ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոշ տնտեսավորղներ որոշեցին օգտվել իրավիճակից եւ մի քանի օրով թանկացնել հացը

04.05.2018 14:58 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Որոշ տնտեսավորղներ որոշեցին օգտվել իրավիճակից եւ մի քանի օրով թանկացնել հացը

Վերջին օրերին, երբ Հայաստանում ներքին իրավիճակը լարված էր, եւ բոլորը մեկը մյուսի մեջ թշնամիներ ու բարեկամներ փնտրելու «լուրջ» գործով էին զբաղված, որոշ տնտեսվարողներ առիթը բաց չթողեցին` գրպանները մի քանի կոպեկով լցնելու համար:

«Երեւան Սիթիում» «շահումով» հաց են վաճառում

Համենայնդեպս, վերջին շաբաթվա ընթացքում սպառողները հաճախ էին բարձրաձայնում, որ որոշ խանութներում հացի գինը 10-30 դրամով բարձրացել է, բայց քանի որ բոլորի ուշադրությունն այլ ուղղությամբ էր, այդ թանկացումն ուշադրությունից դուրս մնաց:

Սակայն նախօրեին «Ֆեյսբուքում» թեման շոշափվում էր, եղան նաեւ հորդորներ` ճշտել, որ ելնելով փաստից, որ Երեւանի Աջափնյակ համայնքի որոշ խանութներում է հացի գինը միանգամից բարձրացել, այդ թանկացումը համատարած բնո՞ւյթ է կրում: Արձագանքները վկայում են, որ խանութների մեծ մասում հացի գնի աճ կա: Մեզ հետ զրույցում սպառողներից մեկը նշեց, որ 3-4 օր խանութից հացը նախկին 150 դրամի փոխարեն գնել է 180 դրամով: Սկզբում մտածել է, թե քաշն են ավելացրել, բայց հետո հասկացել է, որ` ոչ, պարզապես գինն են բարձրացրել: Խանութում նրան տվել են հետեւյալ մեկնաբանությունը, թե այսօր մարդիկ շատ են քայլում, ախորժակները բացվել է, ու սնունդը, այդ թվում` հացը մեծ քանակությամբ է վաճառվում, այդ պատճառով էլ թանկացրել են: «Երբ հաջորդ օրը ցանկացա տնօրենին բողոքել, նկատեցի, որ հացի գինը կրկին դարձրել են 150 դրամ: Վաճառողուհուն ասում եմ, բա այդ ինչպե՞ս եղավ, որ կտրուկ  «էժանացավ», պատասխանում է, թե արդեն երկու օր է, խանութ քիչ է մարդ մտնում, ու հացը մնացել է, չի վաճառվում",- պատմեց մեր զրուցակիցըª նկատելով, որ երբ փողոցային պայքարի մասնակիցները հորդորում էին, թե սուպերմարկետներից առեւտուր մի արեք, չէի՞ն մտածում, որ փոքր խանութները շատ հաճախորդներ ունենալուց հետո ապրանքի գինը կբարձրացնեն: Սակայն մեր զրուցակիցը չցանկացավ նշել խանութի հասցեն, միայն խոստացավ, եթե նման բան նորից կրկնվի, ապա խանութի հասցեն կհրապարակի:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց, որ թեեւ հացի գնի համատարած բարձրացում չի եղել, սակայն մի շարք խանութներ, օգտվելով առիթից, բարձրացրել են, թանկացրել են: «Այս ընթացքում ուշադիր եմ եղել, ապրանքների գների արհեստական բարձրացում չի եղել, եւ որոշ մանր խանութներ, որ բարձրացրել էին հացի գինը, արդեն վերադարձել են նախկին գնին: Նրանք օգտվել են ստեղծված իրավիճակից»,- պարզաբանեց Կ. Չիլինգարյանը:

Հուսանք, որ այդ տնտեսվարողներն, ի վերջո, հասկացել են, որ աղքատ ժողովրդի հաշվին անմարդկային քայլ է` լցնել գրպանը, այն էլ այն պահին, երբ երկրում իրավիճակն այդքան էլ բարվոք չէ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА