ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.05.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երբ Հանրապետության հրապարակում միտինգավորների մեջ հայտնվեց այս հսկայական խաչը, միանգամից շատ-շատերին համակեց կասկածը, որ աղանդի հոտ է գալիս: Եվ շրջանառության մեջ հայտնվեց ՆԻԿՈԼԻ ՎԿԱ եզրույթը: Ավաղ, այդ կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլեւ զարմանալիորեն նորանոր հաստատումներ եղան: Զորօրինակ, Ֆեյսբուքում հայտնվեցին գրառումներ, որ Հանրապետության հրապարակում Փաշինյանի գալուն պես հարկ է բոլորով ծնկի իջած «Հայր մերը» ասել: Դե իսկ, եթե դրան ավելացնենք ֆանատների կատաղի հարձակումները ցանկացածի վրա, ով կհամարձակվի կասկածի տակ դնել Նիկոլի անսխալականությունը, ապա պատկերն ամբողջանում է:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն ինչքան էլ զարմանալի լինի, նույն Նիկոլ Փաշինյանը հանրությանը նաեւ մի իրական ՊՈԶԻՏԻՎ մատուցեց: Հիշո՞ւմ եք, թե ինչպես ուժեղ կողմում հայտնվելու մղումից դրդված` ԵՊՀ-ն առաջարկեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հիմա իրեն տրամադրի բուհն ավարտելու դիպլոմը: Եվ ահա Նիկոլը դառը հիասթափություն պատճառեց ԵՊՀ-ի ղեկավարությանը` դիպլոմի վերաբերյալ ասելով. «Եթե ինձ դա պետք լիներ, 23 տարի առաջ կվերցնեի»:

Միայն դու էիր պակաս` հանկարծ իր ներկայությունը որոշեց ի ցույց դնել ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով ցանկացած ելույթով սեւ էներգետիկա է բերում. «Թեեւ Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետեւյալ հանգամանքի վրաՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Հետեւաբար, մանդատից հրաժարվելու` պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է: Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է»: Լավ, զարմանալով հանդերձ, էլ չշարունակեք ԼՏՊ-ի տեքստը, ուր մատնանշում է, թե ինչ վատ բաներ մեր գլխին կբերի միջազգային հանրությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ վերջապես մեզ փոքր-ինչ զարմացրեց նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ուղերձը, որը ծայրեծայր հիացական էր. «Հպարտ եմ մեր ժողովրդով` Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ եւ համերաշխությամբ: Հավատացած եմ եւ տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու եւ իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը եւ եռանդը»: Չենք կարծում, որ նախագահի սահմանադրական գործառույթների մեջ մտնում է հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА