ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երևանի Կենդանաբանական այգին կարող է հաջողությամբ մրցակցել աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների հետ». Տարոն Մարգարյան

26.05.2018 18:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երևանի Կենդանաբանական այգին կարող է հաջողությամբ մրցակցել աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների հետ». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանը:  Երևանցիների սիրված հանգստի գոտին այցելուներին այս տարի դիմավորում է բոլորովին նոր, հարմարավետ ու ժամանակակից պայմաններով և հնարավորություններով: Երևանի քաղաքապետը տնօրենի ուղեկցությամբ  շրջել է այգում, ծանոթացել կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում իրականացված աշխատանքներին, որոնք ամբողջությամբ ավարտվել են: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի երկրորդ փուլի շրջանակում այսօր արդեն այգում գերիշխում են մեծ և ընդարձակ ազատավանդակները՝ կենդանիների համար ապահովելով առավել բնական միջավայր:

«Հրապարակելու եմ փաստեր եւ մանրամասն ապացուցելու, թե ինչպես է ստեղծվել զինված խումբը եւ ինչ նպատակով»

Հարկ է նշել, որ 2016-2018 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել գայլերի և արջերի 2 անցուղիներով նոր ազատավանդակը՝ 5550 քմ ընդհանուր տարածքով, ինչը 5 անգամ ավել է, քան նախկինում զբաղեցրած մակերեսը: Կառուցվել է նաև 2 դիտահարթակ, որտեղ կարող են տեղավորվել միաժամանակ շուրջ 30 այցելու: Ծրագրի շրջանակում կառուցվել է նաև առյուծների նոր ազատավանդակը՝ 2950 քմ մակերեսով, որից 400 քմ-ը որպես կենդանիների ձմեռային կացարան: Այստեղ ևս կառուցվել է 2 դիտահարթակ, որտեղ կարող են տեղավորվել միաժամանակ շուրջ 80 այցելու: Կենդանաբանական այգում ստեղծվել է նաև 1200 քմ մակերեսով կենդանիների հետ անմիջական շփման գոտի: Բացի այդ, կառուցվել է նաև կենդանիների կարանտին, որը խիստ անհրաժեշտ էր այգու բնականոն գործունեության համար: Պատասխանատուները նաև նշել են, որ ծրագրի շրջանակում այգու գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում, քայքայված շինությունների փոխարեն, կառուցվել են նոր ազատավանդակներ, իրականացվել բարեկարգման, ասֆալտապատման, կանաչապատման լայնածավալ աշխատանքներ։

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նախ հիշեցրել է, որ այգու վերակառուցման և զարգացման ծրագիրը մեկնարկել էր դեռ 2012թ-ից, որի առաջին փուլն ավարտին էր հասցվել 2015 թվականին և, հաշվի առնելով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքն ու բնակիչների ոգևորությունը, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց 2-րդ փուլի աշխատանքներն ու 2016թ.-ին տվեց դրանց մեկնարկը:

«Կենդանաբանական այգին մենք համարում ենք Երևանի այցեքարտերից մեկը և այն ծրագիրը, որը նախաձեռնեցինք ու այս տարիների ընթացքում հաջողությամբ կյանքի կոչեցինք, ուներ մեկ նպատակ. հանգստի այս գոտին դարձնել հարմարավետ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Այսօր ուրախությամբ պետք է փաստեմ, որ Կենդանաբանական այգու հերթական այս տարեշրջանը մենք սկսում ենք զարգացման ծրագրի երկրորդ փուլն արդեն ավարտած, որի արդյունքում, ինչպես և խոստացել էինք, այգին համալրվել է ավելի մեծ և ընդարձակ ազատավանդակներով, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում և ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: Արդեն վստահաբար կարող ենք նաև ասել, որ Երևանի կենդանաբանական այգին, որը ժամանակակից լուծումներով և այցելուների սպասարկման ու կենդանիների պահպանման չափանիշներով համապատասխանում է միջազգային նորմերին, դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն, որը տարվա բոլոր սեզոններին անընդմեջ կընդունի այցելուների: Հաջողված հերթական մեր այս ծրագիրը ևս մենք նվիրում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակին», - նշել է քաղաքապետը:

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. ԱՆ

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է մեկնարկել ծրագրի երրորդ փուլը, որով էլ, ըստ էության, ամբողջությամբ կավարտվեն այգու վերակառուցման աշխատանքները:

«Երրորդ փուլով մենք ամբողջությամբ ավարտին կհասցնենք կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագիրը, ինչի արդյունքում կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, Երևան քաղաքը ունի իսկապես ներկայանալի Կենդանաբանական այգի, որը կարող է հաջողությամբ մրցակցել աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների հետ: Մեր առջև խնդիր ենք դրել նաև այգին հարստացնել նոր կենդանիներով, որպեսզի կարողանանք ավելի շատ կենդանատեսակներ ներկայացնել այցելուներին: Հույս ունեմ, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն ու կազմակերպությունները այսուհետ մայրաքաղաք այցելող հյուրերին կուղեկցեն նաև Երևանի կենդանաբանական այգի, որն արդեն իսկ սիրված հանգստի գոտի է դարձել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար: Պետք է նաև նշեմ, որ այգու տնօրինությանն այսօր հնարավորություն է տրված Երևանի կենդանաբանական այգին ներկայացնել միջազգային հարթակներում, ինչը, համոզված եմ, կնպաստի միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանը, որի արդյունքում կիրականացվի փորձի փոխանակում, ինչպես նաև նոր կենդանիների ձեռքբերման հնարավորություն կստեղծվի», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА