ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.06.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր իշխանավորաընդդիմադիր ուժի` Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում կարծիք հայտնեց, որ ԱԱԾ-ի լավագույն օպերացիան կարող է տապալվել դատարաններում, քանի որ դատական համակարգը կոռումպացված է: Դա նա ասաց` դիմելով ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, վերջինս համաձայնեց պատգամավորի այդ ասածին եւ բողոքեց դատական համակարգի անկախությունից. «Պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծել, որ բոլորն օրենքի առջեւ հավասար լինեն: Դատական համակարգն այսօր, օրենսդրությունն այնպիսին է, որ գրեթե անկախ է, եւ մենք որեւէ միջամտության հնարավորություն չունենք` թե՛ նշանակումների, թե՛ ազատումների, թե՛ իրենց որոշումների կայացման հարցերում»: Այ, այստեղ ծագում է մի հռետորական հարցադրում` իսկ արդյո՞ք որեւէ «կոռումպացված դատավոր» կարող է ԱԱԾ աշխատանքը` լրտեսական ցանց կամ ահաբեկչական կազմակերպություն բացահայտելու գործում, լցնել ջուրը: Դե, եթե ԱԱԾ-ն զբաղվի շպիոնների փոխարեն «կասիրներ» բռնելով, կամ կատարի Փաշինյանի ռեժիմի քաղաքական ոստիկանության գործառույթ, ապա, իհարկե, իրենցից կախում չունեցող ցանկացած դատավոր աչքներին վատը կերեւա:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ահա մի հարց, որն ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության հետ` Ստեփանակերտում ցուցարարները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Դրա առնչությամբ ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ տվեց թեեւ կոշտ, բայց զարմանալիորեն դիպուկ գնահատական. «Այ իսկական եւ ամենաիրական հերոսների հրաժարականն եք պահանջում, մինչեւ հիմա լռել եմ, քանի որ իրավունք չունեի բարձրաձայնել իրական հերոսների անունները, հուսով, որ իմ վավերագրությունները հետագայում ցույց կտան` ովքեր են եղել մեր սահմանների, մեր երեխաների, մեր ազգի, մեր Հայրենիքի իրական պաշտպանները` բառի բուն իմաստով: Առիթ էր պետք, որպեսզի հայտնվեն «նոր հերոսներ», որոնցից շատերը սահմանին ամենամոտը համացանցով են գնացել: Վավերագրված ունեմ հարյուրավոր իսկական հերոսություններ` ձեր հրաժարական պահանջած սպաների անմիջական մասնակցության, մեր զինվորների մայրերը պետք է խոնարհվեն նման սպաների կատարած անձնազոհության դրսեւորումների համար, ինձ մի հավատացեք, հարցրեք այսօր սահմանին կանգնած բոլոր դիրքապահներին, ովքեր չունեն աթոռատենչ շեղվածություն: Այսօր հերոսներ են «Կարգին հաղորդման» մեջ մարմնավորված հերոսները, «Կիսաբաց լուսամուտներն» ու սելֆիամոլ` զենքով ծառերի տակ նկարված «ռեմբոները» կամ սերիալում հզոր տղա խաղացած դերասանները, իսկ իրական հերոսներին տրորեք, հեռացրեք, նեղացրեք, բա հո ձեր բոլշեւիկ պապերից ուրիշ բան չէիք ժառանգելու` Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի հրաժարականը ու կախաղանը պահանջող»:

ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ լրատվականը պաշտոնապես տեղեկացնում է. «2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային ոստիկանություն` խնդրին իրավական լուծում տալու եւ փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով»: Իսկ հետաքրքիր է, ցուցարարների ձեռամբ վնասված այլ քաղաքացիների ավտոմեքենաների վնասները չե՞ն վերականգնվելու: Եվ զարմանալի է` եթե, ասենք, քաղաքացին ջարդած մեքենայով ներկայացավ ՃՈ, ինչպես են կողմնորոշվելու` դա ցուցարարի՞ մեքենա է, թե` պարզապես սովորական վթարի մեջ հայտնված մեքենա: Երեւի, հեղափոխական հոտառությա՞մբ են կողմնորոշվելու:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА