ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐ ԿՏԱՆԵՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-Ի ՍԿՍԱԾ ՆՈՐ ԳԵՐՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

23.05.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒՐ ԿՏԱՆԵՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-Ի ՍԿՍԱԾ ՆՈՐ ԳԵՐՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Նախօրեին Վաշինգտոնը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ծայրահեղ կոշտ հայտարարությամբ, հերթական սրացումը հաղորդեց Իրանի շուրջ, ավելի կոնկրետ՝ ողջ Մերձավոր Արեւելքի իրադրությանը: Մինչ այս նման սրացումների պատճառ էր դարձել Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ապա՝ Իսրայելի ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմում տեղակայելը: Ընդ որում, վիճակը սրվեց այն կարգի, որ դա հանգեցրեց տասնյակ պաղեստինցիների սպանության, եւ քիչ էր մնում՝ բանը հասներ Իրան-Իսրայել պատերազմի:

Հայաստանը կարող է հանդիսանալ այն եզակի կղզյանը, որից կարող են օգտվել իրանցիները

 

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԱՄԵՆԱԽԻՍՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ»

Եվ ահա Պոմպեոյի հայտարարությունը նորից օրակարգ վերադարձրեց Իսրայել-Իրան պատերազմի անխուսափելիության մասին խոսակցությունները: Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարը, նորից օրակարգ բերելով Իրանի միջուկային ծրագրի թեման, հայտարարեց, որ Վաշինգտոնը Թեհրանին մի շարք պահանջներ է ներկայացնում: Այդ թվում՝ ծայրահեղ սահմանափակումներ հրթիռների արտադրության ուղղությամբ, բոլոր զինվորների դուրս բերումը Սիրիայից, վերջապես՝ ուրանի հարստացման աշխատանքների զրոյացում, այսինքն՝ անգամ սեփական ատոմակայանի համար Իրանը պետք է ուրանային վառելիք չստեղծի: Հակառակ դեպքում՝ Պոմպեոն սպառնում է Իրանի նկատմամբ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը: Այսպիսով՝ Վաշինգտոնը, ի վերջո, ի՞նչ է ուզում՝ պարբերաբար իրավիճակը հասցնելով մեծ պատերազմի աստիճանի: Չնայած՝ դա  հայտնի է. այն գլոբալ իրավիճակը, որում ներկայումս հայտնվել է ԱՄՆ-ն, եւ որի հետեւանքն է աչքի առաջ դառնում դոլարի համաշխարհային հեգեմոնիայի կորստի վտանգը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, Վաշինգտոնից պահանջում է հենց նման ծայրահեղ քայլեր: Իսկ թե ինչու է Իրանը դարձել հիմնական թիրախ, դա վաղուց էր տեսանելի. արդեն գործնական օրակարգում է Չինաստան-Հնդկաստան-ՌԴ-Եվրոպա հսկայածավալ առեւտրաշրջանառությունը, այսինքն՝ նաեւ տնտեսական մյուս կապերն ամերիկյան վերահսկողության ծովային ուղիներից ցամաք տեղափոխելու գործընթացը՝ ընդհանրացած անվանակոչենք՝ «Մետաքսի ճանապարհը»: Դա ԱՄՆ-ին խոստանում է ոչ միայն բուն բեռնափոխադրումների անկումից սպասվող ֆինանսական կորուստներ, այլ որ շատ ավելի վտանգավոր է, այդ առեւտրի (այդ թվում՝ հումքի) մի էական մասը կարող է դոլարիզացիայից անցնել այլ արժույթներին, ասենք՝ յուանի, եվրոյի եւ այլն: Արդյունքում, համաշխարհային առեւտրից դոլարի էական ծավալներ են դուրս մղվելու, ինչի հետեւանքների մասին խոսելը իմաստ անգամ չունի: Ուրեմն` ինչո՞ւ Իրանը. այն պարզ պատճառով, որ այդ երկիրը նշված գործընթացներում ունի առանցքային աշխարհագրական դիրք: Իսկ ներկայիս իրողությունների պարագայում, երբ ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում սրընթաց կերպով կորցնում է իր դիրքերը եւ որ ավելի վտանգավոր է` դաշնակիցներին, Իրանի շուրջ մեծ պատերազմի ձեւավորումը միակ ելքն է դարձել: Եվ հաջորդ հանգամանքը: Այդ բոլոր տնտեսական ծրագրերի մեկնարկի պարագայում դժվար չէ կռահելը, որ Իրանը ստանում է տարածաշրջանային բացարձակ լիդերի կարգավիճակ, ինչը լուրջ խնդիր է Իսրայելի համար: Եվ հաշվի առնելով Իսրայելի նկատմամբ օրթոդոքս հրեայի աներ Թրամփի ¥այստեղից բխող բոլոր կապերն ու շահերը հաշվի առնելով¤ առավել քան ջերմ հակումները, կարելի է կռահել, որ Իրանի նկատմամբ նման ճնշումները մասամբ էլ պայմանավորված են հրեական պետության նկատմամբ այդ վերաբերմունքով: Իհարկե, այս ամենի տակ կան բազում առանձին դրվագներ, շահեր, տարաբնույթ փոխհարաբերություններ, սակայն գլխավորը ընդհանրական պատկերը սա է:

ԵՄ-ը ևս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

 

ԲԱՆԱԼԻՆ ԵՎՐՈՊԱՆ Է

Այսպիսով, այս իրավիճակում ինչքա՞ն հեռու կարող է գնալ Վաշինգտոնը: Հասկանալի է՝ այստեղ խնդիրը միայն Իրանը չէ. հակառակ դեպքում ռազմական հարվածը դեռ տարիներ առաջ կհասցվեր: Իրանի դեմ պատերազմը չի կարող օրակարգից դուրս թողնել Մոսկվային եւ Պեկինին, թեկուզեւ ոչ թե միջուկային դիմակայության, այլ՝ լոկալ բախումների իմաստով: Իսկ դա նշանակում է, որ նախ՝ Իսրայելն առանց ԱՄՆ-ի Իրանի հետ ուղղակի բախման չի գնա, իսկ ԱՄՆ-ն՝ առանց իր հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի: Այսինքն՝ հենց Եվրոպան էլ այս մեծ խաղի հիմնական բաղադրիչն է՝ ներկայիս ողջ գլոբալ պայքարը ուղղված է Եվրոպայի վերջնական դիրքորոշմանը: Ամբողջ խնդիրը հետեւյալն է. Եվրոպայի համար ԱՄՆ-ը ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաեւ՝ տնտեսական հիմնական գործընկեր է: Բայց մյուս կողմից էլ՝ հատկապես Թրամփի կառավարման ժամանակահատվածում Եվրոպայի համար առավել քան տեսանելի դարձավ, որ Վաշինգտոնը, հանուն սեփական դիրքերի, պատրաստ է գնալ դաշնակցի դիրքերի ծայրահեղ թուլացման: Այսինքն, Վաշինգտոնը կոնկրետ քայլերը կատարում է բացառապես սեփական շահերի հաշվարկով, եթե անգամ դա նույնքան կոնկրետ վնասներ է հասցնում Եվրոպային: Կոնկրետ օրինակները բազմաթիվ են: Այդ թվում՝ նույն «Մետաքսի ճանապարհը» Եվրոպային տարբեր ուղղություններից հսկայական շահույթներ է խոստանում, այդ թվում՝ առեւտրաշրջանառությունը ծովից ցամաք տեղափոխելու դեպքում ինքնարժեքի եւ ժամկետների էական նվազեցման տեսքով: Բայց եթե այն ԱՄՆ-ին վնաս է, ուրեմն՝ Եվրոպան նման ծրագրերի մասնակցելու իրավունք չունի: Ավելի տեղայնացված օրինակ. հայտնի է, որ ռուսական գազը Եվրոպայի համար ամենամատչելին է, իսկ ԱՄՆ-ն բացահայտորեն պահանջում է Գերմանիայից՝ հրաժարվել նոր գազատարից՝ «Հյուսիսային հոսք-2»-ից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի խոստացած այս նոր պատժամիջոցները եւս տնտեսական առումով մեծ հարված են Եվրոպայի համար: Դա ընդունում է նաեւ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ՝ Եվրոպայից պահանջելով, արդեն նաեւ՝ սպառնալով՝ գնալ այդ կորուստներին: Իսկ ի՞նչ կլինի Իրանի հետ պատերազմի դեպքում. միայն այն, որ նավթի եւ գազի գները կբազմապատկվեն, արդեն բավական է, որ եվրոպական տնտեսությունը դոմինոյի էֆեկտով հարյուրավոր միլիարդների, եթե ոչ՝ տրիլիոնների կարգի կորուստներ ունենա: Մինչդեռ այսքանից հետո Վաշինգտոնը դեռ մի բան էլ բարձրացնում է Եվրոպայից ԱՄՆ մատակարարվող մի շարք ապրանքատեսակների մաքսային արժեքները: Այսպիսով, ԱՄՆ-ին կհաջողվի՞ Իրանի ուղղությամբ մեծ կոալիցիա ստեղծել, որի պարագայում պատերազմի հարցը կարելի է վերջնականապես լուծված համարել: Փաստն այն է, որ մինչ այս պահը Եվրոպան համառորեն դիմադրում է:

Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով

 

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Նախ՝ չնայած Վաշինգտոնի ամենահամառ փորձերին, այդ թվում՝ բուռն ճնշումներին, Եվրոպան այդպես էլ չմիացավ Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու գործընթացին, անգամ՝ խստորեն դատապարտեց ԱՄՆ-ի այդ քայլը: Ավելին, դատապարտեց նաեւ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելն ու դրա հետեւանքով պաղեստինցիների վրա հարձակումները: Վերջապես, նույն տեմպերով դատապարտում է նաեւ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների գաղափարը: Փոխարենը, Եվրոպան սկսել է ակտիվ եւ ինչ-որ տեղ նաեւ ցուցադրական ռեվերանսներ Ռուսաստանի ուղղությամբ: Դա ցույց տվեց անցած շաբաթվա վերջերին կանցլեր Մերկելի այցը ՌԴ եւ Վլադիմիր Պուտինի հետ առավել քան ջերմ հանդիպումը: Նույնպիսի այց է կատարում նաեւ Ֆրանսիայի նախագահը, այն էլ՝ վերջերս ԱՄՆ-ի հետ միասին Սիրիան հրթիռակոծելուց հետո: Պոմպեոյի հիշատակված հայտարարությունից հետո եւս եվրոպական ռեակցիան մնում է նույն հարթությունում: Օրինակ՝ գերմանական արտգործնախարար Մաասի արձագանքը հետեւյալն էր. «Մենք ի գիտություն ընդունեցինք ամերիկյան դիրքորոշումը... Մեզ համար իրադրությունը չի փոխվել: Եվրամիությունը Սոֆիայի գագաթաժողովում միասնական ազդանշան տվեց այն մասին, որ մենք ցանկանում ենք պահպանել Իրանի վերաբերյալ համաձայնագիրը»:

Ավելին. Եվրոպայից, գոնե այս պահի դրությամբ, ազդակներ են ստացվում, որ պատրաստ են անգամ ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմի գնով պահպանել ներկայիս աշխարհաքաղաքական կուրսը: Ընդ որում, անգամ սպառնալիքներ կան, որ նման տնտեսական պատերազմը չափազանց ծանր կարող է լինել հենց ԱՄՆ-ի համար: Այդ թվում, որ Եվրոպան պատրաստ է մինչեւ անգամ Իրանից ձեռք բերվող նավթի գնումներում հրաժարվել դոլարից՝ անցնելով եվրոյի. դա միանգամայն ձեռնտու է ԵՄ-ին եւ Իրանին, մինչդեռ նավթադոլար սկզբունքին ուղղված շատ ծանր հարված կդառնար: Այսպիսով, հնարավո՞ր է, որ Եվրոպան փոխի իր այս ռազմավարությունը: Իհարկե, ոչ մի բան արդի աշխարհում չի բացառվում, առավել եւս, որ կոնկրետ դեպքում Եվրոպայի դիրքորոշման համար լուրջ ջանքեր է թափում նաեւ հրեական լոբբին: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ  եվրոպական այս նոր քաղաքականության հիմքում դրված է ոչ միայն տնտեսական լուրջ շահը կամ հնարավոր վնասը, այլ՝ սեփական անվտանգության խնդիրը: Ի վերջո, եթե իրոք սկսվի նաեւ ՌԴ-ի մասնակցությամբ մեծ պատերազմ, ապա հենց Եվրոպան է դառնալու հիմնական թիրախներից մեկը: Այն դեպքում, երբ ինչպես նաեւ Պուտին-Մերկել վերջին հանդիպման հիմքում էր ընդգծված, իրադարձությունների ներկայիս ընթացքը խոստանում է այն կարգի տնտեսական տեղաշարժեր, որ միայն դա արդեն իսկ երաշխավորում է Եվրոպայի անվտանգությունը, ընդ որում, առանց Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր այստեղ պահպանվող ամերիկյան օկուպացիոն ուժերի: Կարճ ասած, նոր աշխարհը կարծես թե սկսում է միանգամայն հստակ ուրվագծվել, միայն թե անգլոսաքսոնիզմին երբեք պետք չէ թերագնահատել:

Բեռլինն ուսումնասիրում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА