ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեժիմը փոխվեց սորոսածին կառավարությա՞մբ, ու դա կոչենք հեղափոխությո՞ւն»

22.05.2018 03:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ռեժիմը փոխվեց սորոսածին կառավարությա՞մբ, ու դա կոչենք հեղափոխությո՞ւն»

Ասում եք՝ հեղափոխությու՞ն։ Չգիտեմ։ Հնարավոր է։

…Պարզապես ես մի քիչ այլ պատկերացումներ ունեի հեղափոխությունների՝ դրանց գաղափարական հենքի, նախապատրաստական աշխատանքների, ընթացքի, ավարտի ու ազդեցությունների մասին։

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

Ասում են, թե երբ Չինաստանի Պետխորհրդի առաջին ղեկավար Չժոու Էնլային հարցրել են, թե ինչ է նա կարծում ֆրանսիական մեծ հեղափոխության մասին, վերջինս պատասխանել է, որ դեռ ընդամենը 200 տարի է անցել եւ վաղ է դատողություններ անելը։ Չժոուի այս խոսքերը երկու-երեք օր առաջ հիշեցի, երբ Երեւանի բուհերից մեկում ներառված էի ավարտական պետական քննության հանձնաժողովի կազմում։ Ուսանողների մի ստվար զանգված, պատասխանելով քննակական հարցերին կամ պաշտպանելով թեզերը, անընդհատ նշում էր, որ հեղափոխությունից հետո այսպես կլինի, հեղափոխությունից հետո այնպես կլինի... Ֆետիշացում կա այս ամենի մեջ։ Շատերն անգամ պնդում են, որ հիմա արդեն Եվրոպան նախանձով է նայում մեզ, ուզում է սովորել եւ այլն։ Այսինքն՝ հեղափոխության արտահանման պլաններ են մշակվում, փաստորեն, արդեն։ Բրավո։

Բայց միթե՞ ամեն ինչ այդքան հեշտ ու պարզ է։ Թե՞ դա փոքր պետությունների հատկանիշ է, երբ մեկ օրում ուզում ես հասնել նրան, ինչի համար ուրիշներին դարեր են պետք եկել։ Եվ դրա համար նորից եմ հարց տալիս։ Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը։ Քրեաօլիգարխիկ ռեժիմը փոխվեց սորոսածին կառավարությա՞մբ։ Ու դա կոչենք հեղափոխությո՞ւն։ Լավ։ Ուրեմն՝ հաջորդ քայլին ստիպված կլինենք սպասել ծառուկյանաստեղծ կամ նման մի օլիգարխագեն կառավարության։ Կեցցե՛ հեղափոխությունը...

...Գիտեք՝ էս ամբողջ պատմության մեջ մի բան է շատ ջղայնացնում, մի բան էլ՝ մխիթարում։ Վատից սկսեմ։ Այն, որ չկան պատմաբանների, փիլիսոփաների, հասարակագետերի եւ այլ մասնագետների ադեկվատ գնահատականներ։ Էյֆորիայի ալիքը, ցավոք, գրեթե բոլորին է պատել։

Իսկ մխիթարողն այն է, որ համատարած էյֆորիայի մեջ ես կարողացա գտնել այն մարդուն, որը թեեւ սրտանց ուզում էր փողոց դուրս գար եւ «մերժեր Սերժին», բայց վստահեց իմ փաստարկներին ու չդարձավ վատ գործի մասնակից։ Իմ կարծիքով իրական հեղափոխության ակունքներում հենց նա է կանգնելու։ Ու նրա նման հազարներն ու հարյուր հազարները։ Մարդիկ, ովքեր կարողանում են վեր կանգնել ամեն ինչից ու աղմուկի մեջ լսել այն, ինչն իսկապես կարեւոր է։

Եվ ուրեմն՝ Աստված պահապան մեր Հայրենիքին։ Ու թող որ իրական հեղափոխությունը կայանա։

Քաղաքագետ

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА