ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թավշյա հեղափոխության թավշյա տեռորը

04.05.2018 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Թավշյա հեղափոխության թավշյա տեռորը

Եվ այսպես, մայրաքաղաքի եւ այլ բնակավայրերի փողոցներում անդորր է տիրում, ցույցեր, երթեր, հանրահավաքներ չեն անցկացվում: Մայիսի 8-ին էլ երկիրն ունենալու է վարչապետ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քանզի ՀՀԿ խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել` սատարել այն թեկնածուին, ով կառաջադրվի պատգամավորների 1/3-ով:

Իրականում ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային. պարզաբանում

ՅՈՒՎԵՆԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գլխանց Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն անվանել էր թավշյա` շեշտելով, որ կիրառվում են բացառապես խաղաղ միջոցներ, եւ չկա ու չի լինելու ոչ մի կաթիլ արյուն: Սակայն այդ թավշյա հեղափոխության բազում դրսեւորումներ հիշեցնում են թավիշից պատրաստած խեղդող օղակ: Այս նկարները, որ պատկերում են մանուկ ցուցարարների, լայնորեն տարածված են համացանցում, հիմնականում` խարիզմատիկ բնույթի կրոնական կառույցների կայքերում եւ ֆեյսբուքյան էջերում: Եվ նախադպրոցական տարիքի ու անգամ ծծկեր երեխաների միջոցով կենդանի վահան սարքելը «Կենդանի հավատքի եկեղեցի» կրոնական կազմակերպության հովիվ Արամ Ասատրյանը մեկնաբանում է այսպես. «Սիրտս կտոր կտոր է լինում: Գնացեք էլի: Քաղցր է գողացված ոսկին եւ աթոռը»:

Շատերն էին սարսափել այդ նկարներից, քանզի անպատկերացնելի է, որ հայերը` լինեն իշխանամետ թե ընդդիմադիր, թաքնվեն երեխաների հետեւում: Այդպիսի սովորությունը, ընդհակառակը, բնորոշ է հարեւան մազութային սուլթանատի թուրքերին: Հիշեցնենք թեկուզ հրետանահրթիռային կայանքները` հենց բնակավայրերի ներսում տեղադրելը, ինչի հետեւանքով մեր զորքերի պատասխան հարվածից նաեւ քաղաքացիական բնակիչներ են զոհվել, այդ թվում եւ փոքրիկ Զուխրան, որի մահից Բաքուն սարքել էր գարշելի շոու: Բայց քանի որ խարիզմատ ուղղվածության կրոնական ամբողջատիրական կառույցներն են առնչվում այդ «մանկական ցույցերին», ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայ մարդը իր երեխայի հետ այդպես չի վարվի, սակայն կրոնական մոլեռանդության վիրուսով վարակվածը ընդունակ է նաեւ դրան: Կենդանի վահանի ցինիկ տեխնոլոգիայի էությունը պարզ է` առավելագույնս կաշկանդել ոստիկանության հնարավորությունները, իսկ եթե ոստիկանության հետ բախումներում երեխա տուժի (ինչի հավանականությունը շատ բարձր է), ապա դա վերածել ամբողջ հանրությունը պայթեցնելու միջոցի: Եթե հեղափոխությունների դասական` Ջին Շարփի տեխնոլոգիաները Հայաստանում անարդյունավետ են աշխատում, ապա այս նորագույն տեխնոլոգիան, որը կարելի է անվանել քաղաքական մանկապղծություն, աշխատում է անվրեպ: Եվ կարելի է ասել, որ առանց այդ տեխնոլոգիաների չէր լինի նաեւ թավշյա հեղափոխության հաղթանակը: Ահա այդպիսի թավիշ... Սակայն կրոնական մոլեռանդների կողմից մանուկներին ներգրավելը այդ տեխնոլոգիայի մի մասն է: Իսկ մյուսն իրականացնում էր ինքը` Նիկոլ Փաշինյանը` իր ակտիվիստների օգնությամբ: Դա 17+ տարիքի ուսանողության եւ դպրոցականների լայն ներգրավումն էր ցույցերին, հանրահավաքներին, պիկետներին եւ այլ գործողություններին: Պարզ է, որ անչափահասին անհամեմատ ավելի դյուրին է ներգրավել ինչի մեջ ասես, քանզի նրանք դյուրահավատ են եւ ամեն ինչ ընկալում են որպես յուրահատուկ խաղ: Եվ փույթ չէ, որ դրա պատճառով կարող են մեծանալ հավերժական ընդդիմադիրի, ապակառուցողական մարդու բարդույթով: Իսկ ինչո՞ւ թավշյա հեղափոխության առաջնորդը ամբողջ երկիրը հսկայական հանրահավաքի վերածելու հարցում գերադասեց անպայման օգտագործել հենց անչափահասների գործոնը, ընդ որում, դա ուղեկցվում էր որոշ ՀԿ-ների հիսթերիկ աղմուկով, իբր, ըստ այսինչ կամ այնինչ միջազգային կոնվենցիայով, ոչ ոք իրավունք չունի արգելել երեխային մասնակցելու ցույցերի եւ այլ բողոքի գործողությունների: Չմոռանանք նաեւ, որ մայիսմեկյան հռչակավոր նիստի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անչափահասներին փողոցային պայքարի մեջ ներքաշելու անթույլատրելիության մասին հարցին, պնդեց, որ իր վարչապետության օրոք ոչ ոք չի համարձակվելու փակել դպրոցի ու դասարանի դռները: Ահա թե ինչի տակ էին ընդունվում յուվենալ արդարադատության օրենսդրական նորմերը: Որպեսզի երեխաներին ցույցերի չթողնող ծնողը համարվի ընտանեկան բռնության կիրառող, իսկ ուսուցիչը` երեխայի իրավունքները ոտնահարող:

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

ՏԵՌՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴԵՄ

Այն, որ փակ փողոցներն ու ճանապարհները ահավոր անհարմարություններ են ստեղծում ցույցերին չմասնակցող քաղաքացիների համար, ակնհայտ է: Ու դա կարելի է համարել յուրահատուկ թավշյա տեռոր: Պատահական չէ, որ ե՛ւ հասարակական-քաղաքական գործիչները, ե՛ւ ՀՀ օմբուդսմենը քանիցս մատնացույց են արել, որ անթույլատրելի է սահմանափակել ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի ազատությունը: Բայց պարզվում է, դա դեռ ծաղիկներ էին: Ծավալվեց թշնամանքի եւ ատելության քարոզչության կատաղի արշավ: Սկզբում փորձ էր արվում ատելություն ստեղծել ոստիկանության նկատմամբ, սակայն ոստիկանների շատ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ չհաջողվեց կուտակել այնպիսի փաստերի բավարար քանակ, որը կհերիքեր ատելության հրդեհի համար: Այնուհետ սկսվեց անհատական ահաբեկչությունը` ընդդեմ կոնկրետ անձանց: Երեխաներին ցույցերի չթողած ուսուցիչները սպառնալիքներով եւ հայհոյանքներով զանգեր եւ SMS-ներ էին ստանում, այնուհետ բաց դաշտում` հենց հանրահավաքում ու սոցցանցերում տարածվեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեռախոսահամարները, ու այդպիսի գրոհների ենթարկվեցին եւ պատգամավորները: Իսկ այն բանից հետո, որ մայիսի 1-ի նիստին ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հայտնվեցին պատժիչ խմբեր, որոնք ամենաայլանդակ այցերը կատարեցին պատգամավորների տներ, որոշ դեպքերում անգամ նույն տեռորի ենթարկելով եւ  պատգամավորների առանձին ապրող զավակներին: Այդպիսի «պատժիչ գործողությունների» տեսանյութերը դիտելիս, միանգամից հիշում ես «սովորական ֆաշիզմ» բանաձեւը:

Իսկ հիմա ծանոթացեք այդ «զոնդերկոմանդի» գլխավոր դերակատարներից մեկին` Նաիրա Գրիգորյան, «Կենդանի հավատքի  եկեղեցի» կրոնական կազմակերպության նախկին մամլո խոսնակ, ով սոցցանցերում հանդես է գալիս Shoot Nairi Naira անունով: Կրկին խարիզմատներ: Այսինքն` նույն կրոնական կառույցները ապահովում են ե՛ւ քաղաքական մանկապղծության տեխնոլոգիաների կիրառումը, ե՛ւ պատգամավորներին ահաբեկելը: Ահա թե ինչու փողոց դուրս եկողը ատելության որեւէ էներգետիկա չի զգում, քանզի մեր երիտասարդությունը մեծամասամբ ընտիր երիտասարդություն է, իսկ հեղձուցիչ ատելությամբ լցված է Ֆեյսբուքը, ինչպես նաեւ ատելության այլանդակ գրոհներ են կատարվում անհատական կարգով: Ատելություն տարածողները, ահաբեկողները որեւէ կապ չունեն քաղաքացիական բնակչության մեծ մասի հետ: Եւ մայիսի 2-ին, երբ այլանդակ ապօրինի ճնշում էր կիրառվում պատգամավորների հանդեպ, նույն  փողոցներում ուրախ-ուրախ ցույցեր եւ երթեր անող ջահելները նաեւ իրար մեջ քննարկում էին` թե որտեղի՞ց Նիկոլին այդպիսի մեծ ֆինանսական միջոցներ, այդպիսի վիթխարի անընդմեջ հանրահավաքներն ապահովելու համար, ու ի՞նչ են  ուզելու այդ միջոցներ տրամադրողները, եթե Նիկոլը դառնա վարչապետ: Պարզ է, որ փողոցից բուհեր եւ աշխատանքի վերադարձած այդ նույն երիտասարդների ուղեղներում ավելի ու ավելի հաճախ պտտվելու էին այդ ինչուները, ու մանիպուլացնելը գնալով ավելի ու ավելի կդժվարանար: Շտապել էր պետք, եւ դրա համար արգելափակվեցին բոլոր ճանապարհներն ու փողոցները, ընդհուպ` օդանավակայանը, երկաթուղին ու միջպետական հաղորդակցությունը: Իսկ մոլագար կրոնական հայացքներ տարածող կառույցների միջոցով գրոհի ենթարկվեցին պատգամավորները: Ի դեպ, ավելորդ չենք համարում փոքրիկ մեջբերումներ անել «Կենդանի հավատք եկեղեցու» հովիվ Արամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումներից, որոնք նա ուղղում է իր հոտին: Այսպես, շտապ տարածելու հորդորով` ապրիլի 25-ին նա դիմում է իր հոտին (ներկայացնում ենք առանց խմբագրման). «Բոլորին հայտնի է մի պարզ ճշմարտություն, որ վիրավոր գազանը չափազանց վտանգավոր է քան առողջը, ուստի խնդրում եմ քրիստոնյա աշխարհին վաղը ՍԱՍՏԿԱՑՆԵԼ աղոթքները եւ վերջնականապես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Անունով ջաղջախել հին օձի գլուխը: Թույլ չտանք այս նոր ծնված Հայստանի վրա դիվական անպեր կուտակվեն: ՄԵՆՔ ԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՏՔ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՂՎԱ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՂՈԹՔՆԵՐԸ ԱՅՍ ԿԱՐԻՔԻՆ: ՀԻՍՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ Անունով միացեք եւ դուք»: Իսկ ամենավերջին գրառումը պարունակում է ագրեսիվ անեծքի սարսափելի չափաքանակ: Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ նկարի տակ այսպիսի գրառում է. «Այս երկու մարդիկ են, որ դիմադրում են Աստծո գործին: Հիսուս Քրիստոսի Անունով հանդիմանում եմ ձեզ եւ հեռացնում եմ երկրի կառավարումից: Հիսուս Քրիստոսի Անունով կապում եմ չար հոգիներ ձեզ որ առաջնորդում էք սրանց: ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ ՉՎՈՐՈՆԵՍ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ: Հիսուս Քրիստոսի Անունով ՀԱՆՁՆՎԵՔ-ՀԱՆՁՆՎԵՔ-ՀԱՆՁՆՎԵՔ ամեն»:

«Սա ուղղակի անիմաստ միջոցառում է». Մհեր Մկրտչյան

Այսինքն` բանը հասավ նաեւ, ըստ էության, սեւ մոգության:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

Այսպիսով, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ երբ պայքար է գնում իշխանության համար, հաղթանակի ավելի մեծ շանսեր ունի նա, ով առավել ցինիզմով եւ դյուրությամբ ի վիճակի է ոտնահարել բարոյականության նորմերը: Մանուկներից կենդանի վահան սարքողը կանխավ գիտի, որ ուժային կառույցների ծառայողները իրենից հարյուրապատիկ բարոյական են, եւ եթե ինքը մանուկներին վտանգի է ենթարկում, ապա իրենք, մանուկներին տեսնելով, կաշկանդվում են: Եթե երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը արյունահեղության ռիսկերից խուսափելու համար նախընտրեց հրաժարականը, ապա հակառակ թիմը ակնհայտորեն չէր վախենում արյունից: Եթե ՀՀԿ խմբակցությունը գերադասեց կորցնել իշխող խմբակցության կարգավիճակը, միայն թե այլեւս մեկ օր անգամ չշարունակվի երկրի բոլոր ենթակառուցվածքների կաթվածահար վիճակը, որն արդեն սպառնալիք էր դարձել ազգային անվտանգությանը, ապա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար դա խնդիր չէր, պատրաստ էին շարունակել այդ վիճակը, թեկուզ մեկ շաբաթ կամ ավել: Արդյունքում ունենք թավշյա հեղափոխության հաղթանակ` թավշյա տեռորի օգնությամբ: Եվ եթե արտաքնապես վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու Սահմանադրությանը համապատասխան, քանզի «Ելքի», Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի քվեներին ավելանալու են ՀՀԿ-ի կողմից նվեր տված քվեները, ապա ձեւով սահմանադրական գործընթացը բովանդակությամբ հակասահմանադրական է: Չէ՞ որ պատգամավորը, ըստ նույն Սահմանադրության, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով, այլ ոչ թե պարտադրանքով: Այսինքն` ստացվում է, որ ՀՀԿ պատգամավորների մի մասը քվեարկելու է սեփական համոզմունքներին հակառակ` թավշյա տեռորի ազդեցության տակ: Իսկ բուն խորհրդարանում պետք է սպասել թերեւս որոշ վերադասավորումներ: Քանի որ ՀՀԿ-ն դառնում է ընդդիմադիր, իսկ խորհրդարանական համակարգում ընդդիմությունը չի կարող լինել խորհրդարանական մեծամասնություն: Ենթադրելի է, որ ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր ձայն կտան Փաշինյանին, պետք է որ դուրս գան խմբակցությունից: Նրանք, ամենայն հավանականությամբ, ստիպված կորդեգրեն Գագիկ Ծառուկյանի ստեղծած քաղաքական օքսյումորոնը` «այլընտրանքային ուժ», որը ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն, եւ իբր թե լավին լավ է ասում, վատին` վատ: Դե, կունենանք Ծառուկյան դաշինքի, «Ելքի», ՀՅԴ-ի եւ այդ «այլընտրանքային ուժի» իշխող դաշինք, որը, պետք է խոստովանել, պաշտոնակռվի ընթացքում դեռ բազում մետամորֆոզների կենթարկվի: Միաժամանակ  կարելի է պատկերացնել, թե ինչ զորավոր ճնշում կգործադրի ընդդիմադիր ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա: Դե, իսկ արտահերթ ընտրությունների պահանջը` եթե ԱԺ-ն ընդունի Փաշինյանի կառավարության ծրագիրը, թեկուզեւ այն բաղկացած լինի հիմարությունների հավաքածուից, ապա էլ ոչ մի արտահերթ ընտրության մասին խոսք լինել չի կարող:

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Շարունակությունը` հաջորդիվ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА