ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԻԿՏԱՏՈՐ ՉԷ, ՈՐ ՄԻԱՅՆԱԿ ՓՈԽԻ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

04.05.2018 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԻԿՏԱՏՈՐ ՉԷ, ՈՐ ՄԻԱՅՆԱԿ ՓՈԽԻ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

Մայիսի 1-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը դեմ քվեարկելուց մեկ օր անց ՀՀ իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, հայտարարություն տարածեց, որ մայիսի 8-ին կայանալիք ընտրությանը կսատարի Նիկոլ Փաշինյանին` հաշվի առնելով երկրի ներքին եւ արտաքին իրավիճակը: ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ վստահեցնում է, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: Բայց Է. Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում չի տեսնում եւ շարունակում է մնալ այդ կարծիքին:

«Քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»

 

«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԵՐԿԻՐ` ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Պարոն Շարմազանով, մայիսի 8-ին կայանալիք ընտրությանը քվեարկելո՞ւ եք Ն. Փաշինյանի օգտին:

– Իմ կարծիքը չեմ փոխել, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օգտին չեմ քվեարկելու: Երկրում տիրող ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի եւ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, ունեցել եմ հայեցակարգային գնահատականներ եւ ունեմ: Իմ գնահատականը բացարձակապես քաղաքական է, անձնական որեւէ գնահատական չկա: Տա Աստված, որ այն մտահոգությունները, որ ունեմ, որպես ՀՀ քաղաքացի եւ Ազգային ժողովի փոխխոսնակ, փարատվեն եւ տա Աստված, որ յուրաքանչյուր նոր կառավարություն բացարձակապես եւ բացառապես արդարացնի մեր ժողովդի հույսերը: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության կարծիքին, ապա ասեմ, որ աջակցելու ենք մեկ երրորդ ստորագրություն ունեցող վարչապետի թեկնածուին եւ չպետք է թույլ տանք, որ Հայաստանում խորանա ներքին քաղաքական ճգնաժամը: Մեր խմբակցության ելույթում ամեն ինչ ասված է, մարդ կա կարդում է` չի տեսնում, մարդ կա չի ուզում կարդալ ու չի տեսնում, մենք ամեն ինչ արդեն ասել ենք: Քաղաքականության մեջ կան հաջողություններ, թերություններ, հաղթանակներ եւ պարտություններ, ինչպես նաեւ ձախողումներ: Ռուզվելտը ասել է, որ եթե մարդը մտել է քաղաքականության մեջ, եւ նրա մաշկը ռնգեղջյուրի մաշկից բարակ է, ապա տվյալ մարդը չպետք է մտնի քաղաքականություն: Բա մեր ընդդիմադիր գործընկերներն ինչ ասեն, որ երկար տարիներ ընդդիմության մեջ են: Այս առումով իմ սկզբունքները եւ գաղափարները չեմ փոխել, միեւնույն ժամանակ չեմ ցանկանում հայտնի կենդանու համառությամբ իրականությունը չտեսնել եւ գնալ ու գլուխը հարվածել պատին: Մեկ բան պետք է հասկանալ, որ մենք չունենք երկիր` ցնցումների տանելու համար: Մենք բոլորս մեր երկրի զավակներն ենք, եւ մենք պարտավոր ենք իրականության աչքերին նայել:

 

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ՉԷ»

– ՀՀԿ-ի դիրքորոշումը փոխվեց դրսում հավաքված ժողովրդի ճնշումների տա՞կ:

– Իսկ մայիսի 1-ին եւ դրանից առաջ արդյո՞ք մեծ թվով մարդիկ չկային փողոցում: ՀՀԿ խմբակցությունն այդպես է ճիշտ կարծում: Ի դեպ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից որեւէ ցուցում չի եղել: Չգիտեմ, թե ինչպես են քվեարկելու , բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է, ինչ քանակով եւ ինչպես կաջակցի, չեմ կարծում, որ սա էական է, էականն այն է, որ ձայնը ապահովվի եւ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Մեր նախկին քվեարկությունը եղել է բացառապես քաղաքական, եւ մենք ցույց ենք տվել մեր քաղաքական դիրքորոշումը: Նախկինում քվեարկել եմ հանուն Հայաստանի եւ Արցախի եւ պատրաստվում եմ նույն կերպ քվեարկել նաեւ մայիսի 8-ին:

Գործադիրում «Ծառուկյան» դաշինքի լինելը դեռեւս քաղաքական ձեւակերպում չունի

– Վարչապետ ընտրելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվե՞ն:

– Արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություններ անցկացնի: Կա Սահմանադրություն, որտեղ կան հստակ ընթացակարգեր, թե ինչպես է պետք գնալ արտահերթ ընտրությունների, եթե մենք ամսի 8-ին, իսկ ես գրեթե համոզված եմ, ունենալու ենք վարչապետ, լավ է թե վատ` ժամանակը ցույց կտա, ապա չենք կարող արդեն գնալ արտահերթ ընտրությունների: Եթե վարչապետը բերում է կառավարության ծրագիրը, եւ այն ստանում է օժանդակություն, բնականաբար այդ փուլում էլ չեն կարող արտահերթ ընտրություններ լինել, հատկապես որ նրանք օրակարգ են բերում «Ընտրական օրենսգիրքը»: Նիկոլ Փաշինյանը դիկտատոր չէ, որպեսզի միայնակ որոշի «Ընտրական օրենսգիրքը» փոխել, դրա համար պետք է քվեարկեն բոլոր 105 պատգամավորները: Այնպես չէ, որ վարչապետը փոխվեց, կառավարությունում փոխվեցին քաղաքական դեմքերը, ու ով ինչպես ասի, այնպես պետք է լինի: Ամեն ինչ պետք է իրականացնենք` ըստ ժամանակցույցի եւ դեբատների: Ինչ վերաբերում է վարկանշային ընտրությանը, ապա կրկին մնում եմ իմ կարծիքին, որ ռեյտինգային ընտրությունը խոչընդոտ չէ, առավել եւս` երբ մարդիկ ասում են` մենք ունենք մեծ լեգիտիմություն եւ որեւէ խնդիր չունենք: Կարծում եմ` վարկանշային ընտրությունը խոչընդոտ չէ, այն ավելի ժողովրդավարական է, քանի որ հնարավորություն կա, որպեսզի տարածքներն ունենան պատգամավորներ, եւ սա չի որոշում կուսակցական վերնախավը: Բայց սա ապագայի քննարկման հարց է, այս պահին էական չէ դրա մասին խոսելը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА