ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.06.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ պատասխանելով այն հարցին, որ սոցցանցերում վարչապետին քննադատող ԶԼՄ-ների վրա հայհոյանքների տարափ են լցնում, մասնավորապես շեշտեց. «Թողեք մամուլն աշխատի, այլապես կառավարության աշխատանքից դժգոհ լինելով` մարդիկ կրկին փողոցներ կփակեն: Հիմա մամուլն էլ ավելի քննադատող եւ հետեւողական պետք է լինի կառավարության աշխատանքի հանդեպ»: Անշուշտ, համաձայն ենք մեր գործընկերոջ այդ կոչին, սակայն տիկին Հակոբյանը նաեւ հայտարարեց. «Եթե այդ երեւույթը կազմակերպվեր, օրինակ, որեւէ կուսակցության կողմից, ապա խնդիրը լուծելի կլիներ, բայց հանրության քննադատությունն ինքնաբուխ է: Բայց կցանկանայի բոլորը գիտակցեն, որ եթե մամուլի կողմից քննադատություն չլինի, ցանկացած կառավարություն կարճ ժամանակ անց կձախողի»: Իհարկե, բարձր ենք գնահատում այն, որ տիկին Հակոբյանն իր ամուսնուն անգամ դետալներում է զորավիգ, սակայն չենք կարող զարմանքով չնշել հետեւյալը: Ախր, Փաշինյանենց մոտ շատ բաներ են «ինքնաբուխ». «ինքնաբուխ» կազմվեցին ցուցակներ եւ պեղվեցին հասցեներ, թե որ պատգամավորներին ահաբեկել, «ինքնաբուխ» փակ խմբերում որոշում է կայացվում, թե որ ԶԼՄ-ի վրա «ինքնաբուխ» լուտանքներ լցվեն:

Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվել, թե լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ առաջիկայում կհարցաքննվի մարտի 1-ի գործով: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ լրագրողներին հայտնել է, որ մարտի 1-ի գործը քննվելու է: Բայց, ինչքան էլ զարմանալի լինի, թույլ տվեք չհավատալ Ռոբերտ Սեդրակիչի առաջիկա հարցաքննության մասին լուրին: Ախր, ինչպես ԱԱԾ-ն «բացահայտեց» օլիգարխիայի սեւ գործերը, որի արդյունքում թիրախ դարձան մի քանի հարյուր «կասիրներ» Սիթի սուպերմարկետներից, բայց արդյունքում սուպերմարկետներում հարկային դաշտը էլի նույնը մնաց, նույն ձեւով էլ Ռոբերտ Սեդրակիչին կհարցաքննեն եւ բացահայտումներ կանեն: Ախր, հո չեն բացահայտելու, թե, օրինակ, ինչ դեր են այդտեղ ունեցել Փաշինյանի ներկայիս դաշնակից պարոն Ծառուկյանի թիկնապահները...

Ի դեպ, սուպերմարկետներում գների թռիչքի վերաբերյալ զարմանալի հայտարարություն արեց ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներին»: Զարմանալի է, մի՞թե վարչապետը պահի տակ մոռանում է, որ ինքն այլեւս ընդդիմադիր Նիկոլը չէ, եւ պետք է պատասխանատվության ենթարկի թալանչիներին: Բայց վարչապետի էջում հայտնաբերում ենք գեղեցիկ լուսանկարներ եւ հետեւյալ գրառումը. «Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»: Զարմանալի է, ինչպես է վարչապետը անձամբ գովազդում որեւէ սուպերմարկետ, այն էլ` արտերկրյա:  Սակայն գաղտնիքը բացահայտվեց` հայտնվեց հետեւյալ ծանուցումը. «Հարգելի հաճախորդներ, մեծ սիրով տեղեկացնում ենք, որ Քարֆուր Հայաստան սուպերմարկետը շուտով կունենա մեկ այլ մասնաճյուղ` Ռոսսիա Մոլում»: Դե ինչ, սովետի օրոք վարորդը նաեւ հսկիչ էր, իսկ հիմա վարչապետը նաեւ գովազդային գործակալ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА