ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.05.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Տեսնո՞ւմ եք, ծննդյան վկայականի  այս պատկերը... Ճիշտն ասած, առաջին անգամ երբ տեսա, ոչ միայն զարմանքից քարացա, այլեւ աչքերիս չհավատացի, քանզի դժվար է պատկերացնել, թե ի՞նչ է մտածում ծնողը` իր նորածին դստեր անունը դնելով ՌՈՒԶԱՆՆԱ ՆԻԿՈԼ... Զարմանալի է, 100 տարի առաջ  տեղի ունեցած բոլշեւիկյան այլանդակության արգասիք անուններից մեր ժողովուրդը չի՞ խրատվել... Ախր, մեր մեծն գրողներից գրեթե յուրաքանչյուրն անունների այդ հարցին անդրադառնում էր... Դե ինչ ասես, սա էլ կանցնի, սակայն այնուհետ ի՞նչ է անելու այդպիսի անուն ստացած երեխան:

ԶԱՐՄԱՆՔ

Բավականին անսպառ զարմանքի աղբյուր է ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Այսպես, ուղիղ եթերով անցկացնելով կուսակցական գործունեություն եւ կոչ անելով ուսուցիչներին դուրս գալ ՀՀԿ-ից` նա հաջորդ օրը Խ. Աբովյանի անվան մանկավարժականում հայտարարեց. «Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որեւէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որեւէ տնօրեն եւ ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որեւէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի եւ քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երեւույթը կանխվելու եւ պատժվելու է օրենքի ուժով»: Դե արի ու մի ասա` յա, իրո՞ք... Հետաքրքիր է, բոլոր ուսուցիչների առնչությամբ կուսակցական սեփական քարոզի համար նախարարն ինքն իրեն ինչպե՞ս  է պատժելու: Բայց զարմանքով հայտնաբերեցինք, որ ակամայից այդ պատիժը կա: Այսպես, նա, հրապարակելով էլեկտրոնային հասցե հրատապ նամակների համար, հորդորեց գրել բացառապես հայատառ, այլ ոչ թե «լատինատառ, ռուսատառ, չգիտեմ ինչատառ, զիբիլատառ» հայերենով: Անշուշտ, ողջունելի հորդոր է, բայց արի ու տես, որ Ֆեյսբուքում պարոն նախարարի անունը գրված է ոչ հայատառ: Հիմա հետաքրքիր է, պարոնն այդ գրառումը համարո՞ւմ է «զիբիլատառ», ու մտադի՞ր չէ շտապ կարգով հայատառ դարձնել:

Բոլորը ձգտում են կռահել, թե ում նկատի ուներ ԱԱԾ տնօրենը` հիշատակելով 350 հոգանոց ցուցակը: Օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց զինվել համբերությամբ եւ սպասել ԱԱԾ-ի բացահայտումներին, բայց կան եւ անհամբեր մարդիկ: Այսպես, փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ զարմանալիորեն շտապեց փչացնել ապագա բացահայտման ամբողջ ինտրիգը. «Երբ դեռ դատախազությունում էի աշխատում, այդ երեւույթը դեռ այն ժամանակ եմ նկատել: Այն, ինչ ասում է ԱԱԾ նորանշանակ պետը, շատ ճիշտ է ասում: Չեմ կարող ասել` թիվը 350 է, թե, օրինակ, 380, բայց «բոմժերի» անուններով ֆիրմա գրանցելը հանրահայտ երեւույթ է: Գիտեք` ես քանի՞ նման «բոմժ» եմ տեսել դատախազ եղած ժամանակ: Մեր վարչությունը զբաղվում էր պատիժների նկատմամբ հսկողություն իրականացնելով, այսինքն` մենք արդեն ստանում էինք դատավճիռը, որը կատարվում է, եւ դրա նկատմամբ հսկողություն էինք իրականացնում: Մենք այն ժամանակ հանդիպեցինք բազմաթիվ աբսուրդ վճիռների. օրինակ, Էսինչ Էսինչյանին, որն աշխատել է այսինչ ֆիրմայի տնօրեն, դիցուք` դատել հարկերից խուսափելու համար, նշանակել պատիժ, օրինակ, 3 տարի եւ իրենից բռնագանձել 1 միլիարդ դրամ թաքնված հարկեր: Գնում ես գաղութ, տեսնում ես` Էսինչը դասական «բոմժ» է` դրածո մարդ: Ու ասեմ նաեւ, որ չի էլ պատմում, թե իրականում ում ֆիրման է»: Լավ, պարոն Սիրունյան, ձեր արածը ձեր դուրը եկա՞վ, ինչո՞ւ ժողովրդի հույսը` գանձագողերին պատժված տեսնելու, այդքան դաժանաբար փշրեցիք:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА