ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.05.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հեղափոխությունները բազմափորձանք լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն մեկ կարեւոր դրական կողմ: Այն է, շատ արագ բացահայտվում է, թե ով` ով է: Այսպես, ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ հայտարարում է, որ ՀՀԿ-ն ամբողջովին հեղինակազրկված է, որ Տարոն Մարգարյանը, որպես կուսակցության անդամ, պետք է հրաժարական տա: Բայց զարմանալի է, ինչպես է տիկինը մոռանում, որ իր ամուսինը` Յուրի Բախշյանը, եղել է ՀՀԿ ռահվիրաներից մեկը: Լավ, հասկացանք, որ ապրում ենք գարշելի ցինիզմի, անամոթության, նպատակին ցանկացած միջոցով հասնելու ժամանակներ, բայց մի՞թե կարելի է ամեն ինչ արժեզրկել: Եվ զարմանալով հանդերձ, միանում ենք մեր գործընկեր Մենուա Հարությունյանի հարցադրմանը` այդպիսի հայտարարություն անելիս տիկին Բախշյանը չի՞ ամաչում:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ՀՀԿ-ն արդեն որպես ընդդիմադիր, նաեւ հաճելի անակնկալներ է մատուցում: Այսպես, ԱԺ փոխնախագահ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել, իր, Վահրամ Բաղդասարյանի, Գեւորգ Կոստանյանի եւ Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսված է շարժական տեխնիկայով` այդքան չարչրկված շարժական արագաչափերով ավտոմեքենաների լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը արգելելը: Դե ինչ, հիմա հետաքրքիր կլինի լսել, թե ինչպես պետք է «Ելք» խմբակցությունը առարկի եւ փորձի հիմնավորել, որ այդպիսի փոփոխություն պետք է անել: Այնուամենայնիվ, կյանքում հետաքրքիր եւ զարմանալի փոխակերպումներ են լինում:

Մեզ բավականին զարմացրեց նորանշանակ ամենաերիտասարդ նախարարը` 27-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ով իր գործունեությունը սկսեց Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի դատափետումից, նաեւ այնպիսի տգեղ դրվագներից, ինչպիսին է բացիկները լրագրողներին ցույց տալը... Լավ, մի՞թե «Ելքի» թիմում մեկը չկար, որ հուշեր` այդպիսի բան անել չի կարելի, դա էթիկայի խախտում է ու ընդհանրապես տգեղ է: Բայց ավելի զարմանալի է, որ ոմանք դա արդարացնում են նախարարի երիտասարդ տարիքով ու փորձի պակասով: Այ, այդպիսի արդարացումներն արդեն ընդունելի չեն բացարձակապես: Չէ՞ որ այդ երիտասարդն այլեւս ոչ թե իրեն, իր թիմին, իր ընկերական շրջապատին է ներկայացնում, այլ պետություն է ներկայացնում, հետեւաբար հարյուրապատիկ ավելի պատասխանատու պետք է լինի, քան այլ գործունեությամբ զբաղվող իր հասակակիցները: Համ էլ չմոռանանք, որ Պապ թագավորը հայոց գահը ստանձնել էր, երբ պարոն նախարարից 10 տարով երիտասարդ էր, եւ պատմության մեջ ինչպիսի մեծագործություններով մնաց: Այնպես որ, ցանկացած քաղաքական թիմին պետք է նախեւառաջ իր ներկայացուցիչներին սովորեցնել պատասխանատվության զգացում, պետական մտածողության գերակայություն, այլապես մենք ո՞ւր կգնանք` անկախ պաշտոնյաների ջահել կամ ահել լինելուց:

Եվ վերջապես, մեզ անզարմանք չթողեց օրերս մեր երկրում տեղի ունեցած գինու փառատոնը` շրջանառության մեջ հայտնվեցին ՇԱՊԻԿՆԵՐ, ուր Անահիտ դիցուհու գլխի պատկերին ավելացված է բանանը: Ապշել կարելի է, թե այդ որ մի կենդանին է (թող ներեն ինձ կենդանիները) այդպիսի բան հղացել: Երեւի թե, այդպիսի «դիզայն» ստեղծողի համար ատելի է այն ամենը, ինչը հայկական է, թեեւ, միգուցե, յան-ով ազգանվան տեր է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА