ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վտանգված է մեր պետականությունը». Խոսրով Հարությունյան

01.05.2018 00:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վտանգված է մեր պետականությունը». Խոսրով Հարությունյան

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի, ապա քվեարկության կդրվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Իսկ թեկնածուն մեկն է՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

- Անշուշտ, ստեղծված իրավիճակը կարիք ունի շատ մանրամասն եւ հանգամանալից քննարկման: Ակնհայտ է, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան կա՛մ քաղաքական խորհրդակցությունների, կա՛մ բանակցությունների տեսքով՝ հնարավորին չափով ներգրավելով մի կողմից հանրային կյանքում, քաղաքական պրոցեսներում պատասխանատու մասնակցություն ունեցող, մյուս կողմից հնարավոր նման մասնակցության ունակ քաղաքական ուժերին: Եվ երկրորդ՝ պետք է փաստենք այն, ինչ տեղի է ունենում մեզանում: Խոսվում է քաղաքական ճգնաժամի մասին, ինչը նշանակում է, որ հանրային օրգանիզմը հիվանդ է: Իսկ ճգնաժամերը, որպես կանոն, նաեւ հնարավորություն են տալիս հասկանալու, թե որոնք են այն ծնող պատճառները: Պետք է փորձել այդ ծնող պատճառները վերացնել ու իրավական, քաղաքական անշրջելի երաշխիքներ ձեւավորել եւ դրանով իսկ դուրս գալ զարգացման մի նոր, ավելի բարձր գալարի: Եթե հանրությունն իր մեջ այդքան ուժ, բանականություն, ողջամտություն գտնում է, ուրեմն՝ որպես կանոն, նրանք ճգնաժամերից դուրս են գալիս ավելի առողջացած կամ առողջացման համար ավելի լուրջ նախադրյալներով: Եթե՝ ոչ, ապա դրանք վերածվում են հեղաշրջման, հեղափոխության, քաղաքացիական բախումների եւ այլն: Այնպես որ, խնդիրը մեզանում է, պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում:

- Պարոն Հարությունյան, այսօր կա ՀՀ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու, կարելի՞ է ասել, որ այլեւս ակտուալ չէ հարցը, թե ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը:

- Այն, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը, միգուցե կարեւոր հարցադրում է, բայց կարծում եմ՝ խնդիրը մեզանում դա չէ: Մենք կարող ենք ունենալ վարչապետ, բայց էլի հայտնվել նույն ծանր վիճակի մեջ: Հետեւաբար պետք է հասկանալ ինչ քայլեր պետք է կատարենք անկախ նրանից, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը, որպեսզի կրկնում եմ՝ իրավիճակից առողջացած դուրս գանք:  Վերջին հաշվով, ինչպես ուզում եք հաշվեք, մեզանում համար մեկ խնդիրը շարունակում է որեւէ ընդդիմության եւ որեւէ իշխանության հարաբերակցությունը, այսինքն՝ հակակշիռների, զսպումների համակարգը: Եթե չգիտակցենք այն, ապա ավելի վատ: Պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որը որեւէ ընդդիմությանը երաշխիքներ կտա, որ նրանք ունենան հանրային կյանքին, քաղաքական գործընթացներին պատասխանատու մասնակցություն: Սա չի նշանակում, որ քննարկենք հարցը, թե երբ ընդդիմությունը պետք է որոշումներ կայացնի: Խոսքն այն մասին է, թե ինչ հնարավոր քայլեր կարելի է կատարել, որպեսզի ընդդիմությանը վերապահվի թեկուզ հենց խորհրդարանական վերահսկողության որոշակի հնարավորություններ: Շատ պայմանական եմ ասում, իմ պատկերացմամբ՝ կարելի է բանակցությունների սեղանի շուրջ քննարկել, թե ինչ քայլեր կատարել, օրինակ, ընդդիմությանը պատասխանատվություն վերապահելով մեր պետական կառավարման համակարգում: Ասենք, հակամրցակցային, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում, մաքսային ծառայությունում, վերահսկիչ պալատում:

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

- Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ժամանակին առաջարկվեց ընդդիմությանը ունենալ լծակներ, բայց նրանք հրաժարվեցին: Եվ առհասարակ, այսօր ընդդիմադիր շարժման ղեկավարն ու իր թիմակիցները, կարծես, պատրաստ չեն նման հարցեր քննարկել:

- Ես չեմ ասում, թե նրանք պատրաստ են, ասում եմ, թե ինչ է պետք անել եւ ինչն է բխում այն մարդկանց շահերից, որոնք միգուցե նույնիսկ հավակնում են այս շարժմանը, բայց չեն գիտակցում, որ խնդիրը վարչապետ ընտրելու մեջ չէ: Իհարկե, չեմ ասում, թե սա երկրորդական խնդիր է, բայց իմ պատկերացմամբ, որպեսզի աշխարհին ներկայանանք, որպես վստահելի գործընկեր, մենք պետք է ունակ լինենք մեր ներքին խնդիրները սեփական ուժերով լուծելու: Եթե մեր խնդիրներն ինքներս չլուծենք, այդ խնդիրներով սկսելու են զբաղվել ուրիշները: Ընդ որոմ՝ զբաղվելու են իրենց համար հարմար լուծումներով: Իսկ անիշխանությունը, որի ականատեսն ենք մենք այսօր , չի կարող երկար մնալ, քանի որ այն բերելու է աշխարհաքաղաքական այնպիսի նոր խնդիրների, որ աշխարհի խոշորները կսկսեն մեր փոխարեն մեր խնդիրներով զբաղվել: Եկեք հասկանանք՝ սա մեզ ձետնտո՞ւ է, թե՝ ոչ: Նույն Նիկոլ Փաշինյանը, մենք՝ ՀՀԿ-ական պատգամավորներս, հրապարակում հավաքվածները պետք է հասկանան այս ամենը: Չեմ ասում, թե առաջարկում եմ լավագույն դեղատոմսը, բայց սա մոտեցում է, եկեք, նստենք սեղանի շուրջ եւ քննարկենք: Միգուցե սա ամենալավ առաջարկը չէ, բայց առաջարկ է, որն արժե քննարկել, թող մեկ ուրիշն էլ գա իր սեփական առաջարկով: Եվ հանրապետության նախագահը հենց սա է առաջարկում, որ քաղաքական խորհրդակցությունների հարթակ դառնա նախագահական նստավայրը, ինչո՞ւ չօգտվել դրանից:

- Իրավիճակը կրկին լարվում է, ըստ Ձեզ, ի՞նչ հանգուցալուծում է սպասվում այսօր խորհրդարանում:

- Ճանապարհը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է գիտակցի, որ ինքը ստանձնել է բավականին լուրջ պատասխանատվություն, եւ նա այլեւս հեղափոխական կոչերով ու լոզունգներով չի կարող առաջնորդվել: Խոսքն այլեւս մեծ քաղաքականության մասին է, իսկ այն խարսխված է երկու սյուների վրա՝ իրողություն եւ հնարավորություն, վե՛րջ: Ուրեմն՝ պետք է նստել, հանգիստ եւ սթափ գնահատել: Մենք ուզո՞ւմ ենք այս վիճակից դրական դուրս գալ, եկեք քննարկենք, թե ինչ քայլեր են պետք անել այն ապահովելու համար: Եվ եթե պարզվի, որ միակ քայլը ՀՀ վարչապետի ընտրությունն է, գնանք այդ ճանապարհով: Բայց ես համոզված եմ, որ նման իրավիճակում սա ամենագլխավոր քայլը չէ: Նախ կարեւոր է հասկանալ, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել եւ ինչպես ենք ուզում լուծել: Այո, այդ քայլերից մեկը կլինի ՀՀ վարչապետի ընտրությունը, բայց այն իմ պատկերացմամբ ամենագլխավորն ու ամենակարեւորը չէ:

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

- Արդեն մի քանի օր է մամուլում լայնորեն քննարկվում է ՀՀԿ-ից հնարավոր քաղաքական «առնետավազքի» մասին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերում դրան:

- Կարծում եմ՝ այդպիսի ինչ-որ դրսեւորումներ կարող են լինել: Ես այն չեմ կարող բացառել բայց որքանով կարողանում եմ գնահատել Հանրապետականի ոգին, մարդկանց տրամադրվածությունը, ՀՀԿ-ում այդուհանդերձ շարունակում է գերիշխել քաղաքական պատասխանատվությունը վաղվա օրվա համար: Սա շատ էական եւ կարեւոր հարց է: Հանրապետականի հետ շփումներում տեսնում եմ, որ նա ոչ թե մտահոգված է իշխանություն պահել-չպահելու, այլ այն մասին, թե ինչ կլինի վաղը, որքանով վաղվա օրը կլինի ավելի ապահով, ավելի անվտանգ եւ կայուն: Եվ սա նույնչափ պետք է հետաքրքրի հրապարակում հավաքվածներին, «Ելքին», ՀՅԴ-ին, «Ծառուկյան» դաշինքին, ցանկացածին, որովհետեւ խնդիրը այսօրվա մասին չէ, այլ բառիս բուն իմաստով հենց վաղվա, եկեք սրա մասին մտածենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА