՀԿ-ի դեմ... Բայց ՀՀԿ-ն ձերբազատվում է այն տարրերից, որն ընդունված է կոչել «օլիգարխիկ կրիմինալ» եւ որպես ընդդիմություն զբաղվում է ոչ թե սաբոտաժով, այլ շատ կոնկրետ քննադատությամբ: Եվ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի դեմ ագրեսիա ավելի շատ դրսեւորեցին Ծառուկյան դաշինքի պատգամավորները, քան` «Ելքը»: Որոշ դիտորդներ այն տպավորությունն ունեն, որ Սէֆիլյանի գրոհայինները վարչապետին պետք են որպես ԲՀԿ-ն չեզոքացնող լրացուցիչ ուժային ոչ պաշտոնական գործոն: Այդ դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու Ծառուկյան դաշինքի մի շարք պատգամավորներ շտապեցին երաշխավորություն գրել Սէֆիլյանի համար: Այն է, անձամբ իրենք դրանով ապահովագրվում են, գումարած դրան, միգուցե, նաեւ որոշակի հույսեր ունեն սէֆիլյանականներին ուղղել ՀՀԿ-ի դեմ: Իհարկե, զրոյից տարբերվող հավանականություն կա, որ «ծռականների» պես անկառավարելի տարրերը կարող են դուրս գալ եւ Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց ո՞ւմ նկատի ունի որպես «ռեւանշիստ» Ժիրայր Սէֆիլյանը: Համ էլ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսակետից այդ գրոհայինները առավել անհամատեղելի են ԲՀԿ-ի, քան` ՀՀԿ-ի հետ...

Որ Նիկոլ Փաշինյանի «սերն ու հանդուրժողականությունը» իրենց մեջ պարունակում են նաեւ դիկտատորական հակումներ, դա երեւաց կառավարության վերջին նիստում: Նա դաժանաբար ճնշեց դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի թույլ փորձերը` մի փոքր այլ դիրքորոշում ունենալ կուտակային-կենսաթոշակային համակարգի հարցում: Նա չորեց Մինասյանին. «Ովքեր էս պատասխանատվությունը վերցնում են` մեզ հետ են, ովքեր էս պատասխանատվությունը չեն վերցնում` մեզ հետ չեն»: «Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների եւ պակաս սկզբունքայինների»,- ասում է վարչապետը` հավելելով. «Կիսադիրքորոշումներից արվելու են հետեւություններ»: Այսինքն` ամենաուղիղ իմաստով հնչում է որպես բոլշեւիկյան «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» բանաձեւ: Ու առաջինը թեեւ դա կոտրվեց ՀՅԴ-ի գլխին, սակայն նման է, որ դա արվել է «կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» սկզբունքով: Ու թերեւս այդ ուղերձի հիմնական հասցեատերը ԲՀԿ-ն է: Ի դեպ, բոլշեւիկյան որոշակի հուշեր է արթնացնում եւ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի առաջարկությունը, ով հորդորեց Երեւանում եւ այլ բնակավայրերում դատարկ բնակարաններ ունեցողներին, դրանք անհատույց մի քանի ամսով տրամադրել անապահովներին: Ինքը` տիկին Հակոբյանը, նաեւ հայտարարեց. «Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչեւ բնակարանն ազատելու` տանտիրոջ պահանջը»: Բայց արդյո՞ք կան երաշխիքներ, որ դա կլինի իրոք կամավոր, այլ ոչ թե կամավոր-պարտադիր, եւ ինչքանո՞վ կարելի է անվերապահ ընդունել անձնական երաշխավորությունը, որ տանտիրոջ առաջին իսկ պահանջով կհեռանան, այլ ոչ թե, ասենք, «սիրով եւ հանդուրժողականությամբ» կհեռացնեն տանտիրոջը: Ինչեւէ, այնուամենայնիվ, հուսանք, որ դա սոսկ պոպուլիզմ է, այլ ոչ թե բոլշեւիկյան մեթոդաբանության մի մաս: Բայց միեւնույնն է` բոլշեւիկյան մեթոդների գործիքակազմը, որպես այդպիսին, երեւում է: Կառավարությունում գործընկեր կուսակցություններին ուղղված` անվերապահ հնազանդության կոչ-պահանջը ինքնին պերճախոս է: Պերճախոս է նաեւ հակաօրինական բռնություններին ունակ լինելը ապացուցած «Սասնա ծռերի» գրոհայիններին, ում իրականում պետք է տեռորիստ կոչել, ազատություն շնորհելը` դա նույնպես բոլշեւիզմ է բուրում, առավել եւս, Սէֆիլյանի` ոչ մի լավ բան չխոստացող «հակառեւանշիստական» ֆոնի վրա: Ի դեպ, նկատվել է նաեւ վիրտուալ տարածքում ֆեյքերի «պատժիչ ջոկատների» մարտավարության փոփոխությունը: Ակնհայտ ընդդիմադիրներին, կարծես թե, նրանք հանգիստ են թողնում, սակայն կատաղորեն հոշոտում են «դաշնակից» ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր համարձակվում են մեծն առաջնորդ Նիկոլի անսխալականությունը կասկածի տակ դնել: Այնպես որ, դեռ կտեսնենք թեժ «մարտեր» հենց հեղափոխություն իրականացնածների միջավայրի ներսում:

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА