ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ

24.05.2018 13:25 ՄՇԱԿՈՒՅԹ
«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները: Պարի հանրապետական մրցույթ-փառատոնին այս անգամ ներկայացվել էին 120-ից ավելի պարային կատարումներ՝ մենապարեր, զուգապարեր, խմբակային ելույթներ տարբեր պարային ոճերում և տարիքային խմբերում: Իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա» մշակութային կենտրոնը:

«Սեւան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնին մասնակցել են խմբեր հանրապետության մարզերից  ու Երեւանից

«Այս անգամ եւս ունեինք մասնակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Մրցույթի արդյունքներով ունեցանք բազում մրցանակակիրներ՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալակիրներ: Հաղթողները ստացան մեդալներ եւ դիպլոմներ, մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները` շնորհակալագրեր մասնակցության համար»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): 

Նշենք, որ այս անգամ ևս մրցութային ժյուրիի կազմում էին ոլորտի պրոֆեսիոնալները: Ժողովրդական պարերի բաժնի ժյուրիի անդամներն էին «Վիկտորիա» պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Յուդաևան, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Բելլա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Բաբայանը, իսկ ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարային ամբիոնի դոցենտ Գագիկ Կարապետյանը: Ժամանակակից պարերի բաժնի ժյուրիի կազմում էին «Կրակներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Գեւորգյանը, FSC պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Լիա Հովակիմյանը, իսկ ժյուրիի նախագահն էր Insight պարային ստուդիայի ղեկավար եւ բալետմայստեր Ռուզաննա Արազյանը: 

Տեղեկացնենք, որ «Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից: Մշակութային իրադարձության նպատակն է նպաստել հանրապետությունում գործող պարային համույթների փորձի փոխանակմանը, պարողների եւ համույթների գեղարվեստական ղեկավարների միջև սերմանել առողջ մրցակցություն և օբյեկտիվ վերաբերմունք սեփական հնարավորությունների նկատմամբ, դրանք կատարելագործելու ձգտում: 

Մրցույթն անցկացվում է տարին երեք անգամ, իրարից անկախ փուլերով, արդյունքներն ամփոփվում եւ մրցանակային տեղերը հայտարարվում են տվյալ օրը:

Մրցույթն անցկացվում է երկու բաժնով` ժողովրդական պարերի բաժին և ժամանակակից պարերի բաժին: Տարեվերջին տեղի է ունենում մրցանակաբաշխության արարողություն, որին մասնակցում են այն պարային համույթները, որոնք տարվա ընթացքում մասնակցել են մրցութային որևէ փուլին` անկախ այն փաստից զբաղեցրել են որեւէ մրցանակային տեղ, թե ոչ: Այն կրում է համերգային բնույթ, որի ժամանակ մասնակիցները ներկայանում են ցուցադրական ելույթներով, ղեկավարները ստանում են գավաթ եւ պատվոգիր, իսկ մասնակիցները` մեդալներ եւ պատվոգրեր:

«Պարը բոլորիս է պետք». կայացավ «Զարթոնքի» տարեկան հաշվետու համերգը (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА