ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա նախեւառաջ իր մշակույթով».Ն. Դելլալյան

16.05.2018 16:57 ՄՇԱԿՈՒՅԹ
«Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա նախեւառաջ իր մշակույթով».Ն. Դելլալյան

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում տեղի ունեցավ Համահայկական նվագախմբի` «Վերածննդից հաղթանակ» խորագրով համերգը` նվիրված հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին: Համահայկական նվագախմբի առաջին համերգը տեղի է ունեցել նախորդ տարի ապրիլի 24-ին: Այս տարի նվագախումբն իր համերգաշրջանի մեկնարկը տվել է Արցախից, որտեղ մայիսի 9-ին հանդես է եկել համերգով: Համահայկական նվագախմբում ընդգրկված են 90 հայ երաժիշտներ, որոնցից 49-ը Հայաստան են եկել աշխարհի տարբեր երկրներից:

«Թավշյա հեղափոխության» մշակութային հետեւանքները

 Հայաստանի պետական կամերային, Երեւանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաեւ Երեւանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի մասնակցությամբ համերգի ընթացքում ներկայացվեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Ճապոնիայից, Հարավային Ամերիկայից,Պորտուգալիայից եւ այլ երկրներից Հայաստան եկած երաժիշտների համար սա եւս մեկ հնարավորություն է վերադառնալ հայրենիք եւ ներկայանալ հայ հանդիսատեսին:

«ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱՏԵՂԵՆՔ»
Պորտուգալիայի ազգային նվագախմբի մենակատար, ջութակահարուհի ՆԱՐԻՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆԸ համահայկական նվագախմբում հանդես է գալիս արդեն երկրորդ անգամ: Ջութակահարուհին վստահեցնում է, որ հայրենիքում զգում է միասնական ուժ, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին. «Ապրելով դրսում, կարծում եմ` միասնականության կարիքն ունենք բոլորս: Այս տոնական տրամադրությունը, որն այս օրերին իշխում էր նվագախմբում, վկայում է այն մասին, որ բոլորն էլ երջանիկ են հայրենիքում գտվելու համար: Կարեւոր է այս նախագծի նպատակը, կարծում եմ` հայրենիք կառուցելու գործում մենք պետք է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերը համատեղենք: Արտասահման մեկնած մեր հայրենակիցները, շփվելով աշխարհի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, եւ հրաշալի է, որ հնարավորություն ունենք այդ ամենը բերելու Հայաստան»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ջութակահարուհին:

Լինելով «Հայրիկ Մուրադյան» ՀԿ ղեկավար` Նարինե Դելլալյանը նախատեսել էր մայիսի սկզբին անցկացնել մեծ միջոցառում, սակայն Հայաստանում տիրող խառը իրավիճակից ելնելով, միջոցառումը հետաձգել են մինչեւ սեպտեմբեր:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՆԱ ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ»

Ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարից սպասելիքներին, ջութակահարուհին շեշտեց, որ մշակույթի ոլորտում ինչ-որ աշխատանքներ իրականացվել են, եւ այնպես չէ, որ մինչեւ այժմ մշակույթի ոլորտում ոչինչ չէր արվում. «Հայաստանը հազարամյա իր պատմության ընթացքում ամենակարեւոր բանը, որ ունի` մշակույթն է: Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա նախեւառաջ իր մշակույթով: Ինձ համար Մշակույթի նախարարությունը պետք է լինի կարեւոր նախարարություններից մեկը, որովհետեւ ունենք բացառիկ ռեսուրս Հայաստանում: Ցավալի է, որ որոշակի տարիքից հետո մեր տաղանդավոր երեխաները ստիպված են մեկնել արտասահման եւ այնտեղ շարունակել իրենց գործունեությունը: Հայաստանում կարծես թե որոշակի շրջանից հետո ինքնադրսեւորման համար հնարավորությունները փոքրանում են: Հրաշալի կլինի, եթե կարողանանք մեզ մոտ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի մեր երաժիշտները դուրս գան, շփվեն աշխարհի հետ, հետո վերադառնան հայրենիք»,-եզրափակեց Նարինե Դելլալյանը:

«Եթե տիրապետում ես մասնագիտությանդ, դու միշտ պահանջված ես»

Նյութը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Լուսանկարները` Նարինե Դելլալյանի ֆեյսբուքյան էջից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА