ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ՝ «ՀԵՆՑ ՎԱՂՎԱՆԻՑ ՉԻ ԼԻՆԻ ՈՉ ՄԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ»

22.05.2018 21:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ՝ «ՀԵՆՑ ՎԱՂՎԱՆԻՑ ՉԻ ԼԻՆԻ ՈՉ ՄԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ»

Այն, որ հայության մի զգալի հատվածի մոտ, կապված Նիկոլ Փաշինյանի վարչապետության հետ, սոցիալ-տնտեսական առումով մեծ սպասելիքներ կային, անվիճելի փաստ է: Թեեւ արդեն մի փոքր դժկամություն է նկատվում, սակայն բոլորն էլ հասկանում են՝ հազիվ մի քանի օր վարչապետի պաշտոնը զբաղեցրած, նոր-նոր կառավարություն ձեւավորող եւ դեռ անգամ կառավարության ծրագիր չունեցող մարդուց այս պահին շատ բան չես պահանջի: Բայց այս կարճ ժամանակահատվածը պետք է բավարարեր՝ գոնե նախնական տպավորություն ստանալու համար, թե ինչ հիմքեր են դրվում խոստացված բարգավաճման հիմքերում:

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

 

ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ ԵՆ

Առավել եւս որ, հիշեցնենք, դեռ վարչապետ ընտրվելու պահին էր Նիկոլը տնտեսական զարգացման միանգամայն պարզ մեխանիզմ առաջարկում: Այն է, երկրում պետք է լինի լիակատար արդարություն, որն էլ կբերի մեծ ներդրումների ու սոցիալ-տնտեսական վերելքի: Հետեւաբար, ըստ Փաշինյանի. «Բոլոր մարդիկ անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ, եւ սա առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին: Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար...»: Եվ որ պակաս կարեւոր չէ. «Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ...»:

Բայց ինչքանո՞վ է Նիկոլի առաջին քայլերը համապատասխանում այս առանցքային խոստումներին: Սկսենք կառավարության կազմից, որտեղ, բացի Փաշինյանի կադրերից, էական տեղեր են տրված նախ՝ ԲՀԿ-ին, ապա՝ ՀՅԴ-ին: Ընդ որում, տնտեսական ուղղության ամենաառանցքային նախարարությունները: Մի կողմ թողնենք այն ոչ պակաս էական հարցը, որ երկու ուժերն էլ այդ առանցքային ուղղությունների ղեկավարներ են առաջադրել անձանց, որոնք կա՛մ այդ ոլորտի հետ որեւէ կապ չունեն, կա՛մ՝ վաղուց են կորցրել վստահությունը, ինչպես, օրինակ, տնտեսական զարգացման եւ ներդրումների հին ու նոր նախարար Արծվիկ Մինասյանը: Իրավիճակին մոտենանք մյուս կողմից: Այն, որ ԲՀԿ-ն իր բնույթով եղել եւ մնում է հայաստանյան հին օլիգարխիկ համակարգերից մեկը, ընդ որում, հանրային գիտակցության մեջ սերտորեն կապված հայաստանյան օլիգարխիային ծաղկման հասցրած Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, կհաստատեն 100-ից 99-ը, եթե ցանկացած պահի ելնեք փողոց եւ հարցնեք: Շատերն էլ, միգուցե, կավելացնեն՝ փոխարենը Գագիկ Ծառուկյանը բարեգործություններ է անում: Լավ, թող անի, կեցցե Գագիկ Ծառուկյանը, միայն թե ի՞նչ կասեք օրերս բողոքի ելած Արարատի ցեմենտի գործարանի աշխատողներին: Սակայն խոսքն այդ մասին չէ, այլ՝ հետեւյալի: Նույնիսկ դասագրքային իմաստով՝ ո՞րն է օլիգարխիայի խնդիրը: Այո, իշխանությունը սեփական բիզնեսին ծառայեցնելը: Եվ հիմա Փաշինյանն այդ ինչպե՞ս է երաշխավորելու, որ ԲՀԿ-ական նախարարներն իրենց պաշտոնական դիրքով չեն նպաստելու ԲՀԿ-ական գործարարների բիզնեսին: Ընդ որում, հաշվի առնելով, որ նույն նախարարների վրա ներազդելու գոնե կոալիցիոն հուշագրի լծակ Փաշինյանի ձեռքին չկա: ՀՅԴ-ում էլ, թեեւ խիստ ընդգծված մեծահարուստներ չկան, սակայն այդ կուսակցությունը գործնականում մշտապես ընդգրկված է եղել իշխանական համակարգում, եւ դժվար է հիշել գոնե մեկ ՀՅԴ-ական նախարարի, որի մասին կարելի է դրվատանքով խոսել: Բա ՀՅԴ-ական նախարարների՞ն Փաշինյանն ինչպես է վերահսկելու, որ գործարար ՀՅԴ-ականները հերթական ՀԷԿ-ի կամ նման մեկ այլ բիզնեսի արտոնություն չստանան: Հաջորդը: «Հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ»,- խոստացավ Փաշինյանը՝ վարչապետ դառնալով: Մինչ այս պահը որեւէ մեկի մոնոպոլիան գոնե մի փոքր տատանվե՞լ է: Չնայած, այստեղ մեկ ուշագրավ նրբություն էլ կա: Օրինակ պարոն Փաշինյանը, հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է վերացնելու հայաստանյան ցեմենտի մենաշնորհը: Նախ՝ մոնոպոլիստը հենց իր գործընկերն է: Դա էլ մի կողմ. ցեմենտի մոնոպոլիան վերացնելու համար կա՛մ պետք է ինչ-որ մեկը նոր ցեմենտի գործարան կառուցի, կա՛մ էլ դրսից մեծ ծավալներ բերեն: Երկուսն էլ տնտեսապես դեռ շատ երկար ժամանակ ձեռնտու չի լինի: Այսինքն, մոնոպոլիան ինչպես եղել է, այնպես էլ կլինի: Նույնը կարելի է ասել բազում այլ մոնոպոլիստական ապրանքների մասին, այդ թվում՝ ներկրվող: Պատճառն էլ պարզ է՝ հայաստանյան փոքրածավալ շուկան մի շարք կարեւորագույն ապրանքատեսակների պարագայում մեկ, երկու, առավելագույնը՝ երեք ներկրողը միանգամից հագեցնում է. շատ ներկրողների դեպքում ծավալներն են փոքրանում, այսինքն՝ գինն է աճում: Օրինակ՝ ցորենի, շաքարավազի, վառելիքի եւ նման մի շարք ապրանքային շուկաներ ամենամեծ ազատությունների դեպքում անգամ նոր ներկրողը ինքնարժեքի առումով խնդիրներ է ունենալու՝ չդիմանալով մրցակցությանը: Իհարկե, կարող է ինչ-որ մեկը գործող մոնոպոլիստի համեմատ ավելի մեծ ծավալներ բերի, գինը նվազեցնի եւ հաղթի: Բայց այս դեպքում էլ նոր ներկրողն է դառնալու մոնոպոլիստ: Կամ կունենանք երկու մոնոպոլիստ, որոնց ներքին գնային քաղաքականությունը ինչ-որ պահի կհավասարվի, եւ սպառողն էլի բան չի ստանա: Մի խոսքով, մոնոպոլիան վատ բան է: Մինչդեռ իրողությունն այն է, որ մեր շուկայի պարագայում շատ ապրանքների համար պարզապես այլընտրանք չկա: Կարճ ասած, շատ շուտով բոլորն էլ կհամոզվեն, որ ինչպես Նիկոլի խոստացած «հենց վաղվանից», այնպես էլ՝ մի տարուց մոնոպոլիաներ դեռ կլինեն: Ու հետո մոտավորապես նույն բացատրությունն են տալու, թե ինչու դրանք չվերացան: Լավ, դա պարզից էլ պարզ է: Ուրեմն, ինչո՞ւ էր նման խոստումներ տալիս:

«ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»

 

ՄԱՐԴԻԿ ԷԼԻ «ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ԲԵՌԻ ՏԱԿ»

Եվս մեկ դրվագ: Փաշինյանի խոստումներից մեկն էլ սա էր. «Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ` հատկապես գյուղական համայնքներում, պարզապես տառապում են վարկային աներեւակայելի բեռի տակ, ինչը բազմաթիվ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար: Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից եւ նրանց նեղ վիճակից, աներեւակայելի վարկային բեռներ են բեռնել քաղաքացիների վրա... Մենք պիտի շուտափույթ լուծենք բոլոր վարկային տույժ-տուգանքների խնդիրը, եւ սա պետք է անենք այնպես, որ չտուժեն նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները»:

Փայլուն խոստում է: Միայն թե, եթե Փաշինյանն այդքան մտահոգված է, որ մարդկանց, իր իսկ բնութագրմամբ, այդպես թալանած բանկերը չտուժեն, ուրեմն այդ ինչի՞ հաշվին է լուծում «բոլոր վարկային տույժ-տուգանքների խնդիրը»: Լավ, ասենք բանկերին համոզեցին, սրանք էլ այդ բոլոր վարկային տույժ-տուգանքները հանեցին: Բայց չէ՞ որ նշված «աներեւակայելի վարկային բեռները» կմնան: Կմնան նաեւ այդ վարկային տույժ-տուգանքները սահմանող նորմերը: Այսինքն, վարկառուն էլի չի կարող մուծել եւ մի ամսից նոր տուգանքների առաջ կկանգնի: Ուրեմն՝ ի՞նչ փոխվեց: Այսպիսով, մի քանի առանցքային հարցերի շուրջ Փաշինյանի խոստացած լուծումները, որ պետք է արդեն մայիսի 10-ից՝ «հենց վաղվանից» ինչ-որ կերպ երեւային, ոչ միայն դեռ տեսանելի էֆեկտ չեն տվել, այլ նույնիսկ պատկերացում անգամ չկա, թե առհասարակ տալո՞ւ են եւ ի՞նչ մեխանիզմով: Չնայած` սպասենք, միգուցե կառավարության ծրագրում «հեծանիվի հայտնագործման» ականատե՞ս կլինենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ռուսաստանը շատ էժան գնով է գազ տալիս Հայաստանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА