ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՆՊԱՅՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀԱՆՔԵՐՈՒՄ»,- ԽՈՍՏԱՑԱՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

01.06.2018 21:10 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԱՆՊԱՅՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀԱՆՔԵՐՈՒՄ»,- ԽՈՍՏԱՑԱՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանում փողոցային պայքարից անմիջապես հետո ԱԱԾ նորանշանակ պետը հայտարարեց, որ սպասվում են խոշոր բացահայտումներ՝ ԱԱԾ-ն պատրաստվում է բացահայտել ապօրինի կերպով հարստացածներին եւ նրանց ենթարկել պատասխանատվության: Մի քանի մեծ ու փոքր օբյեկտներում ստուգումներ անցկացնելուց հետո, որոշ անձանց կանչեցին հարցաքննության, մի քանի հոգու էլ ձերբակալեցին: Սակայն մինչ օրս որեւէ ստուգում չի իրականացվել հանքարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք հայաստանյան տնտեսության ամենայուղոտ ոլորտներն են եւ համարվում են ամենախոցելիներից: Արդյոք ժամանակը չէ՞, որ համապատասխան մարմինները խոսքից անցնեն գործի եւ ստուգումներ իրականացնեն նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան մասնագետների եւ վերլուծաբանների հետ:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ.

- ՀՀ կառավարությունը առաջիկայում անպայման ստուգումներ կիրականացնի հանքերում, կուսումնասիրի նաեւ ֆինանսական հաշվետվությունները: Այս պահին ընդերքի տեսչությունը քննարկումներ է անցկացնում բոլոր շահագործվող հանքերի մենեջերների հետ: Երբ ստանանք ավելի հստակ տեղեկատվություն, դրանից հետո արդեն կորոշենք՝ ստուգումներ անցկացնելու մասին: Մենք ստուգումներ կանցկացնենք բարձրաստիճան անձանց պատկանող հանքերում, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին պատկանող: Նա միանշանակ դրանց դեմ չէ, ավելին` կողմ է եւ հստակ ասել է, որ հենց իրենից էլ սկսենք այդ ստուգումները:

Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ.

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ հանքերում ստուգումներ կանցկացվեն, նա էլ թող ասի, թե ինչու մինչեւ այժմ այդ ստուգումները չեն մեկնարկել: Վստահ կարող եմ ասել, որ եթե Հայաստանի հանքերում ստուգումներ իրականացնեն, ապա իրավական փաստաթղթեր ունեցող հանքատեր դժվար թե գտնվի, օգտագործելը դեռ մի կողմ դրած: Որքանով որ ծանոթ եմ, բոլորի մոտ կան շատ լուրջ խնդիրներ, եթե ստուգումների արդյունքում ստեղծվեն կարգ ու կանոն, ապա պետական բյուջե կարող են մեծ գումարներ լցնել: Եթե ստուգումները պետք է անցկացնեն նույն Բնապահպանության, Էկոնոմիկայի  նախարարության փորձագետները, որոնք մասնակից են ապօրինի փաստաթղթեր սարքելու եւ շրջանառության մեջ դնելուն, ապա նման ստուգումները որեւէ մեկին պետք չեն: Կարծում եմ` ստուգումներ անցկացնող հանձնաժողովներում անպայման ներառված պետք է լինեն ոչ միայն պետական կառավարման համակարգի անձանց, այլեւ  անկախ փորձագետներ, գլխավորապես` ԶԼՄ ներկայացուցիչներ: Մենք շատ լավ գիտենք, թե հանքերն ովքեր են շահագործում եւ դրանցից ովքեր են սնվում:

Բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆ.

- Հայաստանում հանքերի շահագործումը գտնվում է աղետալի վիճակում: Եթե միայն խոսենք Ամուլսարի շահագործումից, ապա այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ դրանով հանդերձ՝ ցանկանում են այն շահագործել: Խորհրդակցել եմ բազմաթիվ մասնագետների հետ, բոլորն էլ գիտակցում են, թե դրա օգտագործման վերջն ինչ է լինելու: Հուսամ, որ ստուգումներ կանցկացնեն բոլոր հանքերում, այդ թվում`  Ամուլսարում, եւ կհասկանան բոլոր խնդիրները: Լավ կլինի, որ հանքը շահագործողները խոսեն ռիսկերի մասին: Այսօր մթնոլորտ է փոխվել, հուսանք, որ բնապահպանության նորանշանակ նախարարի ընկալումները` հանքարդյունաբերության վերաբերյալ փոխվել են, եւ առաջիկայում հանքերի հետ կապված խնդիրները գոնե որոշ չափով կլուծվեն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА