ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

27.05.2018 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Ապարան քաղաքում այսօր տեղի ունեցած Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումներին մասնակցեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Առիթից օգտվելով՝ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում նոր կառավարության աշխատանքը:

Ինչու են ուշանում ներդրումները

- Հույսեր կապում եմ, տակավին չենք հասել մեր երազած ափը, բայց քայլքի մեջ ենք: 25-26 տարի առաջ պայքարել ենք նաեւ այս օրվա համար, ուստի՝ լավագույնն եմ մաղթում նոր կառավարությանը եւ հույս եմ տածում, որ այն կշարունակվի, որպես համաժողովրդական, միասնական շարժում, եւ անցյալի սխալներից սովորելով՝ մենք չենք վերադառնա նեղ, կուսակցական կռիվների, այլ կօգտագործենք այս ոգեղեն պահը՝ միացնելու մեր ուժը, ընդարձակելու եւ հզորացնելու հայրենիքը:

- Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչը պետք է լինի նոր կառավարության առաջնահերթությունը:

- Ես չէ, որ պետք է ասեմ: Մենք այդ նույն պայքարի մեջ ենք եղել, որպեսզի ազատ արդար եւ անկախ երկիր կառուցենք: Միշտ փառք եմ տալիս նրանց, ովքեր քայլ առ քայլ մեզ հասցրել են այս օրվան՛ թե շարքային քաղաքացիներին, թե՛ զինվորներին,  թե՛ առաջնորդներին: Եվ հիմա արդեն հերթափոխը երիտասարդությանն է, կարծում եմ՝ բոլոր սերունդները պետք է կաթիլ ներդնեն, որ կարողանանք արդարությունը վերադարձնենք մեր ժողովրդին: Հուզական շրջան ենք ապրում, հույս ունեմ, որ այդ հույզը, նաեւ երկրի տերը լինելու այդ հրամայականը մեզ երկար տարիներ կուղեկցի, բայց նաեւ գործելու ժամանակն է, նաեւ կամաց-կամաց պետք է անցնենք ինստիտուցիոնալ աշխատանքների:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մինչեւ տարեվերջ պետք է տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: «Ժառանգությունը» կմասնակցի՞:

- «Ժառանգությունն», ինչպես միշտ, միաձուլվել է ժողովրդի մեջ, վայր է դրել իր կուսակցական դրոշը, դա մեր հավատամքն է, միայն թե երկիրը, քաղաքացին լինի ճշմարիտ, ազատության եւ արդարության ճամփի վրա: Տակավին «Ժառանգությունը» որեւէ նման քննարկում չի արել եւ, ինչպես ասացի, հույս ունեմ, որ համաժողովրդական շարժումը կշարունակվի նաեւ համաժողովրդական ընտրությունների ժամանակ ու չենք վերադառնա նեղ, միջկուսակցական ցուցակների եւ կռիվների: Դրա համար շատ բան կախված է շարժումից, ժողովրդից: Վստահ եմ՝ «Ժառանգությունը» կկողմնորոշվի, մեր նախընտրությունն այն է, որ համաժողովրդականը մնա համաժողովրդական:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА