ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.05.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ նոր նախարարների նշանակումը տագնապալի լուրեր էին շրջում, որ տխրահռչակ Աշոտ Բլեյանն է վերադառնում գործադիր ոլորտ: Եվ միանգամայն բնական էր, որ երբ կառավարության ամբողջ կազմը նշանակվեց, ի լուր աշխարհի, իմ ֆեյսբուքյան էջում «հոգոց» հանեցի` «էժան պրծանք, Բլեյանը հետ չեկավ»: Սակայն զարմանալիորեն կարճ տեւեց այդ ուրախությունը, քանզի նորանշանակ ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դեռ իր աշխատասենյակի դասավորությանը կարգին չծանոթացած հայտարարեց. «Ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը հետ կկանչվի»: Այ քեզ փորձանք, մեր ո՞ր մեղքերի համար հայտնվեցին այդ պացիֆիստները, այն էլ` իշխանական լծակներով օժտված, որ ձգտում են դեռ դպրոցում թուլացնել ազգի ռազմական ոգին... Երեւի թե հենց դրա հնարավորությունը եղավ հարկ է քրեական պատասխանատվություն սահմանել պացիֆիստական ցանկացած քարոզչության համար:

ԶԱՐՄԱՆՔ

Այժմ բոլոր տեսակի դասալիքները, «հակամիլիտարիստները», կոսմոպոլիտները հրճված են, որ հեռացել է ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր «Ազգ-բանակ» հայեցակարգով: Մինչդեռ այդ վերին աստիճանի պարկեշտ քաղաքական այրը հիշեցնում է. «Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»: Նույն Վիգեն Սարգսյանը շատ կիրթ քննադատել էր Նիկոլ Փաշինյանի մոտեցումները Արցախի հարցում, ինչին հետեւել էր ոչ թե վարչապետի, այլ ԼՏՊ-ի մաղձոտ հակադարձումը: Ինչեւէ, դրան էլ պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի եւ իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ»: Զարմանալով ԼՏՊ-ի ցինիզմի վրա, մենք եւս անկեղծ հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը նրա մոտեցումները չի կիսում:

ԶԱՐՄԱՆՔ

Սովորեք ուրիշների սխալների վրա` դրա ամենավառ ապացույցները ներկայացրել է նորանշանակ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԷՎԻՆՅԱՆԸ: Այժմ տիրաժավորվում են նրա ֆեյսբուքյան էջում առկա անհարմար վիճակ ստեղծող եւ երբեմն ծիծաղաշարժ լուսանկարները: Դրանով պարզ ի ցույց է դրվում սոցցանցերի ցանկացած օգտվողի, թե ինչ չի կարելի զետեղել սոցցանցերում: Եվ կապ չունի, դու պաշտոնյա՞ ես, թե՞ սովոևայան քաղաքացի՛ Ի դեպ, զարմանալին այն է, որ մյուս փոխվարչապետի` Արարատ Միրզոյանի կինն էլ Ֆեյսբուքում արտահայտել էր իր քանահրական վերաբերմունքը տրանսպորտի, կապի եւ ՏՏ նորանշանակ նախարարի նկատմամբ, ինչն առհասարակ պետական պաշտոնյայի մերձավորի պարագայում էթիկայից դուրս է: Դե ինչ, հարգելի շարքային քաղաքացիներ, սովորեք մեր նախարարների սխալներից:

Ի դեպ, համացանցում հայտնվել են ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ բազմաթիվ կեղծ էջեր, որոնցով տարածվում են ապատեղեկատվություններ, նաեւ սադրիչ կոչեր: Ու թեեւ դա զարմանալի չէ, զարմանալի է մեր քաղաքացիների դյուրահավատությունը: Իսկ երկրի վարչապետի կեղծ էջը, ինչպես էլ վերաբերվես այդ վարչապետի անձին, արդեն ոչ թե խաղուպար է եւ զվարճանք, այլ սպառնալիք բոլորիս անվտանգությանը: Ուստի այդպիսի էջեր տեսնելուն պես տեղեկացրեք իրար, անգամ եթե վարչապետին չեք սիրում: 

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА