ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

23.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

Արդեն երկու շաբաթ է, ինչ ունենք նոր վարչապետ եւ կառավարություն, սակայն Ազգային ժողովը այդպես էլ չի ստացել գործադիրի մշակած որեւէ կոնցեպտուալ, հիմնարար օրինագիծ: Կառավարությունից խորհրդարան գալիս են դեռեւս այն ընթացիկ նախագծերը, որ ժառանգություն են մնացել «ռեժիմից»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

 

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԴՄՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Եթե Պետրոս առաքյալը «մինչ աքլորականչը» հասցրել էր երիցս ուրանալ իր ուսուցչին, ապա մեր նոր կառավարության որոշ անդամներ Սահմանադրությանը հավատարիմ մնալու երդում տալուց շատ կարճ ժամանակ անց, անգամ չսպասելով մութն ընկնելուն, հասցրել են ուրանալ այդ երդումը: Ահավասիկ. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի երդման արձագանքը դեռ Բաղրամյան 26-ի պատերում չմարած, ուղիղ եթերով դիմեց ուսուցիչներին` հորդորելով դուրս գալ ՀՀԿ շարքերից: Հիմա պատկերացնո՞ւմ եք, օրինակ, թե ինչ կկատարվեր, եթե Արմեն Աշոտյանն իր ԿԳ նախարար եղած ժամանակ կոչ աներ մարդկանց դուրս գալ այս կամ այն ընդդիմադիր կուսակցության շարքերից: Հաստատ գարշահոտ աղմուկը կհասներ Ստրասբուրգ եւ Վաշինգտոն, եւ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա չդառնար, ապա գոնե բոլոր միջազգային կազմակերպությունները կհասցնեին դատապարտել բռնապետության հաստատման այդ ակտը: Սակայն, Արայիկ Հարությունյանի հակասահմանադրական կոչի շուրջ լռություն է, լուռ են ժողովրդավարության պաշտպան միջազգային ատյանները, լուռ են նաեւ սաքունցազգի իրավապաշտպանները: Հարցին ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիր ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ` հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից, ուղղորդելով, ձեւակերպելով քաղաքական կոնսուլտացիաներ եւ քաղաքական ուղղորդումներ իրականացնել: Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն ինչպես դուրս գալ մեր կուսակցությունից, եթե այդպիսի ցանկություն ունեն, եւ գիտեն ինչպես մտնել մեր կուսակցություն»:

Սակայն Սահմանադրության հետ խնդիր ունեն ոչ միայն նախարարները, այլեւ կառավարության ղեկավարը: Ըստ Աշոտյանի. «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հայտնում է, որ երբ ինքը հորդորի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր է»:

ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞ՏՆ Է ԱՍՈՒՄ` «ՆԱՌԱ, ԴՈՒ ՍՈՒՍ»

Աշոտյանն ասաց, որ ինքը մտահոգություն ունի նաեւ այլակարծության եւ բազմակարծության անհանդուրժողականության հետ կապված եւ վստահեցրեց: Որ իր այդ մտահոգությունը նաեւ կիսում են հարյուրավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձեւավորված իշխանությունների հասցեին: «Սահմանադրականության խնդիր եմ տեսնում, երբ նոր վարչապետը հորդորում է նախկին նախարարին հրապարակավ կարծիքներ չհայտնել, օրինակ, սոցցանցերում»: Աշոտյանը նշեց Սահմանադրության այն հոդվածները, որոնք, ըստ նրա, խախտել են նոր իշխանությունները` հոդված 3, հոդված 8, հոդված 29, հոդված 30, հոդված 46, հոդված 42: Արմեն Աշոտյանն ասաց, որ նոր իշխանությունները պարտավոր են այս իրավունքները սրբորեն պահպանել: 

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄԼԻՉԻ ՏԱԿ

Եվ այսպես, ՀՀԿ փոխնախագահը մատնանշում է Սահմանադրության մի շարք հոդվածների ոտնահարումը, այն էլ` կառավարության երդումից ժամեր անց: Նա մատնանշում է, որ անգամ փորձում են փակել պաշտպանության նախկին նախարարի բերանը` կասկածի տակ դնելով նրա իրավունքը` Ֆեյսբուք սոցիալական ցանցում սեփական կարծիք հայտնելու: Ընդհանրապես, լրատվական դաշտը տարօրինակ ձեւափոխումների է ենթարկվել: Այսօր ժամանակին հակաիշխանական կրքերից եռացող Ֆեյսբուքը էապես ավելի հովվերգական Հայաստան է պատկերում, քանիցս չարչրկված «Հ1-ի Հայաստանը»: Կարծես, ինչ-որ անտեսանելի ձեռք հսկում է, որպեսզի ՀՀ ազատ եւ հպարտ քաղաքացիները նոր իշխանության մասին գրեն բացառապես սպիտակ ու պուպուշ բաներ: Այդ անտեսանելի ձեռքը, իսկ կոնկրետ անունն ունի` ֆեյքերի հսկայական բանակը, որը ստեղծում է իր համատարածության պատրանքը, ամենաագրեսիվ ձեւով թավշյա տեռորի ենթարկելով բոլոր չհամաձայնողներին` նրանց գլխին լցնելով հայհոյանքների եւ սպառնալիքների հեղեղներ: Համ էլ, քաղաքացիները չեն մոռացել, թե ինչպես հեղափոխության «պատժիչ ջոկատները» այցելում էին իրենց առաջնորդի հետ չհամաձայնվող պատգամավորների տներ` իզուր տեղը չէ, որ դրա տեսագրությունները այդ աստիճանի լայնորեն տարածվել էին համացանցում: Մարդկանց պարզ հասկացրել են, թե ինչ կլինի ցանկացած չհամաձայնողի հետ: Եվ այդ` ուղիղ եթերում ցույց տված հանցագործությունների կազմակերպիչների եւ կատարողների հետեւից չի եկել եւ ոչ մի ոստիկան, կամ դատախազ, ու այդքանից հետո դեռ բարբաջողներ կան, իբր դատախազությունը շարունակում է մնալ ՀՀԿ-ի վերահսկողության տակ...

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

Սակայն վերադառնանք լրատվական կայքերին: Լուրերում ժամանակին «Սասնա ծռերը» հերոս էին ու քաղբանտարկյալ, հիմա դարձել են սովորական հանցագործ եւ տեռորիստ: Նրանց աջակիցների ամեն փռշտոց` լիներ դա դատարանի դահլիճում կամ փողոցում, սփռվում էր լրատվական կայքերի ուղիղ եթերում, իսկ հիմա ոստիկանության կողմից գիշերով այդ կողմնակիցների պիկետը ցրելը անցավ որպես չորրորդական լուր կայքերի ետնախորշերում: Ի դեպ, նուն բախտին է արժանանում եւ այն, որ Ջերմուկ քաղաքի շուրջ բնապահպան ցուցարարները արդեն քանիերորդ օրն է փակել են ճանապարհները` բողոքելով Ամուլսարի հանքավայրի դեմ, սակայն լրատվական կայքերում այդ իրադարձությունը, կարծես թե, գոյություն չունենա...

Եվ այդպես` շատ ու շատ իրադարձություններ: Առաջնագծում տեղի ունեցած միջադեպերը, զոհված եւ վիրավորված զինծառայողների մասին տեղեկությունները այժմ լրահոսի առաջին հորիզոնականներում չեն, այլ մի տեսակ գունաթափ լուրերի տեսքով են...

Իսկ «Ելքին» եւ, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակությանը» սպասարկող իշխանական լրատվամիջոցները, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակը» բնակչությանը կերակրում է վարչակարգի հաջողությունների եւ փայլուն ապագայի մասին գույնզգույն հեքիաթներով: Դե, ինքներդ եք հասկանում, ով որ հանդգնի դրան չհավատալ` ռեւանշիստ է, սադրիչ, հակահեղափոխական: Բարեբախտություն համարենք, որ դեռեւս համատարած կիրառություն չի ստացել 1937 թվականի նմուշի «ժողովրդի թշնամի» եզրույթը...

«ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՖՈՆԻ ՎՐԱ

«Ելքի» դաշնակիցներ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ունենալով հանդերձ կոնկրետ նախարարական պորտֆելներ, մինչեւ հիմա չգիտեն` իրենք «Ելքի» հետ կոալիցիայի մե՞ջ են, թե` ոչ: Ավելին, «ռեժիմից» ժառանգություն հասած ուժային կառույցների ղեկավարներին հաշվի առնելով, կարելի՞ է արդյոք մտածել, որ կոալիցիայի անդամ է ինչ-որ ձեւով նաեւ «գահընկեց» եղած ՀՀԿ-ն: Այսինքն` նույն ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք այդքան գեղեցիկ բառեր են շռայլել «համաժողովրդական շարժմանը» զորակցելու մասին, հաճույքով վերցնում են պաշտոնները, բայց չեն շտապում ստանձնել քաղաքական պատասխանատվություն: Իսկ մի քանի օրից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ԱԺ-ին  ներկայացնի իր ծրագիրը, որը, ի տես բոլորի, պետք է դրվի խորհրդարանի կայքէջում: Հիմա որտեղի՞ց պետք է  «քոփի-փեյսթ» անեն ու իրար կցմցեն այդ ծրագրի դրույթները, հայտնի չէ: Սեփականը գրել չեն հասցնի, «Ելքի» 2017-ի նախընտրական ծրագիրն էլ Նիկոլը բարեհաջող դեն է նետել աղբարկղ: Եվ ահա, այդ պայմաններում հայտնվում են հայտարարություններ, որոնք մի տեսակ, եթե ոչ վախ, ապա անհարմարավետություն են հարուցում: Այսպես, բազմաթիվ  արեւմտյան գրանտների եւ ուսումնական ծրագրերի դափնեկիր, այժմ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ով, ըստ Սահմանադրության, արտակարգ լիազորություններ ունի, հայտարարում է. «Իմ ղեկավարած կառույցը հանդիսանալու է պետական հիվանդ համակարգի առողջացման գլխավոր կլինիկան ու կոռուպցիայի հիմնահատակ կազմաքանդելու «ջարդող գումարտակը»: Մի բան ուզում եմ հստակ իմանաք, որ ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ, ավելին` Պետական վերահսկողական ծառայությունը կառավարությունից դուրս է, կառավարության «ընդդիմադիր» կառույցն է»: Ահա այդպես ոչ ավել, ոչ պակաս` ջարդող գումարտակ: Մի տեսակ զուգահեռներ են երեւում մեկ դար առաջ բոլշեւիկների ստեղծած «Չեկայի»` Արտակարգ հանձնաժողովի հետ: Բայց եթե իր վարքագծով ու նույնիսկ դեմքով Ավիս Նուրիջանյանին նմանվող Դավիթ Սանասարյանը ուղիղ տեքստով է խոսում «ջարդելու» մասին, մյուս թավշակրոնները ջարդելու գործընթացը մատուցում են պլպլան փաթեթավորմամբ: Այսպես, թավշակրոն նախարար Արայիկ Հարությունյանն ունեցավ թավշակրոն տեղակալներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արեւիկ Անափիոսյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ` Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ: Երկուսն էլ, այսպես կոչված, հանրային քաղաքականության ինստիտուտից են, որի ծրագրերը կապված են Erasmus Mundus and Tempus Projects ցանցի հետ: Իսկ այդ ցանցը գլոբալիստական կրթական համակարգ է երիտասարդների համար, կամ իրերը ճիշտ անունով կոչելով, ուղեղների հսկայական լվացքատուն: Դա էլ է, ըստ էության, «ջարդող գումարտակ», սակայն թավշյա արտաքինով, որի կիզակետում կրթական համակարգն է: Եվ որպեսզի այսօրվա աշակերտն ու ուսանողը, որը վաղվա պահանջկոտ քաղաքացին է եւ քաջ զինվորը, հանկարծ չսպառնան թավշակրոնների վարչակարգին, նման է, որ վարչակարգի մոտ ցանկություն կա կրթական համակարգը վերածել, այսպես ասած, «զոմբիլենդի»: Համենայնդեպս, այդպիսի ենթադրությունն անհիմն չէ:

«ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՈՌԱՑԵՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА