o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.07.2016 21:29 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեւում է, վերջը Թուրքիայի ֆյուրեր Էրդողանը կաթված է ստանալու Հռոմի պապ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ շնորհիվ: Քիչ էր, որ հայաստանյան այցի ժամանակ էլ բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը, քիչ էր, որ դեպի Մասիսներ բաց թողեց  զույգ աղավնիներ, հիմա էլ` Սիրիայի հարցում խաղաղության կոչ է հնչեցնում. «Սիրիայում խաղաղություն հնարավոր է, եւ բոլորը պետք է ընդունեն, որ այնտեղ ռազմական լուծում գոյություն չունի, եւ կա միայն քաղաքական լուծում, եւ միջազգային հանրությունը պետք է պաշտպանի խաղաղ բանակցությունները, որոնք ուղղված են ազգային միացյալ կառավարության ստեղծմանը»: Եվ, ինչն ամենավատթարն է թուրքի համար, մատնանշում է կեղծավորության հանգամանքը. «Ավելին, խաղաղության մասին բարձր խոսող երկրներից որոշները հենց զենքի մատակարար են: Ինչպե՞ս կարելի է հավատալ նրան, ով աջ ձեռքով շոյում է քեզ, իսկ ձախ ձեռքով` հարվածում»: Ախր, ինչպես կարելի է այնպիսի բաներ ասել, որից հետո գողի գլխին գլխարկն այրվում է: 

ԶԱՐՄԱՆՔ

Սահմանադրության օրվա կապակցությամբ, բնականաբար, ավանդաբար հանդես եկավ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: Այն, որ նա կասի, թե նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, ռուսներին պետք է վռնդել ԵԱՀԿ Մինսկի խմբից, սպասելի էր: Սակայն անսպասելի էր, թե ինչպես նա հանկարծ Սահմանադրության թեման թողնելով` անցավ սեփական անձի դերին` սահմանադրական կառուցվածքը ստեղծելու գործում. «Այդ դերը դժվար է գերագնահատել: Ես մեծագույն դեր եմ խաղացել: Ես գրքեր եմ գրել` «Հայաստանի սահմանադրական կառուցվածքի հիմնադիր Պարույր Հայրիկյան» անվանմամբ: Ես գիտեմ իմ նշանակությունը: Հայաստանի Սահմանադրության մասին ես խոսել եմ դեռ 1976-ին»: Իմացա՞ք, Հայրիկյանը Սահմանադրության հայր է դեռ 1976-ից, եւ եթե նա չլիներ, ո՛չ Սահմանադրություն կունենայինք, ո՛չ էլ նրան նվիրված տոն օր: 

Այն, որ այս կիրակի տեղի ունեցած հայոց ամենաուրախ տոներից մեկի` ՎԱՐԴԱՎԱՌԻ վերաբերյալ վատաբանություններ հնչեցնողներ կլինեն, նորություն չէ: Դե, բնականաբար, աղանդավորները, իրենց սովորության համաձայն, դա որակեցին «դիվական» եւ «հակաքրիստոնեական», ջրոցի խաղացողներին էլ, կանխավ տեղ հատկացրին դժոխքում: Բայց առավել զարմանալի է, որ Ֆեյսբուքում կա մի կերպարանք, որը տարեցտարի ավելի ու ավելի մազոխիստաբար է տուժում Վարդավառից: Ժամանակին նա գրեց, թե Վարդավառին «յախք, ջրեցին» ու փչացրին դիմահարդարումն ու սանրվածքը, հաջորդ տարի` որ տղաները ոտ ու ձեռից բռնած նետեցին նրան Կարապի լիճը, անցյալ տարի` որ քիչ է Կարապի լիճը նետեցին, նաեւ դույլով բամփեցին գլխին: Բայց այս տարվանը լրիվ սարսափ կինո էր` իբր շուրջ 50 «սեռաքաղց» տղաներ, կոշիկները պոկելով նրան նետեցին լիճը, ջրի տակ էլ մեկը փորձեց բռնաբարել: Հավանաբար, այդ գրառումներ անողները Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետի» կարիք ունեն, սակայն ամենազարմանալին, կասեմ նաեւ ապշեցուցիչն այն է, որ տարեցտարի այդ զառանցանքները լրատվական կայքերը տանում եւ հրապարակում են` որպես իրական «սենսացիոն» լուր: Դե ինչ ասես, այդ դաշտից էլ ոմանք «ուրիշ մասնագետի» կարիք ունեն:

Բոլոր դեպքերում, մեր զարմանքը եզրափակենք պոզիտիվով` մեր ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ Եվրոպայից չեմպիոնի տիտղոսով վերադարձավ, ՀՀ նախագահի մոտ արժանացավ փառավոր ընդունելության: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի` առանց մեր քույրերի ու եղբայրների, եւ մեկ այլ երկիր` սփյուռքով: Ակնհայտ է` միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,- ընդգծել է նախագահը: Բայց այստեղ, երեւի թե, ինչ-որ մի տեղ զարմանալիորեն տխրեց մի նախկին նախագահ, քանզի համացանցում եւ հեռուստաեթերում բոլորը տեսան Սերժ Սարգսյանին` հավաքականի հետ եւ բասկետբոլի գնդակը ձեռքին: Ռոբերտ Սեդրակիչը իշխանությունն ու ազդեցությունը կորցրեց, արդեն 8 տարի է «ամենաերիտասարդ թոշակառու» է, ու ոչ մի կերպ չի կարողանում հրաժեշտ տալ այդ կարգավիճակին: Այդ ամենը քիչ էր` հիմա էլ բասկետբոլի գնդակը խլեցին ձեռքից, որով այդքան սիրում էր լուսանկարվել: Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА