ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանը ժողովրդին իրավունք տվեց ինքնուրույն որոշելու երկրի ապագան»

04.05.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սերժ Սարգսյանը ժողովրդին իրավունք տվեց ինքնուրույն որոշելու երկրի ապագան»

Օրեր առաջ Երեւանում էին ՌԴ Պետդումայի պատգամավորների եւ Դաշնության խորհրդի անդամների պատվիրակությունը, որոնք հայաստանյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպումներ ունեցան խորհրդարանական խմբակցությունների, ապա նրանցից մի քանիսը` անձնապես ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց թվում էր նաեւ ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻՆ: «Իրավունքի» հետ զրույցում ռուս պատգամավորը նախեւառաջ անդրադարձավ այցի հիմնական նպատակին:

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

«ՊՐՈԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՆՉ-ՈՐ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՆԵԼ»

- Առաջին հերթին ասեմ, որ պատվիրակության կազմում էին հիմնականում պատգամավորներ, որոնք ընտրվել են ռուսաստանյան այն շրջաններից, որտեղ բնակչության մեջ մեծ թիվ են կազմում հայերը: Ես ներկայացնում եմ Ռոստովի շրջանի այն հատվածը, որտեղ գրեթե բացառապես հայեր են ապրում: Եվ մեր հայ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ այս օրերին անընդհատ հարցնում էին` իսկ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Այս ամենը հաշվի առնելով` բարոյական չէր լինի չգալ այստեղ` մեր բարեկամ պետություն, որպեսզի տեսնենք ինչ է այստեղ կատարվում: Չէ որ մեր ընտրողները նույնպես տանջվում են այստեղ ապրող իրենց բարեկամների, ծնողների համար: Խորհրդարանական հանդիպումների ժամանակ քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների բազմաթիվ հարցեր եւ, իհարկե, իրավունք չունեինք չհետաքրրքվել մեր գործընկերներից, թե ինչ է կատարվում:

– Այն, ինչ կատարվում է, համենայնդեպս, մեծ ոգեւորություն է առաջացրել պրոամերիկյան կազմակերպությունների շրջանում, որոնք ակտիվորեն լոբբինգ էին իրականացնում` հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Ի՞նչ հետեւանքներով է հղի այս ամենը:

– Ես վստահ եմ մի հարցում` մեզ կապում է դարավոր պատմությունը, իսկ այդ բոլոր պրոամերիկյան կառույցները, որոնք ցանկանում են Հայաստանին ինչ-որ վայրիվերումների տանել, մարդկանց փողոցում բախումների դրդել, դրանք ի սկզբանե դատապարտված են ձախողման: Հայաստանի բնակչությունը, որպես ազգ, շատ խոհեմ է, նա վերապրել է սարսափելի ողբերգություններ, այդ թվում` ցեղասպանություն, որը չսպիացող վերք է յուրաքանչյուր հայի սրտում: Ուստի` չեմ կարծում, որ 21-րդ դարում կհաջողվի ինչ-որ ուժերի, ինչ-որ փողերի համար Հայաստանին տանել նորից նման ճանապարհով, թեպետ հաշվի է պետք առնել, որ շատերը կցանկանային դա անել: Ամեն դեպքում, հուսով եմ, որ հայ ազգը դա թույլ չի տա:

«ՑԱՎԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐ ԼԻՆԵՆ»

– Ուկրաինական մայդանային սցենարի կրկնության փորձ տեսնո՞ւմ էիք հայաստանյան քաղաքական այս դեպքերի ընթացքում:

– Կասկածում եմ, որ հնարավոր կլիներ այստեղ կրկնել նույնը, որովհետեւ այս դեպքում բոլորովին այլ սցենար էր, անկախ նրանից` անունը դրեցին թավշյա հեղափոխություն, թե ուրիշ բան: Ուղղակի, մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, դժգոհ էին իրենց կյանքից, դժգոհ էին այն գործընթացներից, որոնք կատարվում էին հասարակությունում: Իսկ սա նշանակում է, որ այստեղ կար սխալ, ինչը կաթիլ-կաթիլ լցրեց մարդկանց համբերության բաժակը: Եվ արդեն պաշտոնաթող վարչապետ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռքի մի շարժումով այդ հանգույցը բացեց: Հիմա ժամանակն է, որ տաք գլուխները սառեն եւ կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, պատասխանել յուրաքանչյուր քաղաքացու պահանջին` առանց բացառության: Ըստ իս, որոշ կուսակցություններ այսօր կան, վաղը կարող են չլինել, իսկ հայ ժողովուրդը միշտ լինելու է, ուստի` պետք է երկիրը ծաղկեցնել: Օրինակ, մեզ մոտ կան հայ բարձրաստիճան պաշտոնյաներ` նախարարներ, փոխքաղաքապետներ, եւ նրանք իրենց բարձր դիրքին հասել են իրենց խելքով, պետք է Հայաստանում էլ այդպես լինի: 3 միլիոն ժողովուրդն ուզում է արժանավայել ապրել, ինչին նրանք արժանի են: Բայց այդ ճանապարհին ցավալի կլինի, եթե Սահմանադրությունից շեղումներ լինեն:

Պաղպաղակ բաժանելու մենաշնորը Փաշինյանը «խլեց» նախագահից

«ԵԹԵ ՄԻ ՆԱՎՈՒՄ ԵՆՔ, ՈՒՐԵՄՆ` ՄԻ ՆԱՎՈՎ ԷԼ ՊԵՏՔ Է ԼՈՂԱՅԻՆՔ»

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

– Սա տղամարդավարի քայլ էր: Մեկ այլ երկրում պետության յուրաքանչյուր ղեկավար կարող էր նման իրավիճակում ընդունել կոշտ եւ մարգինալ որոշում` ընդդեմ փողոցի, բայց նա այդպես չվարվեց: Սերժ Սարգսյանը տվեց ժողովրդին իրավունք` ինքնուրույն որոշելու երկրի ապագան: Սա ամեն մեկը չէր կարող անել, այլ կարող էր անել միայն պատվի մարդը, իսկական սպան, ինչպիսին Սերժ Սարգսյանն է:

– Այնուամենայնիվ, Հայաստանն ընտրել էր «եւ-եւի» ճանապարհը` ե՛ւ ԵԱՏՄ անդամակցությունը հաջողությամբ իրականություն դարձավ, ե՛ւ Եվրամիության հետ պայմանագիր ստորագրվեց: Ի վերջո, ո՞րն էր ՀՀ իշխանության սխալը, ինչը շրջադարձային եղավ:

– Այս հարցը պետք է տալ արդեն պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանին: Ամեն դեպքում ես սկզբունքորեն պնդում եմ հետեւյալ տեսակետը` մենք եթե մի նավում ենք, ուրեմն` մի նավով էլ պետք է լողայինք:

– Ի՞նչ հանգուցալուծում կարող է ունենալ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

– Սիրում եմ Հայաստանը, այն ինձ համար եղբայրական երկիր է եւ ցանկանում եմ, որ ամեն ինչ խաղաղ անցնի: Մնացածը կապրենք, կտեսնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА