ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքը ե՛ւ ընդդիմություն է, ե՛ւ իշխանությո՞ւն

16.05.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ծառուկյան» դաշինքը ե՛ւ ընդդիմություն է, ե՛ւ իշխանությո՞ւն

«Ծառուկյան» դաշինքը թեպետ ասում էր, որ առանց նախապայմանների ու կառավարությունում պորտֆելներ ունենալու հավակնությունների է միացել Նիկոլ Փաշինյանի շարժմանը, ապա քվեարկել նրա օգտին, որպեսզի ընտրվի վարչապետ, բայց այսօր արդեն մեկ փոխվարչապետի եւ 4 նախարարական պորտֆելի տեր է: Իսկ թե հետայսու «Ծառուկյան» դաշինքն ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, չեն շտապում հայտարարել եւ ոչ էլ երկրի կառավարման պատասխանատվությունն ամբողջովին կիսել Ն. Փաշինյանի հետ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՑԱՆԿԱԼԻ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

– «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում որպես իշխանությո՞ւն է հանդես գալու, թե՞ շարունակելու է ընդդիմադիր դաշտում գործել:

– Մենք առայժմ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն ենք, բայց զարգացումները բերեցին նրան, որ նաեւ գործադիրում իշխանության մաս ենք: Այս իմաստով սա Սահմանադրությանը երբեւէ անհայտ վիճակ է: Բայց այստեղ չեմ ուզենա ուժերի ձեւական տեղաբաշխման վրա շեշտը դնել, կարեւորն այն է, որ Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները թե՛ մինչեւ կառավարության կազմի վերջնական ձեւավորումը, եւ թե՛ դրանից հետո` պատվով, պատասխանատվությամբ կատարում է իրենց գործառույթները: Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից յուրաքանչյուրս մեր մասնագիտացման, աշխատանքային ունակությունների, փորձի հիման վրա ձեռնամուխ ենք եղել, իսկապես, բուռն աշխատանքների իրականացման: Այդ են վկայում մեր կողմից ներկայացվող նախագծերը, հանձնաժողովների եւ լիագումար նիստերին մեր ակտիվ, անմնացորդ մասնակցությունը: Եվ ես լիահույս եմ նաեւ, որ             «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար պարոն Ծառուկյանի ներկայացրած կադրերը նույն արդյունավետությամբ աշխատելու են նաեւ կառավարությունում:

– «Ելքը» չուներ կադրեր, եւ միգուցե հասկանալի էր նրանց նշանակումները, բայց հանրության լայն քննադատությանն արժանացան նաեւ «Ծառուկյան» դաշինքից գործադիրում հայտնված կադրերը: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ անփորձ մարդիկ այսօր հայտնվեցին կառավարության կազմում:

– Ինչ խոսք, ցանկացած ոլորտում, այդ թվում նաեւ կառավարության կազմում` ցանկալի է փորձառու մարդկանց առկայությունը, բայց նաեւ չեմ կարող ընդունել այն ծայրահեղ մոտեցումը, որ եթե մարդը փորձ չունի, ապա նա դատապարտված է տապալման: Ի վերջո, եկեք չհերքենք, որ մենք նաեւ ունեցել ենք փորձառու թալանչիներ, փորձառու կոռուպցիոներներ, համակարգը վերից վար իմացողներ, որոնք այդ իմացությունը ծառայեցրել են ոչ թե համակարգի զարգացմանը, այլ համակարգի խորտակմանը` սեփական շահերն ու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով: Այո՛, կան մարդիկ, ովքեր անփորձ են, բայց եկեք ի սկզբանե կասկածի տակ չդնենք նրանց արգասաբեր գործունեությունը, այլ հավաստիության, վստահության կանխավարկածով վերաբերվենք նրանց ու փորձենք բարոյապես աջակցել: Իսկ եթե այդ մարդիկ որոշակի ժամանակ անց կապացուցեն, որ իսկապես իրենք անելիք չունեն այդտեղ, կարծում եմ` նրանց այդտեղ գործուղած անձինք այդ ժամանակ իրենց որոշումը վերանայելու անհրաժեշտություն կունենան: Այս պահին չեմ ուզում որեւէ մեկով անձնավորել իմ ասածը եւ ուզում եմ հավատալ, որ ովքեր հիմա համալրում են կառավարության կազմը, նրանք փորձելու են իրականացնել ամեն ինչ` այս ծանր իրավիճակից մեր պետությունը, մեր ժողովրդին դուրս բերելու համար: Մնացածն արդեն մնում է նրանց այդտեղ գործուղած քաղաքական ուժերի ռիսկի եւ պատասխանատվության վրա:

«Որպես ոչ ՀՀ քաղաքացի, իրավունք չունեմ խառնվելու». Ռուբեն Վարդանյան

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Ձեր դաշինքը կիսելո՞ւ է կառավարության ողջ պատասխանատվությունը:

– Ընդամենը երկու օր առաջ է «Ծառուկյան» դաշինքնը դարձել կառավարության մաս եւ որեւէ տրամաբանությունից ելնելով` չի կարող կիսել մինչ այս կառավարության գործունեության պատասխանատվությունը: Իհարկե, եթե դաշինքը տեւական ժամանակ հանդիսանա կառավարության մաս, բնական է, իրեն վստահված ոլորտում դառնում է պատասխանատու: Մենք երբեք որեւէ ոլորտում, այդ թվում նաեւ գործադիր իշխանությունում, ինքնանպատակ պաշտոնների չենք գնացել ու աթոռներ չենք զբաղեցրել: Ցանկացած պաշտոնի համալրման վերաբերյալ համաձայնությունը տալուց` մենք հիմք ենք ընդունել մի հանգամանք` կարո՞ղ ենք այդ պաշտոնից բխող գործառույթները իրականացնել ժողովրդաշահ ձեւով, թե` ոչ: Այնպես որ, պետք չէ ավելորդ շտապողականություն հանդես բերել, սպասենք որոշ ժամանակ: Բոլորն էլ հնարավորություն ունեն ապացուցել իրենց կենսունակությունը, իրենց պիտանիությունը, ովքեր էլ որ չեն կարողանա, նորից եմ կրկնում` նրանց այդտեղ գործուղած քաղաքական ուժերը կամ նրանց ղեկավարները լիարժեք ազատ են նման անձանից ազատվելու համար:

– ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նախորդ կառավարության օրոք, երբ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ ընդդիմադիր էր, Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն էր: Այս անգամ նա կրկին նախարար է, հետաքրքիր է` «Ծառուկյան» դաշի՞նքն է նրան գործուղել Արտակարգ իրավիճակների նախարարություն, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

– Անկեղծ ասած, որքան գիտեմ, նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչպես Դուք ասացիք, գործուղել է ԲՀԿ-ն, այսինքն` «Ծառուկյան» դաշինքը: Չնայած`  եթե չեմ սխալվում, պարոն Ռոստոմյանը կուսակցության անդամ չէ:

«ԻՀԱՐԿԵ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼ»

– Դուք նախկինում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին խիստ  քննադատության էիք արժանացնում` իր ծրագրերի եւ խոսքերի համար, հիմա նոր նախարարը` Արսեն Թորոսյանը, ոչ միայն Լ. Ալթունյանի գաղափարների կրողն է, այլեւ շատ ավելի անզգույշ` իր հայտարարությունների մեջ: Այս անգամ պատրա՞ստ եք լռել եւ հանդուրժել նման նախարարին` հանդես գալով իշխանական դիրքերից:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

– Առողջապահության նոր նախարարին միայն լուսանկարով եմ ճանաչում, առայժմ չգիտեմ նրա քաղաքականությունը, տեսլականը առողջապահության ոլորտում: Անկեղծ ասած, չգիտեմ նաեւ այն, ինչ Դուք ասացիք, նկատի ունեմ, որ նա նախկին նախարարի գաղափարակիցն է եւ արժեհամակարգի իմաստով իրավահաջորդը: Եթե առողջապահության նախարարի գործողությունները, որոշումները չեն բխելու մեր երկրում առողջապահական համակարգի շահերից, առավել եւս` ուղղված են լինելու այդ համակարգի շահառուների իրավունքների եւ օրինական շահերի դեմ, ինչպե՞ս կարող եմ անտեսել ՀՀ Սահմանադրության այն դրույթը, որ պատգամավորը ղեկավարվում է իր խղճով եւ համոզմունքներով: Իհարկե, պետք է շարունակեմ քննադատել` ամենեւին էլ հաշվի չառնելով, որ մեր քաղաքական ուժը` «Ծառուկյան» դաշինքը կառավարության մաս է կազմում: Եթե այսինչ պաշտոնյայի գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, վտանգի տակ է դնում ՀՀ բնակչության շահերը, այդ ի՞նչ պատգամավոր պետք է լինի, որ անտեսի` ընդամենը հաշվի առնելով իր քաղաքական ուժի ներգրավածությունը կառավարության մեջ:

– Ի վերջո, «Ելք»-«Ծառուկյան» դաշինք համագործակցությունը կարճատե՞ւ եք համարում, թե՞ հնարավոր է կոալիցիա կազմեք:

– Գուշակությունների սիրահար չեմ, հատկապես` քաղաքականության ոլորտում, թողնենք աշխատանքներն ընթանան, կառավարությունը մտնի իր աշխատանքային հունի մեջ, մնացածը ժամանակը դրա պատասխանը կտա: Ես չեմ կուսակցության այն դեմքը, որ իրավունքն ունեմ այս օրվանից հայտարարություններ անել մեր քաղաքական ապագայի եւ համագործակցել-չհամագործակցելու վերաբերյալ: Համենայնդեպս, ով էլ որ ունի դրա իրավունքը, բնական է, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի ասվածն ընդամենը կարծիք չլինի: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն քաղաքական ուժերի գործունեությունը, ովքեր իրականացնում են ժողովրդանպաստ գործունեություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА