ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.05.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


Այն, որ մանր բիզնեսը պետք է արձագանքեր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ նախաձեռնած շարժմանը, բնական է: Բացի շապիկներից, գլխարկներից, անգամ Նիկոլի պատկերով վարսավիրական ծառայություններից, արտադրվեցին Նիկոլի պատկերով կախազարդեր, նարդի, այլ հուշանվերներ: Բայց ամեն ինչում չափի զգացումն էր գեղեցիկ, քանզի, գրողը տանի, անգամ շրջանառության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի կերպարով սրբապատկեր: Հասկացանք, բիզնեսը բիզնես, բայց մի՞թե կարելի է հանուն լրացուցիչ շահույթի հատել սրբապղծության սահմանը: Ի դեպ, ինքը` Փաշինյանը, նույնպես զարմացրեց բոլորիս` հրապարակում մայիսի 8-ը հայտարարելով ոչ աշխատանքային օր: Լավ, այդքան դժվա՞ր էր ընդամենը մեկ օր սպասել մինչեւ վարչապետի պաշտոնի ստանձնումը, եւ այդպիսի որոշումներն ընդունել օրինական կարգով` կառավարության նիստերին, այլ ոչ թե զբաղվել ինքնիրավչությամբ:

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ կարծիքի եք, մեր գրանտասերներից ո՞վ է ամենահարուստը: Եթե ասեք, թե Սաքունցը (ներողություն եմ հայցում այդ անունը հիշատակելու համար), ապա կսխալվեք: Ֆեյսբուքում մեր հայրենակիցները չեն ալարել` մանրամասն ամփոփում են հրապարակել, թե ով ինչքան է ստացել NED ամերիկյան հաստատությունից: Այսպես, Դանիել Իոաննիսյանը ստացել է 183 հազար դոլար, Սաքունցը` 107 հազար, իսկ անվիճելի ռեկորդակիրը այդքան էլ շատ չերեւացող ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ է` 1,340,071 դոլար: Դե ինչ, ինչքան էլ զարմանալի լինի, պարոն Սաֆարյանը հիմք է դրել միլիոնատերերի մի նոր դասակարգի` գրանտային միլիոնատերերի:

Իսկ հիշո՞ւմ եք հայտնի սկանդալը` կապտամազիկ ԱՍՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ շուրջ: Շատերը հեղափոխական թոհուբոհում մոռացել են, բայց պարզվում է, որ նա էլ է հաղթական հեղափոխականներից մեկը: Եվ ահա զարմանալիորեն Ասյա Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Զալյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակավ հերքել, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել: Եվ պատասխանողի դերում հայտնվել է Գառնիկ Իսագուլյանը, գումարած մի շարք կայքեր: Դե ինչ, մեր հեղափոխականները զարմանալի պատկերացումներ ունեն խոսքի ազատության մասին: Իրենք կարող են ամենակոպիտ ձեւով վիրավորել ում ուզում են, շրջանառության մեջ մտցնել ոչ տպագիր բառապաշար, իսկ այ, եթե որեւէ մեկը նրանց հավին քըշ է ասում, ապա անմիջապես ընկնում է դատարան:

Բավականին զարմանալի բան է տեղի ունեցել մեր ՀԱՄԱՑԱՆՑԻ հետ: Պարզվում է, որ կենդանի հեռարձակումների տարածվածության շնորհիվ ապրիլի 13-ից մինչեւ մայիսի 1-ը ինտերնետ տրաֆիկի ծախսը եռապատկվել էր: Բավականին ծանր աշխատանք էր բաժին հասել եւ բջջային կապի օպերատորներին` որպեսզի Հանրապետության հրապարակում գտնվող տասնյակ հազարավոր ցուցարարների բջջային կապը չխափանվի (ի վերջո, ցուցարարն էլ է հաճախորդ), նրանք հարկադրված են եղել անգամ լրացուցիչ անտենաներ տեղադրել, այն էլ` շատ շտապ: Դե  ինչ, դա ցույց է տալիս, թե ինչքան օգտակար է մրցակցության առկայությունը հեռահաղորդակցության ոլորտում: Չէ՞ որ օպերատորների այդպիսի ճկուն եւ արագ աշխատանք տասը տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА