ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

02.05.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

Երեկ մերժվեց ՀՀ վարչապետի միակ թեկնածությունը: Այդ քայլը կատարվել է բարդ իրավիճակում, որը ստեղծվել է վիճահարույց սահմանադրականությամբ գործընթացի արդյունքում, երբ ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ-ի ընտրություններում ձեւավորված ԱԺ մեծամասնությունը փողոցի ուժի կիրառմամբ, ինչպես նաեւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո զրկվեց սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման հնարավորությունից: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ագրեսիվ եւ հաճախ օրինախախտ գորոծողությունների արդյունքում խախտվեց հայ ժողովրդի ընդհանրական կամքը, որը արտահայտվել էր ընտրությունների միջոցով:

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

Այն, որ 2017թ. ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված ներկայիս Ազգային ժողովը օրինական են, ակնհայտ է, քանի որ դրանք ճանաչվել են առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, ընտրության բոլոր մասնակիցների կողմից, այդ թվում` եւ «Ելք» դաշինքի կողմից, աշխարհի բոլոր պետությունների կողմից, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Եվ եթե ընտրությունները, ինչպես հիմա փորձում են դրա մասին խոսել Նիկոլը եւ նրա կողմնակիցները, ապօրինի էր, ապա ինչո՞ւ դրա մասին սկսեցին խոսել մեկ տարի անց, մինչ այդ մասնակցելով, ըստ իրենց, ապօրինի Ազգային ժողովի աշխատանքներին: Եվ այդ դեպքում ինչպե՞ս «ապօրինի» Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Չէ՞ որ այդ դեպքում ե՛ւ ընտրությունն է ապօրինի, ե՛ւ վարչապետը: Հնչում են նաեւ մտքեր, թե իբր 2017թ. ընտրությունները ապօրինի են, քանի որ ընտրողների` ՀՀԿ-ի ցուցակի տրված ձայները ոչ թե արտահայտում են մարդկանց իրական իղձերը, այլ եղել են ընտրակաշառքների ազդեցության ներքո: Չի բացառվում, որ ինչպես ՀՀԿ-ի, այդպես էլ ընտրության այլ մասնակիցներին տրված ձայների որոշ մասը իսկապես ստացվել է կաշառքի միջոցով: Սակայն, եթե պնդեն, թե իբր ընտրողների մեծ մասը կաշառք է վերցրել, նույնն է, թե ասեն, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը անսկզբունք կաշառակերներ են: Իհարկե, այդպես չէ: Եվ նրանք, ովքեր փորձում են կաշառակերության մեջ մեղադրել մեր ժողովրդին, պետք է հասկանան, թե ինչպիսի ծանր մեղք են վերցնում իրենց վրա: Հետեւապես նորից գալիս ենք այն պնդմանը, որ ընտրությունը եղել է օրինական, եւ Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր փաստացի զրկվել է իր սահմանադրական գործառույթներից: Այլ բան, եթե ժողովրդի մեծամասնությունը այս մեկ տարվա ընթացքում փոխել է իր կարծիքը: Սակայն ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքականության մեջ չի եղել որեւէ մի արտառոց երեւույթ կամ դեպք, որի արդյունքում կարող էր շրջվել ժողովրդի մեծամասնության կարծիքը կամ դիրքորոշումը: Այլ բան է, որ անցնող մեկ տարվա ընթացքում կառավարությանը չհաջողվեց կտրուկ բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը: Կատարվել են բազմաթիվ սխալներ, որոնց մասին ես բազմիցս ու հրապարակավ հանդես եմ եկել: Սակայն չի եղել այնպիսի մի ճակատագրական իրադարձություն, որի արդյունքում մեծամասնությունը այլեւս չէր կարող շարունակել իրականացնել ընդամենը մեկ տարի առաջ ժողովրդի կողմից իրեն տրված սահմանադրական լիազորությունները: Եվ չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք օգտվեցին երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, ունեն կախարդական փայտիկ, որով անմիջապես կամ թեկուզ կարճ ժամանակում կփոխեն երկրում ստեղծված իրավիճակը` գերհարուստների անարդար ձեռք բերված ունեցվածքը կբաժանեն աղքատներին, բոլորին կապահովեն արժանավայել աշխատանքով, կբացեն ավտոճանապարհները եւ երկաթգիծը եւ այլն: Առավել եւս, որ ճնշումների ու սպառնալիքների ներքո իշխանության ձգտող ուժերը չեն ներկայացրել հոդաբաշխ սոցիալ-տնտեսական ծրագիր, որով կլուծեն երկրում ստեղծված բազմաթիվ եւ շատ ծանր խնդիրները:  Միշտ չէ, որ ամեն մի նորը ավելի լավ է հնից: Հիշում եմ, որ Սովետական Միության փլուզման ժամանակ շատ մարդիկ անկեղծ ուրախանում էին, չպատկերացնելով, թե ինչպիսի արհավիրքներ են սպասվում մեր երկրին ու ժողովրդին, ինչպիսի ծանր պատերազմ, ցուրտ ու մութ տարիների դժոխային տանջանքներ, արտագաղթ, տնտեսության փլուզում եւ այլն: Գուցե, եթե ես լինեի փողոց դուրս եկած երիտասարդների տեղը, նույնպես բացառապես հայրենասիրական զգացմունքներից ելնելով, դուրս կգայի բողոքի ցույցերի եւ կպահանջեի իշխանափոխություն: Սակայն ինչպես ասում են, եթե երիտասարդ ես եւ տաքարյուն ռոմանտիկ չես, ապա չունես սիրտ: Իսկ եթե տարեց ես ու տաքարյուն ռոմանտիկ ես, ապա չունես ուղեղ: Հետեւապես, որպես պատգամավոր, պետք է ասեմ, որ խորը մտահոգություն ունեմ նախեւառաջ խիստ բացասական նախադեպից` ոչ թե ընտրություններով, այլ փողոցում իշխանության հարցերը լուծելուց: Չէ՞ որ մեկ տարի հետո գուցե մեկ ուրիշը կհավաքի մի քանի տասնյակ հազար մարդ եւ նորից կփակի փողոցները եւ ազդանշանային հոգեբանական ճնշումների կենթարկի մեր ազգաբնակչությանը: Դե ինչ, տարին մեկ պետք է իշխանափոխությո՞ւն անենք, այդպես պետություն չեն կառուցում, զարգացած ազգ չեն դառնում: Այսպես որոշ երկրներում, միմյանց դեմ պայքարելով, իրարից իշխանություն են խլում ցեղախմբերը:

Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

Ես նաեւ խիստ կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բնույթի հեղաշրջում, այսինքն` մեր ստրատեգիական համագործակցությունը եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխարինվելու են Արեւմուտքով: Դրա համար կան բազմաթիվ նախադրյալներ, որոնցից վերջինը Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն էր ՀՀ Ազգային ժողովում, որին, ի դեպ, ես կողմ չեմ քվեարկել: Անկախ նրանից, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սկսել է ակտիվորեն հրաժարվել իր նախընտրական ծրագրում եւ քաղաքական ու պատգամավորության գործունեության ընթացքում փաստված հակառուսական դիրքորոշումից ու դրսեւորումներից, շատերի համար ակնհայտ է, որ իշխանության է գալիս խիստ արեւմտամետ եւ ընդգծված հակառուսական ուժ, դրա բոլոր` մեր երկրի համար բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է Նիկոլի վերջին օրերի բառերին, թե իբր նա հենց այնպես էր խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ապա դրանց հավատալու ես որեւէ հիմք չունեմ: Իսկ եթե անգամ դա ճշմարտություն է, ապա այդ ճշմարտությունը կվկայի, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի սկզբունք: Ինձ համար գրեթե ակնհայտ է հեղաշրջման «գունավոր» բնույթը: Եվ այն, որ արեւմտյան բազմապիսի աղբյուրներից ֆինանսավորվող գործիչները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները եւ անգամ աղանդավորները մասնակից էին այս` վիճելի սահմանադրականությամբ գործըթացին, ապացուցում է իմ խոսքերի ճշմարտացիությունը:

Սրանից 100 տարի առաջ մոտավորապես նույն գաղափարախոսությունը ունեցող ուժերի գործողությունների արդյունքում Հայաստանը ստանձնեց Արեւմուտքի ջատագովի ու հակառուսական քաղաքականության իրականացնողի ճանապարհը: Դրանից անմիջապես օգտվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը: Արդյունքում` Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրա ու խարան դարձավ Միացյալ Նահանգների ու Անտանտայի պետությունների համար, եւ դրան փոխարինեց խայտառակ ու ազգակործան Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Կարծես թե, մենք նորի՞ց 100 տարի անց ոտք ենք դնում այդ սխալ ու ազգակործան ճանապարհի վրա` իր բոլոր բացասական հետեւանքներով...

Անկախ ամեն ինչից, անկախ սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններից, պետք է հանուն արդարության նշել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը 10 տարի պահել անցնցում, սահմանները` անառիկ, եւ ապահովել դանդաղ, ոչ բավարար, սակայն տնտեսական աճ եւ ներքաղաքական համերաշխություն, որը պահպանելու համար անգամ նա գնաց հրաժարականի: Ահա այս մտորումներն ու մտահոգություններն են, որ ինձ բերում են այն եզրահագնման, որ ես իրավունք  չունեմ կողմ քվեարկել «ազգային միասնության թեկնածու» հռչակվող Նիկոլ Փաշինյանին: Ես երբեք չեմ կարող քվե տալ իր գաղափարազրկությունը խոստովանած եւ նախկինում ունեցած գաղափարական սկզբունքները ուրացած մարդուն: Միաժամանակ հայտարարում եմ, որ շարունակելու եմ այն գործունեությունը, ինչով զբաղվել եմ վերջին 30 տարիների ընթացքում: Այսինքն` ծառայելու եմ իմ երկրին ու ժողովրդին, անկախ նրանից` կլինեմ իշխանության, թե ընդդիմության մեջ: Միաժամանակ հավաստիացնում եմ իմ քաղաքական եւ գաղափարական օպոնենտներին, որ երկրի համար անհրաժեշտ հարցերում ժողովրդին օգտակար լինելու համար առանձին հարցերում կարող եմ նաեւ համագործակցել նրանց հետ: Բայց ոչ երբեք ի հաշիվ իմ գաղափների ու սկզբունքների:

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ԱԺ պատգամավոր,
ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА