o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է

01.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առնչությամբ կամա թե ակամա վերհիշվում են, ինչպես մեր մանուկ նախարարները, այնպես էլ նրանց մանկամիտ քայլերը, որոնց առնչությամբ չգիտես` խնդա՞ս, թե` լաս: Եվ, ի դեպ, հետաքրքրական է, որ բախտի բերմամբ, կամ պատահմամբ, հենց հունիսի 1-ն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Այո, հարգելի ընթերցողներ, դուք չսխալվեցիք, եւ ճիշտ կռահեցիք, որ հազարավոր քաղաքացիներ մտադիր են հրապարակավ տոնել սիրելի անսխալական առաջնորդի ծննդյան օրը: Ֆեյսբուքում կարելի է տեսնել իրադարձության խմբեր` հազարավոր մասնակիցներով, որոնք ստեղծվել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը հրապարակում տոնախմբության վերածելու նպատակով: Եվ, ի դեպ, խանութներում լավ էլ աշխուժորեն վաճառվում են սպիտակ շապիկներ` եռագույն սրտիկով եւ «Ծննուդդ շնորհավոր, պարոն վարչապետ» անգլերեն լեզվով արված մակագրությամբ: Թե ինչու անգլերեն` դա առանձին հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ պատրաստ են վճարել այն ապրանքի համար, որն օգտագործվելու է տարին մեկ անգամ: Միգուցեեւ, ընդամենը մեկ անգամ օգտագործվի, քանզի չկա երաշխիք, որ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է լինելու: Այդ ամենը անհատի պաշտամունքի դասական, դասագրքային դրսեւորում է: Եթե «թավշյա հեղափոխության» վերելքի ժամանակ հասկանալի էր Նիկոլ Փաշինյանի ուրվագծով եւ հեղափոխական կարգախոսներով շապիկների, գլխարկների, տարատեսակ հուշանվերների աշխույժ վաճառքը, ապա մայիսի 8-ին` Փաշինյանի ընտրության օրվանն ընդառաջ հրապարակ գալու նպատակով սպիտակ վերնաշապիկներ զանգվածաբար ձեռք բերելը արդեն իսկ անհանգստացնող էր: Ու անհանգստությունը երեւում էր նաեւ հեղափոխական ուսանողների շրջանում` անձամբ տասնյակներով տեսել ենք Ֆեյսբուքում նրանց կողմից ցուցադրաբար զետեղված սեւ շապիկներով լուսանկարները եւ հայտարարությունները, որ հրապարակ են գալու հենց այդ շապիկներով: Անհատի պաշտամունքը շատ ագրեսիվ շարունակում է դրսեւորվել եւ համացանցում` վարչապետի անսխալականությունը կամ նրա կառավարության քայլերը կասկածի տակ դնող օգտատերերի հանդեպ բազում ագրեսիվ հարձակումների, վիրավորանքների եւ սպառնալիքների տեսքով: Ընդ որում, դա այնքան վառ է դրսեւորված, որ անգամ ԵԽԽՎ համազեկուցողները իրենց հայտարարությունում մտահոգություն էին հայտնել «ատելության խոսքի» դրսեւորումների կապակցությամբ: Ինքը` վարչապետը, թեեւ բանավոր խոսքի մակարդակով ընդդիմության եւ այլակարծության հանդեպ հանդուրժողականության հորդորներ է հնչեցնում, բայց այդտեղ կա մի հետաքրքիր բայց: Բանն այն է, որ Նիկոլի ֆանատները թեեւ շատ են, բայց կազմակերպված որեւէ կառույցում միավորված չեն, եւ համացանցում զանգվածային հայհոյաբանությունը հնչում է ոչ այնքան նրանց, որքան կեղծ օգտատերերի (այսպես կոչված` ֆեյքերի) ջոկատների կողմից: Այդ ջոկատները կուռ կազմակերպված են, եւ դրանց գործունեությունը անվճար հիմունքներով հնարավոր չէ պատկերացնել: Հետեւաբար հարց` իսկ ո՞վ է վճարում այդ ջոկատները պահելու եւ դրանց գործելու համար: Եվ արդյո՞ք դա չի նշանակում, որ վարչապետ Փաշինյանի խոսքը գործ չէ, ու իրականում լավ էլ կուլտիվացվում է անհատի պաշտամունքը: Իսկ դա անխուսափելիորեն բերել է եւ շարունակում է բերել «թավշյա» կամ «թրաշյա» տեռորի դրսեւորումներին: Ու արդյունքում մենք այսօր ունենք համացանցային լրատվամիջոցների եւ սոցիալական կայքերի փաստացի այնպիսի գրաքննության մակարդակ, որը գրեթե հավասարվել է խորհրդային տարիների գրաքննությանը: Ու սոցիալական ցանցերում Սերժ Սարգսյանի օրոք խոսքի բացարձակ ազատությամբ աչքի ընկնող Հայաստանը այժմ այդ կարեւորագույն ժողովրդավարական ազատության տեսանկյունից առավել քան մեծ նահանջ է արձանագրել: Կրկին, ինչպես սովետական տարիներին, դժգոհության եւ քննադատության համար տեղ է թողնվել հիմնականում մարդկանց խոհանոցներում, ազատ խոսքը դուրս է մղվել համացանցից: Եվ Աստված կամ սատանան մի արասցե, որ բանը հասնի բուռն եւ որոտընդոստ ծափահարություններով ժողովների, ուր մարդիկ հա՛մ կատաղի ծափահարում են, հա՛մ աչքի պոչով հետեւում, թե ում ծափերը բավականաչափ ջանադիր չեն` վերջինիս վրա մատնագիր գրելու նկատառումով:

 

ԵՐԲ ՀԱՑԹՈՒԽԸ ԿՈՇԻԿ Է ԿԱՐՈՒՄ, ԻՍԿ ԿՈՇԿԱԿԱՐԸ` ՀԱՑ ԹԽՈՒՄ

Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու հանրային որոշակի այն հիասթափությանը, որ տեղի ունեցավ Էլթոն Ջոնին նախագահի ու վարչապետի մակարդակով ճոխ ընդունելու եւ այդ երգչի կողմից անարգել ԼԳԲՏ քարոզ, այդ թվում եւ միասեռական ամուսնություններ գովաբանելու հետեւանքով: Իհարկե, ֆանատների շատ մեծ մասը գերադասում է ինքնախաբեությունը` համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը պիտակելով կեղծիք, կամ մոգոնելով ֆանտաստիկ արդարացնող վարկածներ: Ինչեւէ, անդրադառնանք մանուկ նախարարների որոշակի քայլերին: Շատ տհաճ էր տեսնել, թե ինչպես ԿԳ նախարարի եւ երկրի գլխավոր վերահսկիչի ուղղակի  փաստացի խրախուսման պայմաններում ԵՊՀ ուսանողական ակտիվիստները հիվանդանոցի դուռն էին հասցրել իրենց ռեկտորին: Ընդհանրապես անպատկերացնելի է եւ պետական մտածողության հետ անհամատեղելի այն իրողությունը, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյաները քիչ է մնում անձամբ մասնակցեն ուսանողական ցույցերի ու պիկետների... Պրոֆեսիոնալիզմի նկատմամբ ծաղր է լավագույն դեպքում: Սակայն անդրադառնանք նաեւ միանգամայն պրոֆեսիոնալներով համալրված կառույցների գործողություններին: Օրինակ, ԱԱԾ-ն իր պետի մակարդակով հայտարարում էր, որ կլինեն ստվերային տնտեսական գործունեություն իրականացնող 350 հոգու ցուցակներ: Եվ տեսանք` ԱԱԾ-ն մտավ  Սամվել Ալեքսանյանի սեփականություն «Ալեքս Գրիգ» ընկերություն, եղան «մասկի շոուներ», հարուցվեց քրգործ, ու խոսվում է սուպերմարկետներում գործունեությունը թղթի վրա բազում կտորների բաժանելու շնորհիվ հարկերը 20 տոկոսից 2 տոկոսի իջեցնելու մասին: Լավ, կոպիտ ասած, այդ գովաբանած ցուցակը խանութների «կասիրների» կամ մենեջերների ցուցա՞կ է... Բայց միաժամանակ պարզվում է, որ կառավարությունը, կարծես թե, մտադիր է այդ նույն «Ալեքս Գրիգին» ներմուծման արտոնություններ տրամադրել: Աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձա՞խը: Գումարած դրան, թեեւ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» ժամանակին շատ էր գրում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների կողմից օդում կախված չվճարված միլիարդավոր դրամների հարկերի մասին, ինչ-որ չենք տեսնում, որ ԱԱԾ-ն կամ այլ քննչական եւ ստուգող մարմինները այդ ուղղությամբ հետաքրքրություն դրսեւորեն: Բայց այստեղ մեկ ուրիշ կարեւոր շեշտադրում: Արդյո՞ք կոռուպցիոն սխեմաները, հարկագողությունն ու գանձագողությունը ԱԱԾ-ի ոլորտն է: Արդյո՞ք դրանցով չպետք է զբաղվեն այլ քննչական մարմիններ, իսկ ԱԱԾ-ն բավարարվի ձեռքբերված օպերատիվ տվյալներն այդ մարմիններին փոխանցելով ու արթուն աչքը նրանց վրա  պահելով: Չէ՞ որ ազգային անվտանգությունն ապահովող մարմնի գործառույթներն են, նախեւառաջ, հետախուզությունն ու հակահետախուզությունը, գումարած նաեւ սահմանադրական կարգի հանդեպ սպառնալիքների չեզոքացումը: Բայց ի՞նչ ենք տեսնում` այդ գերատեսչության բարձրակարգ մասնագետները լրտես որսալու փոխարեն կաշառակեր եւ հարկերից խուսափող են որսում: Ստացվում է, որ բարձրակարգ հացթուխը կոշիկ կարելով է զբաղված: Եվ դա` իր պրոֆեսիոնալիզմն անձեռնմխելի պահպանած կառույցի պարագայում: Իհարկե կա այն բացատրությունը, որ ժողվարչապետ Փաշինյանը չի վստահում դատախազությանը եւ քննչական այլ մարմիններին, քանզի դրանց ղեկավարներին ինքը չի նշանակել եւ մի բան էլ, չի կարող հրաժարական պարտադրել: Լավ, բայց արդյո՞ք դա պետական մտածողության շրջանակում է: Իհարկե, ոչ: Ու երեւի թե փառք տանք, որ մեր ժողովրդական կառավարությունը դեռեւս չի հասել նրան, որ բանակային ստորաբաժանումներ ուղարկի, ասենք, կարտոֆիլի բերքահավաքի: Չնայած, պաշտպանության ոլորտում էլ ահագին անհամություններ կան: ԿԳ նախարարը, ավարտական քննությունների ժամկետները տեղաշարժելով, մի քանի օրով ուշացնում է զորակոչը: Մինչ պաշտպանության նախարարը հայտարարում է, որ երկարաժամկետ ծրագրերը, այսինքն` «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ռեֆորմները շարունակվում են, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կատաղի քարոզչական գրոհներ են իրականացնում «Ազգ-բանակի» դեմ: Մի կողմ թողնենք այդ գրոհների ազգավնաս բնույթը, պարզապես արձանագրենք, որ այս դեպքում էլ աջ ձեռքի չգիտի, թե ինչ է անում ձախը: Դե, իսկ այլ ոլորտներում մանուկ նախարարների արածների զրոյական պրոֆեսիոնալիզմը եւ միջին վիճակագրական տաքսիստի աշխարհայացքը, թե ինչ հետեւանքներ կթողնեն, այդ մասին եկեք այս նյութում չխոսենք: Ախր, շատ տխուր պատկեր է ստացվում: Ու, խոշոր հաշվով, ինչքան ժամանակ ռեալ ձեռքբերումների փոխարեն ձախողումների առկայությունը խլացվելու է թանկագին առաջնորդի անձի պաշտամունքով, կեցցեներով եւ հուռաներով, իսկ ահազանգողներին սկզբում քարոզչական-տեղեկատվական, իսկ այնուհետ նաեւ պետական հարկադրանքի միջոցներով լռեցնելով: Ի վերջո, վարչապետի ծնունդը շնորհավորող եւ սրտիկով շապիկը կարագի փոխարեն հացի վրա չես քսի:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА