ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխարհաքաղաքական եւ կտրուկ շրջադարձեր չեն լինի». Նիկոլ Փաշինյան

29.04.2018 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Աշխարհաքաղաքական եւ կտրուկ շրջադարձեր չեն լինի». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կայացավ ռուս պատգամավորներ ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի, ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման  եւ հայրենակիցների  հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի եւ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի հանդիպումը, որը տեւեց ուղիղ մեկ ժամ: Հանդիպումից հետո՝ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ընդդիմադիր շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար եւ փաստացի ՀՀ վարչապետի միակ թեկնածու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հետ:

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

-Պարոն Փաշինյան, մինչեւ հանդիպումը ռուս պատգամավորները մտահոգություններ ունեին Հայաստանի Եվրասիական տնտեսական միության  անդամակցության վերաբերյալ Ձեր դիրքորոշման հարցում…Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես այդ հարցի վերաբերյալ արդեն իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր պարտավորություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այնպես որ, աշխարհաքաղաքական եւ կտրուկ շրջադարձեր չեն լինի եւ ԵԱՏՄ-ում մեր հարաբերությունները բնականոն կզարգանան:

- Երեկ նեղսրտել էիք Ձեզ ուղղված ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից ու որոշեցիք անձամբ չգնալ ռուս պատգամավորների հետ հանդիպման…

- Եկեք ես դա չմեկնաբանեմ:

- Դուք դեռ շարունակում եք հանդիպումներ ունենալ այս անգամ խորհրդարանական ձեւաչափով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Կարծում եմ՝ ամեն ինչ կլինի համաձայնեցվեց եւ, այո, մենք պատրաստ ենք  բանակցությունների: Այսօր ու վաղը կլինեն  բանակցություններ, եւ մենք կգանք համաձայնության: Սա լավագույն սցենարն է, որ լինեն կոնկրետ պայմանավորվածություններ եւ մենք էլ, իհարկե, կհետեւենք մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը:

- Նկատի ունեք մայիսի մեկին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության շուրջ համաձայնության գալ ՀՀԿ խմբակցության հե՞տ:

- Բոլոր խմբակցությունների հետ: Մենք ուզում ենք, որ լինի մեկ դիրքորոշում, մեկ թեկնածուի շուրջ:

- Ըստ էության, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կքվեարկեն Ձեր օգտին, բայց ՀՀԿ-ն թեպետ թեկնածու չի առաջադրում, բայց չի էլ ասում, որ Ձեզ կողմ է քվեարկելու: Եթե մայիսի 1-ին չընտրվեք ի՞նչ է լինելու հետո:

- Չեմ ուզում քննարկել կոնկրետ սցենարներ, կրկնում եմ՝ հուսով եմ, որ կլինեն պայմանավորվածություններ մեկ  դիրքորոշման եւ մեկ թեկնածուի շուրջ:

- Այնուամենայնիվ, մտավախություն չունե՞ք, որ մայիսի 1-ին կտապալվեն ՀՀ վարչապետի ընտրությունները:

- Չեմ կարծում, որ կտապալվեն:

- Ուզում եք ասել, որ ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից բացի, գտե՞լ եք այն 6 ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք Ձեր թեկնածությանը կողմ կքվեարկեն:

- Ինչո՞ւ միայն 6 հոգի, կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք հասնել բոլոր խմբակցությունների միասնական դիրքորոշմանը միասնական թեկնածուի շուրջ:

- Եթե Ձեր սցենարով Դուք մայիսի 1-ին ընտրվեք ՀՀ վարչապետ, ո՞րն է լինելու առաջին քայլն ի պաշտոնե:

- Առաջին քայլերն, իհարկե, կապված կլինեն ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրությունների պատրաստություններին: Եվ նաեւ կան սոցիալական, տնտեսական խնդիրներ, որոնք պետք է շատ արագ լուծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА