ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.06.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ճիշտն ասած, երբեք չէինք պատկերացնում, որ, մեղմ ասած, ապազգային տեսակետներ հայտնած ԱԽՔ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ կպաշտպանենք: Եվ ահա զարմանալիորեն այդ օրը եկավ: Բանն այն է, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նախագահների հանդիպման ժամանակ նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Միջազգային լարվածության օջախ է շարունակում մնալ նաեւ Մերձավոր Արեւելքը: Մասնավորապես, դա վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին: Այդ համատեքստում եւ այդ կապակցությամբ կցանկանայի եւս մեկ անգամ վերահաստատել մեր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության գործողություններին, որի հետեւողական ջանքերի շնորհիվ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին անդառնալի վնաս է հասցվել, եւ նրանք, ըստ էությանզրկված են իրենց կողմից վերահսկվող տարածքներից»: Բանն այն է, որ դրա կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է. «Որպես ինքնիշխան երկիր` Հայաստանն ազատ է իր իսկ քաղաքական դիրքորոշումների ու կարծիքների ձեւավորման մեջ: Մենք, թերեւս, չհամաձայնենք, որ Ռուսաստանը Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ Սիրիայի ճգնաժամը չունի ռազմական լուծում, եւ եռանդագին աշխատել ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ցավոք, Ասադի ռեժիմը` Ռուսաստանի եւ Իրանի օժանդակությամբ, շարունակում է ձգձգել հակամարտությունը»: Զարմանալի է, որ ԱՄՆ-ն կրկին իր քիթը խոթեց այնտեղ, ուր չեն խնդրում: Այո, ԱՄՆ-ն ինքնիշխան իրավունք ունի ցանկացած դիրքորոշում ունենալու, սակայն ՀՀ-ին «ղեկավար ցուցումներ» տալու իրավունք հաստատ չունի: Սակայն անդրադառնանք ոչ քաղաքական թեմաներին: Այսպես, վերջերս որպես երկաթուղու արհմիության նախագահ ներկայացող ԱՇՈՏ ԽԼՂԱԹՅԱՆԸ տարբեր ԶԼՄ-ներում վատ-վատ բաներ է հայտարարում ՀԿԵ-ի մասին: Դրա առնչությամբ երկաթուղու արհմիությունների նախագահ Ալբինա Մարտիրոսյանը մատնանշեց, որ կոպիտ խախտումներ անելուց հետո Խլղաթյանը հեռացվել է, իսկ այնուհետ. «Գործատուն 2016 թվականի փետրվարի 9-ին քաղաքացիական հայցով դիմեց դատարան` 46 միլիոն դրամի գումարի բռնագանձման պահանջով, քանի որ այդ գումարները յուրացնելու կասկածներ կային: 2016 թվականի մարտի 23-ին գործատուն նույն հայցով դիմել էր նաեւ դատախազություն, հարուցվել էր քրեական գործ, մինչեւ օրս քննությունը շարունակվում է: Առաջիկայում երկաթուղու արհմիությունը պատրաստվում է նյութեր ներկայացնել համապատասխան մարմիններին` տասնամյակներ շարունակ արհմիության հաշվեկշռում գտնվող Մշակույթի պալատի հսկայական շենքը այս անձնավորության կողմից անօրինական փաստաթղթերով օտարելու վերաբերյալ»: Դե ինչ, թերեւս պետք չէ զարմանալ` մարդը հիմա էլ իր արածը մարսելու համար փորձում է օգտվել հեղափոխական խառնաշփոթից: Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն մեր ոստիկանությունը որոնում է ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ: Ըստ համացանցում տարածված լրատվության` մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով, ով հայտնել է, որ  2016 թվականի ապրիլին ինքը 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1 կգ-ը 180 դրամով վաճառել է հարեւան մարզի բնակիչ` 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ եւ պայմանավորվել են, որ 3 ամսվա ընթացքում Խ. Աբովյանը պետք է գումարը վճարի, սակայն մինչեւ օրս գումարը խաբեությամբ չի վճարվել: Դե ինչ ասես, հուսանք, որ այդ գործում այլ «դասականներ» չենք հայտնաբերի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА