ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

23.05.2018 20:15 ՍՊՈՐՏ
ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Իսպանիայի Էլչե քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ժամանակ հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է մեքսիկացի Էմմանուել Լոպեսին ու տիրացել WBC International Silver գոտուն: Սա պրոֆեսիոնալ ռինգում Արամի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Ֆուտբոլային իրարանցում Հանրապետության Հրապարակում. լեգենդները Երեւանում են (Ֆոտոշարք)

 

«ՄՐՑԱԿԻՑՍ ՇԱՏ ՈՒԺԵՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԷՐ»

«Իրավունքի» հետ զրույցում բռնցքամարտիկն անդրադարձավ մենամարտին. «Յուրաքանչյուր մենամարտ ինձ համար շատ նշանակալի ու կարեւոր է, եւ պատրաստվում եմ մաքսիմալ լավ: Այս մեկը տարբերվում էր նրանով, որ կշեռքի նժարին դրված էր WBC International Silver վարկածով գոտին: Մրցակցիս մասին կասեմ, որ շատ ուժեղ բռնցքամարտիկ էր, անկոտրում ու բարձր որակներով օժտված: Շնորհիվ մարզչիս հետ մշակած ծրագրի, կարողացա մենամարտի նկարը կառուցել այնպես, ինչպես նախատեսել էինք, ու հաղթանակ տարա»: Հարցին, թե ինչպիսին էին զգացողությունները, երբ հաղթանակ ես տոնում գոտու համար մենամարտում, բռնցքամարտիկը պատասխանեց. «Կարծում եմ, փոքր-ինչ տարբերվում էր, քանի որ մենամարտը տիտղոսի համար էր, եւ այն առաջինն էր իմ կյանքում»:

 

ՆԱՐԵԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ

Նույն օրը իր հերթական հաղթանակն է տոնել նաեւ Նարեկ Աբգարյանը՝ շարունակելով անպարտելի հանդիպումների շարքը: Այս անգամ «Պարող մարդասպանը» առավելության է հասել Պաբլո Նարվաեսի (Նիկարագուա) նկատմամբ: Հաջորդ մենամարտը կլինի գոտու համար: «Իրավունքը» բռնցքամարտիկից պարզեց, որ ի սկզբանե կայացած մենամարտի փոխարեն նախատեսված էր մենամարտ գոտու համար: «Անկախ այս մենամարտից, գոտու համար մենամարտն արդեն նախատեսված էր: Այս մենամարտի փոխարեն պետք է WBC International Silver գոտու համար մենամարտեի մեքսիկացի բռնցքամարտիկի հետ: Սակայն նա իր վերջին մենամարտում վնասել էր գլուխն, ու բժիշկները թույլ չէին տվել՝ այս ամիս ռինգ դուրս գալ: Արդյունքում` մենամարտը հետաձգվեց: Պաբլո Նարվաեսի հետ մենամարտը հերթական վարկանիշային մենամարտերից էր, որը հաղթեցի»,- ասաց Աբգարյանը: Նարեկի հաջորդ մենամարտը կայանալու է հունիսի 23-ին՝ Մադրիդում. «Հաջորդ մենամարտս կլինի գոտու համար` մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ: Շատ փորձառու բռնցքամարտիկ է, աշխարհի թոփ 30 բռնցքամարտիկներից... Այնպես որ՝ ամենակարեւորը կլինի հաջորդը` իմ տասներորդ մենամարտը: Արդեն սկսել եմ տրամադրվել, պարապել ու պատրաստվել»:

Նարեկ Աբգարյանը նվաճեց իր առաջին գոտին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА