ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասենք, հայկական կողմից երկու հոգի լինի, Ալիեւը մենակ կգա՞ հետները բանակցելու»

15.05.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ասենք, հայկական կողմից  երկու հոգի լինի, Ալիեւը մենակ կգա՞ հետները բանակցելու»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այն ՀՀԿ-ականների շարքում էր, որոնք կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա նստի ՀՀ վարչապետի աթոռին: Երկրում ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք հենց գեներալի հետ, որը նախեւառաջ նշեց, թե երկրապահը քաղաքականությամբ չի զբաղվում:

Ուսանողները անտեսելով Նիկոլ Փաշինյանի հորդորը շարունակում են բողոքի ակցիաները

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՉԵՄ ԵՂԵԼ ՈՒ ՍԱՂ ԿՅԱՆՔՍ ՉԵՄ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ»

- «Երկրապահը» ապաքաղաքականացված է, եւ այնտեղ կան տարբեր կուսակցական մարդիկ` դաշնակ էլ կա, հնչակ էլ կա, հանրապետական էլ կա, բոլոր կուսակցություններից էլ կան: Որպես քաղաքական մարդիկ` իրենք ազատ են իրենց որոշումների մեջ, բայց որպես երկրապահ` ոչ: Երկրապահն իրավունք չունի ինչ-որ քաղաքական բաներ անել: Ես էլ կուսակցական չեմ, մենակ ՀՀԿ խմբակցության անդամ եմ, դա էլ ուրիշ բան է: Կուսակցական չեմ եղել, սաղ կյանքս չեմ էլ լինելու:

– Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին` որպես վարչապետի, աջակցելո՞ւ եք:

– Ես երկրին եմ աջակցում, «Երկրապահը» ոչ մեկի սեփականությունը չի: «Երկրապահում» մեր երկրի տղերքն են` հանրապետության բոլոր տարածքներից, սահմանամերձ գոտիներից, Արցախից, կամավորական ջոկատներից: Էսօր երիտասարդների, պատանիների կառույց ենք ստեղծել, չի կարա, ասենք, որեւէ մեկը պետությանը կամ պետականությանը դեմ գնալ: Մեր գործը էրեխեքին ռազմահայրենասիրություն դաստիարակելն է ու բանակի կողքին կանգնելը:

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակմանը:

– Դե ինքը զինվորական տղա է, ամեն ինչը լավ գիտի, ամեն ինչի միջով անցել է, բանակը շատ լավ պատկերացնում է ու ոչ պակաս նրանցից, որ բանակը ճանաչում են: Չենք կարող համեմատել նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որովհետեւ ամեն մարդ իր ձեւն ունի, տակտիկան ունի: Դաժե երկու գեներալ իրար կողք կանգնեցնես, տարբեր մասնագիտություններ ունեն, չես կարող համեմատել` մեկը մոտոհրաձիգ է, մյուսը` տանկիստ, երրորդը` հրետանավոր:

«ԵՐԲ ԿԲԵՐԵՆ ԱԺ, ԿԻՄԱՆԱՆՔ` ՈՎ ԵՆ, ՆՈՐ ԿՄՏԱԾԵՆՔ` ՈՒՄ ՄԱՍԻՆ ԻՆՉ ԽՈՍԵՆՔ»

– Նոր ձեւավորված կառավարությունում նախարարների մեծ մասը բանակում չի ծառայել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դե ես չգիտեմ, դուզն ասած` մեծ մասին չեմ իմանում` ովքեր են: Երբ կբերեն Ազգային ժողով, կիմանանք` ով են, նոր կմտածենք ում մասին ինչ խոսանք:

– Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունները տանելու է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Աջակցելո՞ւ եք որեւէ մեկին:

– Պարտադիր աջակցելու ենք, խոմ բնազդով չենք ապրում: Տարբեր մարդիկ կլինեն, տարբեր կուսակցությունների կաջակցեն, որպես քաղաքացի կաջակցեն, ու «Երկրապահն» էլ որեւէ մի ճիշտ գաղափարի կուսակցականի կաջակցի:

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ այլեւս չի կարողանում կառավարել փողոցային ցույցերը

– Նկատի ունեք հանրապետականների՞ն:

– Էլի եմ ասում`«Երկրապահն» ապաքաղաքականացված է: Մեր մոտ ոչ մի անգամ բռնություն չի եղել, ով ում ուզեցել, նրան ձեն է տվել: Հանրապետականի առավելությունը մենակ էն է եղել, որ հանրապետականները շատ են մեզ մոտ, որովհետեւ Աշոտ Նավասարդյանն էլ էր երկրապահ, Վազգեն Սարգսյանն էլ, Անդրանիկ Մարգարյանն էլ: Հանրապետական կուսակցությունն արմատական շարժումից է ծնվել, կռված տղերքի ֆոնի վրա է ստեղծվել:

«ԿԱՐԵՑԱՆՔ, ՄԵԶ ՊԻՏԻ ՊԱՀԵՆՔ, ՈՒՐԻՇ ՃԱՐ ՉԿԱ»

– Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել է ԼՂ հիմնախնդրի բանակցային սեղանին Արցախի Հանրապետությանը վերադարձնելու մասին: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:

– Երբ մենք փորձենք Արցախին բերել բանակցության մեջ, էն կողմից էլ Թուրքիան է գալու: Էդ որեւէ մեկին ձե՞ռք է տալիս: Բայց նման զրույցներ ամեն նախագահների իշխանության փոփոխության ժամանակ արվում է: Ո՞նց եք պատկերացնում, ասենք, երկու հոգի հայկական կողմից գան, նստեն, Ալիեւը մենակ գա հետները բանակցի՞: Բա մի քիչ լուրջ կարելի է մտածել, իսկ եթե փորձենք, ու Թուրքիան էլ մյուս կողմից գա՞: Ախր, Թուրքիան դոշ է ծեծում, ասում է` Ադրբեջանն իմն է, ես իր տեղը պատասխանատու եմ, էս մեզ ձեռք չի տալիս: Համ էլ բանակցությունների իմաստն այն է, որ ժամանակ ձգվի, թե չէ բանակցություններով էս հարցին լուծում չկա: Ես սենց գիտեմ իմ ապրած կյանքով, բանակցություները ժամանակավորապես բան են, ու ամբողջ աշխարհում է էդպես:

– Այս դեպքում լուծումն ինչպե՞ս եք տեսնում...

– Հայի բախտի պես, սաղ կյանքը հային խփել են, կռվել է: Կարեցանք, պիտի մեզ պահենք, ուրիշ ճար չունենք, պիտի ուժեղ բանակ ունենանք, հզոր երկիր ունենանք, միակ փրությունն էս է, որ ինքներս մեզ պաշտպանենք:

– ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը գոռում էր, թե ադրբեջանական կուտակումների մասին լուրերն ապատեղեկատվություն են: Ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել:

– Մենք ոչ թե լսել ենք` ինչ է տեղի ունեցել, այլ ամենօրյա շփում ունենք առաջնագծի ու Արցախի հետ: Կարող է ինքն էդ վախտ չի իմացել, ասել է, իր հետ չեմ խոսել: Բացի դա, տենց բանը չեն բարձրաձայնում, ուրիշ, եթե պատերազմ հայտարարելուց բարձրաձայնես: Բայց տենց բաները չեն ասում, ժողովրդի մեջ էլ` խուճապ քցում: Իսկ որ կուտակումներ եղել են, միշտ կրակոցներ եղել են, էդպես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА