o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«...ԶԻ ԵՐԿՐԻԴ ԻՇԽԱՆԱՒՈՐՔ ՄԱՆՈՒԿ ԵՆ»

18.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«...ԶԻ ԵՐԿՐԻԴ ԻՇԽԱՆԱՒՈՐՔ ՄԱՆՈՒԿ ԵՆ»

Բնականաբար, հիմնական քննարկվող թեմաներից մեկը նոր կառավարությունն է, ուր հայտնվել են  հանրությանը գրեթե անհայտ բազում երիտասարդներ: Եվ հնչում է հարցադրում` ովքե՞ր են այդ մանուկ նախարարները, ուր են տանելու երկիրը, եւ արդյո՞ք մեզ չեն առաջնորդի ի կործանում: Նաեւ կեսկատակ-կեսլուրջ կարծիք է շրջանառվում, որ ավելի լավ է այդ պատանիները ոչինչ չանեն, բավարարվեն միայն մեծ-մեծ խոսելով, որպեսզի գոնե դրանով մեզ զերծ պահեն վնասից:

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐՆ ՈՒ ԹԱՎՇՅԱ ՔԱՈՍԸ

Սակայն ամեն ինչ պարզունակ սխեմայի մեջ չի տեղավորվում, եւ արժե դիտարկել, թե ինչով է զբաղված թավշակրոնների թիմը: Առավել եւս, որ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնին նշանակվեց թավշյա հեղափոխության գլխավոր տեխնոլոգներից մեկը` Արմեն Գրիգորյանը: Կառավարության ձեւավորումով  թավշյա տեռորը կանգ չառավ: Պարզապես փոխվել են թիրախները: Եթե հեղափոխության ընթացքում «պատժիչ ջոկատների» հիմնական թիրախը ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էին, գումարած նաեւ մանկավարժները, ովքեր փորձում էին կանխել դպրոցականների ներգրավումը ցույցերին, ապա այժմ «դրբի տակ» են համայնքների ղեկավարները` իրենց թիմերով, գումարած նաեւ այն մարդիկ, ումից թավշակրոնների վարչակարգը ձգտում է ձերբազատվել նախարարություններում եւ գերատեսչություններում: Վարչապետի խոստումը, որ կադրային ջարդ չի լինի, այդպես էլ մնաց խոստում, քանզի դեռատի նախարարները ոլորտային քաղաքականության ծրագրեր մշակելու փոխարեն հիմնականում սկսել են հենց կադրային հարցից: Տղաներն ու աղջիկները, այսպես ասած, «դրվածք են դնում»:

Առանձին թիրախ են գլխավոր դատախազը, ՀՔԾ-ի պետը, նաեւ դատական համակարգը... Այդ եւ մի շարք այլ օղակների ղեկավարների փոփոխության սահմանադրական մեխանիզմներ չկան, եւ հենց այդ պատճառով է ընտրված թավշյա տեռորի տեխնոլոգիան: Հենց այդ պատճառով է, որ մի կողմից խրախուսվեց ցուցարարների ներխուժումը Երեւանի քաղաքապետարան, մյուս կողմից խրախուսվեց «Սասնա ծռերի» կողմնակիցների ճնշումը դատարանի եւ իրավապահ մարմինների վրա:  Ու բոլոր այդ դեպքերում ոստիկանությունը անգործության էր մատնված: Եվ ինչպիսի տարրեր են  ի հայտ եկել: Զորօրինակ, քաղաքապետարան ներխուժածների մեջ առանձնանում էր մի հատված, որը դժվար է բնութագրել այլ կերպ, քան «գեյ-պառադ», ի հավելումն դրա նաեւ ունենք ատրճանակով եկած ցուցարարի օրինակը: Եվ ի՞նչ արեց ոստիկանությունը` զենքով ցույցի եկածին անհապաղ ձերբակալելու փոխարեն հետաքրքրվեց, թե արդյոք զենքի օրինական փաստաթուղթ կա: Կարծում ենք, ակնհայտ է, որ ոստիկանության անգործությունը պայմանավորված է հենց Նիկոլ Փաշինյանի թավշակրոն վարչակարգի թողտվությամբ, քանզի նրանց ձեռնտու է այլոց ձեռքով ճնշումներ կազմակերպել ինչպես մայրաքաղաքի քաղաքապետարանի, այնպես էլ` դատաիրավական մարմինների վրա: Սակայն փողոց փակելով ու տարատեսակ օրինազանցություններով ճնշումներ գործադրելն ունեցավ եւ իր հակառակ կողմը: Միանգամից մի քանի ցույցեր եղան Բաղրամյան 26-ի մոտ, ուր յուրաքանչյուր կոնտինգենտ իր դարդուցավի անհապաղ լուծումն էր պահանջում վարչապետից: Տարբեր խոշոր ձեռնարկություններում գործադուլներ եղան` աշխատավարձի հարցով, տարբեր տեղեր ավտոճանապարհներ փակվեցին: Այսինքն` ստեղծվեց հեղափոխական թավշյա քաոս, որից դժգոհում էին գրեթե բոլորը: Տեր-Պետրոսյանն էլ իր ապերախտ աշակերտ Նիկոլին հրապարակավ դասեր տվեց, որ քաոսը նույնիսկ ավելի վատ է, քան` բռնապետությունը:

Արդյունքում` Նիկոլ Փաշինյանը հարկադրված եղավ հորդորել բոլորին` դադարեցնելու անհնազանդության գործողությունները, եւ անգամ շեշտելու, որ չի կարելի միանգամից բոլորի  հրաժարականը պահանջել: Հեղափոխության առաջնորդի հորդորին անսացին բոլորը, բացառությամբ «ծռաշեղվածների»: Ի դեպ, նրանց եւ վարչապետի միջեւ կոնֆլիկտ է հասունանում, եւ սէֆիլյանական զինյալների կողմնակիցները գնալով ավելի արմատական եւ անզիջում դիրք են որդեգրում նոր իշխանության հանդեպ: Բայց արդյո՞ք փողոց փակողների այդ կոնտինգենտի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին կհանձնարարի ուժ կիրառել: Կապրենք, կտեսնենք, համենայնդեպս, հակառակ պարագայում դա կընկալվի որպես իշխանության թուլություն:

 

ՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՆ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Այն, որ թավշակրոն նախարարները մանուկ են, ամենեւին էլ իրենց հիմնական թերությունը չէ: Ի վերջո, նրանք բոլորը կառավարման տեխնոլոգիա են սովորել Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում, կամ արեւմտյան այլ բուհերում: Սակայն ցանկացած տեխնոլոգիան աշխատող գործիք է, երբ օգտագործվում է կոնկրետ ծրագիր, կոնցեպտուալ, հայեցակարգային գործընթաց իրականացնելու համար: Իսկ թավշակրոնների վարչախումբը հիմա ծրագիր չունի: Եթե զինյալների առաջնորդ Պավլիկ Մանուկյանը ցանկանում էր «զիբլի վեդրոն» նետել Նիկոլին, ապա ինքը` Փաշինյանը, «զիբլի վեդրո» ուղարկեց «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որով այդ քաղաքական ուժը 2017-ին մուտք գործեց խորհրդարան: Նոր ծրագիր գրելու ոչ ժամանակ կա, ոչ էլ` ռեսուրս: Այսինքն` ուզած-չուզած պետք է ուրիշից պատրաստի ծրագիր վերցնեն` փոխելով դրա ընդամենը արտաքին տեսքը, բայց ոչ բովանդակությունը: Առաջինը, ինչ որ առկա է եւ մատչելի` ՀՀԿ ծրագիրն է: Ի դեպ, որպես վարչապետի թեկնածու մայիսի 1-ին եւ 8-ին հանդես գալով ԱԺ-ում, Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր գրեթե անփոփոխ, ընդամենը վերաշարադրած ՀՀԿ-ի ծրագրի դրույթները: Դա, թերեւս, կլինի չարյաց փոքրագույնը` որպեսզի հենց ՀՀԿ-ի ծրագրի համապատասխան բաժինները տրվեն ի կատարումն ֆլետչերական տեխնոլոգիաները գերազանցիկ սովորած մանուկ նախարարներին: Կա նաեւ ուրիշ տարբերակ` ծրագրեր ուզել «քեռի Սեմի» տեղական մասնաճյուղից: Հսկայական անձնակազմ ունեցող Ամերիկյան դեսպանատունը բոլոր տեսակի ոլորտների պատրաստի ծրագրեր եւ մասնագետներ ունի, սակայն, եթե թավշակրոնների վարչակարգը խորշի ազգային պահպանողական, ըստ էության, ցեղակրոն գաղափարախոսության հենքով գրված ՀՀԿ-ական ծրագրային մշակումներից եւ նախընտրի ամերիկյան ծրագրային ֆաստֆուդը, դա արդեն կլինի աղետալի: Քանզի դա կնշանակի երկրի ուղղակի արտաքին կառավարում: Բայց անկախ նրանից, թե ինչ կընտրեն թավշակրոնները` ՀՀԿ-ի ջանքերով արված մշակումները, թե ամերիկյան ծրագրային ֆաստֆուդը, կա նաեւ մի հանգամանք, որը խանգարելու է կուռ իշխանություն լինելուն: Նիկոլ Փաշինյանը գործնականում որեւէ հնարավորություն չունի ներազդելու ԲՀԿ-ական փոխվարչապետի եւ չորս նախարարների վրա, ովքեր Ծառուկյանի թիմի սպասարկող անձնակազմ են եւ, խոշոր հաշվով, թքած ունեն թավշակրոնների բոլոր նպատակների վրա: Նույնը կարելի է ասել եւ դաշնակ նախարարների մասին:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

Թե որ ծրագրահենքն է ընդունելու վարչապետը` կիմանանք հունիսի սկզբներին, երբ պետք է կառավարության ծրագիր ներկայացնի խորհրդարանին: Բայց այդ ծրագրի հարցում Փաշինյանի ամենախոցելի տեղը մնում են հենց իրավիճակային դաշնակիցների` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կադրերը, որոնք, ի դեպ, մինչեւ հիմա  էլ չեն շտապում կողմնորոշվել` իրենք իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА