ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-Ն ՀՈ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ ՉԷ՞

08.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-Ն ՀՈ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ ՉԷ՞

Широко шагает «Новая Армения!»  Արդեն փողոցներում եւ հրապարակներում սկսել են որոշել նաեւ, թե ով պետք է լինի կաթողիկոսը: Իսկ կառավարական որոշ գրասենյակներում պարզապես, մեղմ ասած, անտեսում են քաղաքացիական ծառայության մասին օրենքը եւ օգնական ու խորհրդական նշանակում 30 տարին չլրացած եւ/կամ ոլորտի աշխատանքային համապատասխան ստաժ չունեցող անձանց: Բայց այդ ամենն ի՞նչ է` կարեւորը հեղափոխությունն է: Ինչպես նկատեց մեր շատ սիրելի վարչապետը. «Մեծ պատիվ է լինել ժողովրդի իշխանության կրողը, եւ որեւէ մեկը չկասկածի, որ մենք էդ պատիվը չենք արժեզրկի»:

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ»

 

ՌՈԲԵՍՊԻԵՐ, ՏՐՈՑԿԻ ԵՎ ԿԱՇՊԻՐՈՎՍԿԻ` ԳԱՆԴԻԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ

«Սիրո եւ համերաշխության» հեղափոխությունը, բնականաբար, հիշատակվում է եւ կառավարության ծրագրում: Զորօրինակ. «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը», եւ դրա առնչությամբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցադրեց. «Արդյո՞ք կարելի է համարել, որ այլեւս քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահովելու»: Ի դեպ, ծրագրում նաեւ հեղափոխական տուրիզմի մասին է խոսվում, ուստի Շարմազանովը արձանագրեց. «Փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ»:  Իսկ «հեղկոմական» տպավորությունը խորանում է, քանզի վարչապետը մտադիր է ԱԱԾ-ում ստեղծել ոչ ավել-ոչ պակաս ներդրումներ ապահովող բաժին: Թե չեկիստական մեթոդներով ինչպես պետք է ապահովվի ներդրումների ներգրավումը, կարելի է միայն կռահել, բայց բոլշեւիկյան նրբերանգներ արձանագրեց եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Ընդունված է վարչապետին համարել Գանդի, Մահաթմա Գանդի, բայց այսօր, պարոն վարչապետ, մի քիչ շեղվել էիք ձեր կերպարից` Գանդիի փաթեթավորումը կար, բայց Ռոբեսպիերի ու Տրոցկու ելեւէջներ էին ու Կաշպիրովսկու մոգականություն: Փորձեք կողմնորոշվել իմիջային տեսակետից, որովհետեւ դրանք իրար հակասում են այնուհանդերձ»:

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

 

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Խորհրդարանական ինստիտուցիոնալ ընդդիմության` ՀՀԿ-ի ներկայացուցիչների ելույթներում շեշտվում էր, որ ծրագրում չկան թվեր եւ ժամկետներ, սակայն փոխարենը լեփ-լեցուն են ածականները: Ի դեպ, ՀՀԿ-ի «ինստիտուցիոնալ ընդդիմություն» լինելը շեշտեց Արմեն Աշոտյանը, եւ, եթե տեսնենք, թե նույն ՀՀԿ խմբակցությունից ովքեր կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին` դա, այսպես ասած, օլիգարխիկ դեմքերն են, գումարած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Մի մասը իրենք շտապեցին այդպես իրենց դրսեւորել, մի մասն էլ այդպես քվեարկեց կուսակցության հանձնարարության` պակասող ձայնաքանակն ապահովելու համար. երեւի թե, խոսքն այն պատգամավորների մասին է, ովքեր, այսպես ասած, ափսոս չեն: Ինչ վերաբերում է թվերին, ապա, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի. «Այստեղ խոսում են թվերի մասին. հեղափոխությունից հետո մարդկանց դեմքին ժպիտ էր հայտնվել, սա ամենակարեւոր ցուցանիշն է: Դա տոկոսով չի չափվի, ու մեր կառավարության ընթացքում մարդիկ այդ ժպիտից չեն զրկվելու»: Այդ «երջանկություն» բառը ե՛ւ ծրագրի մեջ է օգտագործվում, ե՛ւ վարչապետի ելույթում քանիցս շեշտադրվեց: Ի դեպ, Բութան թագավորությունում կա երջանկության նախարարություն: Իսկ մեզանում ի՞նչ ակնկալել` երջանկության արտակարգ հանձնաժողո՞վ: Համենայնդեպս, կամա, թե ակամա հիշում ենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ «Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը մարիխուանայի օրինականացման ջատագով են, իսկ հարգարժան պարոն փոխվարչապետը խորհրդական է վերցրել «նարկոդիլերության» համար ժամանակին քրեական հետապնդման ենթարկված մարդու:

 

ԹԱՔՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ՈՎ Է ՏՆՓԵՍԱՆ»

Ծառուկյան խմբակցությունը թեեւ համերաշխորեն կողմ քվեարկեց կառավարության ծրագրին եւ ընդհանուր առմամբ, բավականին կրքոտ պաշտպանեց այդ ծրագիրը ելույթների ընթացքում, այնուամենայնիվ, վարչապետին հասցրել էր ուղղել, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի հարցեր: Ու այդ հարցերից եւ դրանց պատասխաններից «հարգելի ռադիոլսողներին» (ինչպես կասեր Արշակ Սադոյանը) պարզ է դառնում, որ իրենց ծոծրակները կտեսնեն, բայց թոշակի ու աշխատավարձի բարձրացում չեն տեսնի: Եվ ինչն է այդպիսի մոտեցման տրամաբանությունը: Այն է, որ այդ քաղաքական ուժին ձեռնտու է, որպեսզի արտահերթ ընտրությունները լինեն ինչքան շուտ, այնքան` լավ: Չէ՞ որ օժտված են ե՛ւ ֆինանսական ռեսուրսով, ե՛ւ մեկ փոխվարչապետական ու չորս նախարարական պորտֆելներով, եւ այլ ռեսուրսներով: Նրանց օբյեկտիվորեն ձեռնտու է, որպեսզի Փաշինյանի վարչակարգը չվայելի հանրության այդպիսի մեծ աջակցությունը, ու թերեւս դրանով է պայմանավորված, որ Փաշինյանին ոչ հաճելի հարցեր են տալիս, դե, իսկ ՀՀԿ-ին էլ վատաբանում են, ընդ որում` ավելի շատ, քան դա անում են նիկոլականները: Դրա պատասխանն էլ տվեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ դասական կոալիցիա չկա. «Ասում են` ծրագիրը պետք է լիներ երեք քաղաքական ուժերի ծրագրի հիման վրա. ես վարչապետ չեմ ընտրվել որպես «Ելք»-ի թեկնածու, ես ընտրվել եմ որպես ժողովրդի թեկնածու, հիմնական գործոնը ժողովրդի վստահությունն է: Այն պահին, երբ չունենանք ժողովրդի վստահությունը, 5 րոպե չենք մնա կառավարությունում: Ես ինքս չեմ մնա այդ պաշտոնում»: Ու նաեւ ավելի կոպիտ. «Ոչ մեկը թող չասի, թե լավություն է արել` ինձ վարչապետ ընտրելով կամ լավություն է անելու` կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որեւէ մեկի լավության կարիքը չունենք, ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք` դեմ քվեարկեք: Մենք ունենք ժողովրդի վստահությունը, ու դա կդառնա քաղաքական արդյունք, ուզեք, թե չուզեք»: Այսինքն` նույնիսկ «Ելքին» Նիկոլն ասում է, որ իրենց ոչնչով պարտական չէ, էլ ուր մնացին ԲՀԿ-ն ու, առավել եւս, ՀՅԴ-ն: Եվ Արմեն Աշոտյանի «տնփեսա կառավարությունում» բանաձեւը, որից ահավոր վրդովվեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, եւ որից հետո Ծառուկյան դաշինքի որոշ պատգամավորներ ագրեսիվորեն կռիվ էին փնտրում, հաստատ դաշնակներին էլ էր վերաբերում, անգամ ինչ-որ չափով` նույնիսկ «Ելքին»: Բայց քանզի ռեսուրսներով առավել օժտվածը ԲՀԿ-ն է, առաջին հերթին, թերեւս, հենց այդ քաղաքական ուժին էր ուղղված Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ բանաձեւը. «ՀՀ ժողովուրդը հաղթել է, եւ որեւէ մեկը չի կարող այդ հաղթանակը հետ վերցնել: Ես կոչ եմ անում ԱԺ պատգամավորներին, քաղաքական ուժերին միանալ այդ հաղթանակին, աջակցել այդ հաղթանակին, չնեղվել այդ հաղթանակից, որովհետեւ սա նաեւ ձեր ու ձեր երեխաների հաղթանակն է»:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

Դե, իսկ կոչին չհետեւողներին երեւի թե կդատի «Նոր Հայաստանի» դատական համակարգը: Սկզբում դա կլինի Ֆեյսբուքում, այնուհետ այդտեղ կայացրած դատավճիռը կնյութականացվի: Բոլորիս աչքի առաջ էր, չէ՞, որ հենց այդ ճանապարհով «Սասնա ծռերի» որոշ գրոհայիններ ազատություն ստացան` արդեն իրական դատական ակտով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА