o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.07.2016 14:43 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Թերեւս իրավացի է գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որ ամառվա շոգերը էապես ազդել են որոշ խորհրդարանականների ուղեղների վրա: Դրա վառ ապացույցը ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հայտարարությունն է. «Եղել է պայմանավորված պատերազմ Սերժ Սարգսյանի եւ թշնամու միջեւ, ինչպես նաեւ երրորդ կողմ է եղել: Դա է պատճառը, որ հենց առաջին օրն ունեցել ենք հիմնական զոհերը, քանի որ չենք ունեցել պաշտպանվելու հրաման: Սակայն մեր ժամկետային զինծառայողներն ու կամավորականները խախտել են նրանց պայմանավորվածությունը, որով Սերժ Սարգսյանը պետք է տարածքներ տար հակառակորդին: Մեր 20-ամյա զինվորները խախտեցին տարածքները տալու պայմանավորվածությունը»: Անշուշտ, վատ է, շատ վատ է հանրությանն այդպիսի զառանցանք ներկայացնելը, թեեւ քաղաքական որոշ գործիչներ պատրաստ են հատել բարոյականության ցանկացած սահման: Բայց ամենազարմանալին թերեւս այն է, որ ինքը` Փոստանջյանը, սկսել է հավատալ սեփական բստրածին: 

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն շոգերն ազդել են ոչ միայն մեր, այլեւ Ռուսաստանի որոշ պատգամավորների ուղեղի վրա: Այսպես, ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ դառնալով լրիվ ծաղրածու, արդեն զառանցում է ռուս-թուրքական դարավոր եղբայրության մասին. «Եթե Թուրքիան զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա դարերի համար է: Տնտեսական, առեւտրային, արդյունաբերական առումով կա միայն դրականը, բացասական ոչինչ չկա: Մենք հյուսիս ենք, նրանք` հարավ: Մենք պատրաստ ենք նրանցից վերցնելու այն ամենը, ինչ արտադրում է հարավային երկրի տնտեսությունը` ներառյալ ծովափերը եւ ծովը, իսկ մենք կարող ենք տալ այն ամենը, ինչ պետք է հյուսիսային երկրից, որը աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկն է»: Բայց նրա գլուխգործոցը հոգեբուժության դասագրքերին արժանի հետեւյալ խոսքն է. «Եթե Թուրքիան եւ Ռուսաստանը միավորեն իրենց առեւտրային, տնտեսական, ռազմական ջանքերը, ապա ե՛ւ քրդական, ե՛ւ հայկական խնդիրները ինքնըստինքյան կվերանան: Եվ ինքնաբերաբար կլուծվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ Ադրբեջանը գոհ կմնա, այսինքն` հեռանկարները հրաշալի են ամբողջ Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի համար»: 

Այ, ումից չէինք սպասում ամառային զառանցանք` դա ՖՈՐԲՍԻ պես ծանրակշիռ, համաշխարհային ճանաչում ունեցող հանդեսից: Ահա ինչ ախմախություն է գրում սույն հանդեսը. «Ռուսաստանին ձեռք մեկնելով` Թուրքիան օրինակ է ծառայել Վաշինգթոնին, որը նույնպես պետք է վերջ դնի Մոսկվայի հետ «սառը պատերազմին»... Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում լարվածության թուլացումը կարեւոր է ոչ միայն նրանց համար, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ ԱՄՆի եւ ՆԱՏՕ-ի համար: Չէ՞ որ Սիրիայի պատերազմի պատճառով Մոսկվայի եւ Անկարայի պոտենցիալ կոնֆլիկտը կարող էր հանգեցնել իսկական աղետի»: Անշուշտ, վատ չէր լինի, որ ամերիկացիները հաշտվեին ռուսների հետ, բավականին զվարճալի կլիներ, եթե, օրինակ, Օբաման Պուտինից ներողություն խնդրեր: Բայց օրինակ բերել Էրդողանին` դուք, «Ֆորբսի» հարգելի գործընկերներ, երեւի թե, կամ շատ թերի կրթություն եք ստացել եւ պատկերացում չունեք Թուրքիայի էության մասին, կամ կարիք ունեք Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետի»: 

Ինչեւէ, ավարտենք պոզիտիվ լուրով: Ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ (Ռեմբո) դատարանն ազատ արձակեց: Կարծես թե, ստանդարտ պատմություն է` ազատամարտիկը դեռ պատերազմից որպես ավար վերցրած զենքը պահել է մոտը, հետո նրան կալանավորել են, հետո մեղմ քրեական պատիժ ձեւակերպելով` ազատ արձակել: Սակայն այստեղ զարմանալին այն է, որ դատարանը, տվյալ դեպքում, արդարացման դատավճռով ազատ արձակեց ազատամարտիկին: Դե, սահմանամերձ գրեթե ցանկացած բնակավայրում այդպիսի զենք պահողներ կան, բոլորը դրա մասին գիտեն, եւ միգուցե այս դատավճիռը դառնա նախադեպ, որ պարզապես սահմանամերձ բնակավայրերում այդ մարդկանց զենքերը օրինականացնեն եւ գրանցեն: Թե չէ, ամոթ էլ է` 20  տարուց ավել է այդ մարդիկ պոտենցիալ հանցագործի կարգավիճակով են ապրում եւ ինչ-որ մեկի քմահաճույքով ցանկացած պահի կարող են կալանավորվել: Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА