ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

23.05.2018 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Առաջին անգամ չէ, երբ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Ի պատասխան այս ամենի` կնքվեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնք Թուրքիայի ոչ կառուցողական քաղաքականության հետեւանքով այս գարնանը Հայաստանը ճանաչեց առ ոչինչ: Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական իրադարձություններից եւ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ  հայտարարությունից հետո, Թուրքիան կրկին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի հետ կհաստատի հարաբերություններ միայն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից: Այս նախապայմաններով հանդերձ իրատեսակա՞ն է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի, թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ, պատմաբան ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ խոսքով` առանց նախապայմանների քաղաքականությունն այն է, երբ Թուրքիան հայտարարի, որ հայ-թուրքական սահմանը բացում է առանց որեւէ նախապայմանի. «Կարծում եմ, եթե այս ամենին թուրքական կողմն ավելացնում է «եթե», «ապա», «որ» եւ այլն, ապա այստեղ արդեն կան նախապայմաններ: Այն, որ թուրքական կողմի հայտարարությունների մեջ կան նախապայմաններ` փաստ է: Ուշադրությամբ հետեւում եմ այս իրադարձությանը եւ մանրամասն ուսումնասիրել եմ  թուրքական  մամուլի հրապարակումները  եւ կարող եմ ասել, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ նախագահ Էրդողանի  հայտարարությունների մեջ նախապայմաններ կային: Փաստորեն այդ հայտարարությունը հետեւյալ կերպ ենք ընկալում, եթե Հայաստանը հրաժարվի հայկական հարցից եւ դրա մեջ ներառված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից եւ Արցախից, ապա Թուրքիան կգնա սահմանների բացման: Ակնհայտ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գիծը, հատկապես Հայաստանի մասով, որեւէ փոփոխության չի ենթարկվել: Թուրքիայում իշխանությունն ու ընդդիմությունը այս նույն թեզն են առաջ տանում, խոսքը քրդամետ ընդդիմադիրների մասին չէ,  որովհետեւ նրանց թեզերը այլ կերպ են ձեւակերպված: Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում են շրջափակման քաղաքականություն, եւ նրանց նպատակը մեկն է, որ այդ ճանապարհով Հայաստանից զիջումներ կորզեն: Այսինքն` Թուրքիան  մտածում է, որ Հայաստանին դնելով տնտեսական շրջափակման մեջ` դուրս թողնելով տարածաշրջանային որոշ ծրագրերից, կարող է հասնել նրան, որ Հայաստանն ընդունի իր առաջ քաշած նախապայմանները եւ գնա զիջումների: Բայց չպետք է մոռանանք, որ ցանկացած երկրի զարգացում կախված է հենց տվյալ երկրից: Կոնկրետ այս պարագայում Թուրքիան իր դերը գերագնահատում է, որովհետեւ Հայաստանի զարգացումը կախված է Հայաստանից: Իհարկե, չեմ ասում, որ շրջափակման քաղաքականությունը չի խանգարում տնտեսության զարգացմանը, բայց տնտեսության զարկ տալու բոլոր մեխանիզմները մեր ձեռքերում է: Վստահ եմ, որ չենք ունենալու այնպիսի իշխանություններ, որոնք կարող են մոռանալ հայկական հարցը»:

Թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փաստեց, որ  Թուրքիայի վարչապետ Բ. Յըլդըրըմը Էրդողանի բերանով հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է հարաբերությունների, եթե Հայաստանը հրաժարվի տարածքային պահանջներից. «Այս հայտարարության ընթացքում Յըլդըրըմը չխոսեց Արցախի հարցի մասին, ինչպես նախկինում խոսում էր: Այս մեկ նախապայմանը կարծես թե իրենց մոտ  մղվել է հետին պլան: Պետք է նշեմ, որ Հայաստանը երբեք պետականորեն Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել  եւ Թուրքիայի նկատմամբ պետականորեն թշնամական քաղաքականություն չի վարել: Այսպիսով` նրանց առաջ քաշած այս երկու նախապայմանները դե յուրե գոյություն չունեն: Նրանք այսպիսի հայտարարություն կատարեցին հակյական կողմին արձագանքելու համար: Կարծում եմ` ներկա ժամանակաշրջանում  իրատեսական չէ սպասել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել»:

Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին

Թուրքագետ ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա. «Հայ-թուրքական հարաբերությունների նախապայմանները երեքն են` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից հրաժարվելը, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների ճանաչումը,  ըստ էության, Կարսի պայմանագրից հրաժարվել,  եւ երրորդ նախապայմանը` Արցախի խնդիրն է: Եթե այս ամենը դիտարկում ենք, ապա տեսնում ենք, որ այս խնդիրների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА