ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նման իշխանափոխությունը լրիվ լեգիտիմ համարել չի կարելի»

11.05.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նման իշխանափոխությունը լրիվ լեգիտիմ համարել չի կարելի»

Թվում է, թե դժվարն ավարտվեց, եւ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին նստած անելու է այն, ինչ ցանկանա: Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, առջեւում Ն. Փաշինյանին սպասվում է եւս մեկ փորձություն` խորհրդարանում կառավարության ծրագրի ընդունումը: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունից հետո` 15-օրյա ժամկետում ձեւավորվում է նոր կառավարությունը« որի կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում« վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս« ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն« քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

«ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ ԿԼԻՆԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ»

– Պարոն Իսկանդարյան, ինչպե՞ս եք պատկերացնում Ն. Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունումը կամ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը խորհրդարանի միջոցով, երբ Ազգային ժողովում այլեւս ընդդիմադիր ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է:

– Եթե նույնիսկ քաղաքագիտական պատասխան չտամ, այլ` տրամաբանորեն, պարոն Փաշինյանի ձեռքում ճնշում գործադրելու համար միակ գործիքը շարունակում է մնալ փողոցը: Մինչեւ հիմա խորհրդարանում ինչ կատարվել է, տեղի է ունեցել խորհրդարանից դուրս իրականացվող ճնշման ներքո: Հենց պարոն Փաշինյանն է ասել` դուք խորհրդարանի լիդերներն եք, ես` ժողովրդի: Իհարկե, ժողովուրդը, որպես այդպիսին, քաղաքական կատեգորիա չէ, այլ խոսքը քաղաքացիական հասարակության ակտիվի մասին է, որոնց շրջանում նա ունի բավականին մեծ վարկանիշ: Այնպես որ, չեմ ասում, որ անպայման կլինի ճնշում պատգամավորների վրա, բայց եթե այլ տարբերակ գտնվեց, հնարավոր է: Ի վերջո, չեմ կարծում, թե Փաշինյանը լինելու է ֆորմալ առումով վարչապետ, իսկ երկիրը ղեկավարելու են ՀՀԿ-ականները` հենվելով իրենց խորհրդարանական մեծամասնության վրա: Հետեւաբար, կլինեն ճնշումներ այն գործիքներով, որոնք նա ունի: Իսկ նա ինստիտուցիոնալ գործիքներ չունի, իրավական գործիքներն էլ, որոնք նա ունի, որպես ՀՀ վարչապետ, բավարար չեն, որովհետեւ հիմա խորհրդարանական երկիր ենք:

– Քաղաքական պարադոքս չէ՞, որ ՀՀ վարչապետն իր թիմով, լինելով փոքրամասնություն, ասենք, որեւէ օրենք անցկացնելու կամ ծրագիր ընդունելու համար ստիպված լինի դուրս գալ փողոց` ճնշում գործադրելու համար:

– Չեմ կարծում, որ նա փողոց է դուրս գալու եւ անձնապես փակելու է փողոցներն ու օդանավակայանը, բայց ձեւաչափ գտնել խորհրդարանից դուրս, որպեսզի շարունակեն ազդել ԱԺ պատգամավորների վրա, կարծում եմ` մեծ խնդիր չէ: Երիտասարդները մի բան կմտածեն: 

«ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

– Սա համարում եք ժողովրդավարակա՞ն ճանապարհ, երբ մի քանի հազար մարդ կարող է հավաքվել ու մի օր վարչապետին մերժել, մի օր` քաղաքապետին կամ դպրոցի տնօրենին: Եվ, վերջիվերջո, վաղն այս միտումը վտանգավոր չի՞ լինի հենց Նիկոլ Փաշինյանի համար:

– Իհարկե, յուրաքանչյուր նման իշխանափոխություն լրիվ լեգիտիմ համարել չի կարելի: Ընդ որում, ոչ լեգիտիմ ասելով` նկատի չունեմ այն, որ օրենքի տառին համապատասխան չէ: Հենց այնպես չէ, որ Հայաստանում այն, ինչ տեղի ունեցավ, համարում են հեղափոխություն, իսկ պրոֆեսիոնալները շատ զգույշ են վերաբերում այդ ձեւակերմանը: Հասկանալի է, այնպես չէր, որ խորհրդարանում որոշեցին հանկարծ այնպես քվեարկել, որպեսզի Ն. Փաշինյանն ընտրվեր: Բոլորն էլ գիտեին, որ եթե այլ կերպ քվեարկեին, որեւէ մեկը տուն չէր գնա, ինչպես մայիսի 1-ին տեղի ունեցավ: Այնպես որ, փողոցում հարցերը լուծելու սովորությունը գալիս է քաղաքական իրականություն: Իսկ թե ինչ հետեւանքներ այն կունենա հենց Ն. Փաշինյանի համար, ասեմ, որ միջազգային փորձը ցույց է տալիս տարբեր զարգացումներ: Մի շարք երկրներ դրանից կարողացել են դուրս գալ քիչ, թե շատ նեյտրալ, երբեմն` նույնիսկ լավ, բայց եղել է դեպքեր, որ պետությունները հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ հեղափոխությանը հետեւել են տասնյակ հեղափոխություններ: Այս առումով դասական օրինակ է Մեքսիկան, որտեղ հեղափոխություն տեղի է ունենում տարին մեկ անգամ, երբեմն` ավելի հաճախ: Չեմ կարծում, թե Հայաստանը բացառություն կլինի, համենայնդեպս, նման ազդակների հետ գործ ունենք:

Նախագահը հանդիպել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԻՑ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՉԻ ԴԱՌՆԱ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԼԻՆԻ»

– Ձեր գնահատմամբ` Ն. Փաշինյանին կհաջողվի՞ պահպանել իր անձի շուրջ ստեղծված դրական ֆոնը, թե՞ հույսերը չարդարացվելուց հետո հանրությանը հերթական հիասթափությունն է սպասում:

– Ստեղծված էյֆորիան չի կարող միշտ պահպանվել, եւ երբ այն անցնի, Ն. Փաշինյանի վարկանիշը քիչ-քիչ կընկնի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես քաղաքական իրադարձությունները կզարգանան: Որպեսզի Փաշինյանի վարկանիշը մի քիչ երկար շարունակվի պահպանվել, պետք է թիրախ, այս դեպքում պարզ է, որ, այսպես ասած, «թշնամին» ՀՀԿ-ն է, եւ հենց սա շարունակելու է խաղարկվել: Դրանից հետո կգա պահը, երբ մարդկանց սպասումները չեն արդարացվի, եւ հիասթափություն կլինի: Ի դեպ, այդ հույսերից մի քանիսը, որոնք լայնորեն շրջանառվում են, անգամ նման խոստում չի էլ տվել Ն. Փաշինյանը: Հայաստանը Շվեյցիարիա չի դառնա երկու շաբաթից, եթե նույնիսկ Փաշինյանի փոխարեն վարչապետ լիներ Կոնֆուցիոսը կամ Մայր Թերեզան: Դրա համար մի կողմից` պետք է ամեն ինչ արագ անել, քանի դեռ վարկանիշը չի ընկել, մյուս կողմից էլ` արագ ինչ-որ բաներ անել չի ստացվի լեգիտիմ ճանապարհով: Ասենք, Հանրապետության հրապարակում չի լինի նոր խորհրդարանական ընտրություներ անցկացնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА