ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԶՈՐ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ, ԴԱ ՓԱՍՏ Է»

16.05.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԶՈՐ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ, ԴԱ ՓԱՍՏ Է»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների:  Ի՞նչ մեսիջներ է իր մեջ պարունակում վերոհիշյալ հայտարարությունը, փորձեցինք մեկնաբանություն ստանալ հետախույզ, ռազմական փորձագետ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՑ:

«Խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել կա՛մ միայն Երեւանում, կա՛մ Բաքվում». Վ. Վարդանով

- Որքան էլ որ տարածված կարծիք կա, թե պետք չէ թշնամու հայտարարություններին լուրջ վերաբերվել, այդպես չէ: Հատկապես նմանատիպ հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել: Խոսքը պատրաստվածության մասին է. նախ պետք է հասկանանք, վերլուծենք՝ իրոք իրենք պատրա՞ստ են: Եվ, այո, երբ դիտարկում ենք, տեսնում ենք, որ զրահատեխնիկայի առումով բավականին նորմալ բռունցքներ են ստեղծել, զորախմբերի միավորումների մասով եւս լրջորեն պատրաստված են: Դրանք կարող են հարվածային գործողությունների դեպքում որոշ հատվածներում հաջողություններ արձանագրել: Այնպես որ, նմանատիպ հայտարարություններին ոչ թե պետք է անլուրջ վերաբերվել, այլ մտածել, թե ինչ ունենք, որոնք կարող ենք հակադրել, որպեսզի թշնամին չկարողանա մեզ լուրջ վնասներ հասցնի: Նորից եմ կրկնում՝ պետք չէ անլուրջ վերաբերվել թշնամու եւ որեւէ նախադասության: Անգամ Ալիեւի այն հայտարարություններին, որ իբրեւ թե Երեւանը  թուրքերի քաղաքն է, Զանգեզուրը` թուրքերի հողը, Սեւանը` թուրքերի լիճը եւ այլն: Նման հայտարարություններին չի կարելի հումորով նայել: Մանավանդ հիմա, երբ մեզ մոտ իշխանափոխություն տեղի ունեցավ, ինչը նշանակում է` որոշակի անկայունություն պետական եւ ուժային կառույցներում: Թեպետ հույս ունենանք,  որ այդ անկայուն պահերն արդեն հետեւում են:

- Պարոն Վարդանով, ամեն դեպքում լայնածավալ պատերազմի վտանգ այս պահին տեսնո՞ւմ եք:

- Լայնածավալ գործողություններ վերսկսելու պատճառներ այս պահի դրությամբ չեմ տեսնում: Սակայն այն, որ իրենք բավականին լավ պատրաստված են, ստեղծել են հզոր հարվածային բռունցքներ, դա փաստ է: Բայց լայնածավալ պատերազմի պատճառ, որպես այդպիսին, այս պահին ռեալ չեմ տեսնում: Ճիշտ է, մենք հիմա էլ ենք պատերազմի մեջ, բայց թեժ փուլի մեջ մտնելու համար պետք է հստակ առիթ լինի: Կա՛մ պետք է իրենք զգան մեզ մոտ թուլություն, կա՛մ քաոսային իրավիճակ ներսում, կա՛մ միջազգային խաղացողների մոտ պետք է մի բան փոխվի, որպեսզի հարձակվեն: Ես ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ թշնամին մտադրություն ուներ հարձակվել այն ժամանակ, երբ մեզ մոտ լարված ներքաղաքական իրավիճակ էր: Բայց թե ինչու այդ ժամանակ չհարձակվեցին, դա էլ պատճառ ունի: Հակառակորդը սպասում էր լուրջ քաղաքացիական պատերազմի, ինչը մեր արդեն նախորդ իշխանությունը թույլ չտվեց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА