ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հույս ունեմ, որ ներկա գործընթացներն իրենց հանգուցալուծմանը, որքան հնարավոր է, շուտ կհասնեն». Արմեն Սարգսյան

26.04.2018 20:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հույս ունեմ, որ ներկա գործընթացներն իրենց հանգուցալուծմանը, որքան հնարավոր է, շուտ կհասնեն». Արմեն Սարգսյան

«Մենք ապրում ենք նոր Հայաստանում։ Մոտ 2 ամիս առաջ, երբ հանրապետության նախագահն առաջարկեց ինձ Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու լինել, և ես ժամանակ խնդրեցի, սկսեցի հադիպումներ ունենալ, քննարկումներ առանձին անհատների, կազմակերպությունների հետ, ինձ հուզող հիմնական հարցերից մեկն էլ այն էր, որ մարդիկ ազատություն չունեին սեփական կարծիք արտահայտելու, կամ հաճախ, երբ ունեին այդ կարծիքը, չէին արտահայտում, քաղաքացիական դիրքորոշում չունեին, և թվում էր, թե հանրապետության ներսում քաղաքացիների շրջանում ինչ-որ ազատության տարրերի պակաս կա։

Հույս ունեմ, որ մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից միջամտությունների էջը. Փաշինյան

Ընտրվելուց հետո՝ որպես նախագահ, իմ առջև դրված խնդիրների շարքում ունեի նաև մեկ կարևոր խնդիր՝ հանրության ներսում քաջալերել՝ սեփական կարծիք ունենալ, արտահայտել, քաղաքացիական դիրքորոշում ունենալ, այսինքն՝ ստեղծել մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր անձ, հատկապես՝ մեր երիտասարդները, մեր ապագան, ոչ միայն ունենան կարծիք, այլև այն արտահայտեն»,- այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ գործընթացները շատ ավելի արագ ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը փոխվեց, և այժմ Հայաստանում շատ տարբեր կարծիքներ հստակ արտահայտվում են։ Ա.Սարգսյանը հիշեցրեց ապրիլի 23-ը և նշեց, որ հանրապետության վարչապետն ինքնակամ, ցուցադրելով բարձր քաղաքացիական ու մարդկային որակներ, հրաժարվեց իր պաշտոնից.

«Ես կարծում եմ՝ մեր ժողովրդի պատմությունը սա կգնահատի։ Եվ այս իրավիճակն արդեն նորից նոր Հայաստան է և օրինակ է շատ այլ երկրների համար»։

Ա.Սարգսյանը բարձր գնահատեց նաև ապրիլի 24-ին հանրության տարբեր շերտերի դրսևորած վարքը, որ մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները, աշխարհին ներկայացանք՝ որպես միահամուռ մեկ ազգ։ ՀՀ նախագահը նկատեց, որ աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ ամենաբարձր ձևով են գնահատել հայ ժողովրդի այս կեցվածքը.

«Կարծում եմ, որ նոր Հայաստանն իր միջազգային ճանաչման մակարդակով գոնե մեկ կարգ ավելի բարձր է»։

Ըստ նրա՝ հետ ճանապարհ չունենք և, անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կունենանք, կլինեն նոր ընտրություններ, թե ոչ, միևնույն է, հետդարձ չկա։ ՀՀ նախագահը նշեց, որ չի կարելի պատկերացնել, որ զարթոնքի պայմաններում կոռուպցիան կամ մյուս խնդիրները վաղը չեն լուծվելու, իսկ այսօրվա քաղաքացին վաղը կաշառք է տալու։ Ա.Սարգսյանի կարծիքով՝ դա դավաճանություն կլիներ ազգային արժեքներին։

Ա.Սարգսյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության զարթոնքի մեջ մեծ ներդրում ունեն երիտասարդները, և կարևոր է, որ նրանց ավյունն ու եռանդն ի վերջո ուղղվեն ստեղծագործ աշխատանքի։ Նախագահի կարծիքով՝ չի կարող լինել լավ ֆիզիկոս, բժիշկ կամ անհատ, որ անտարբեր է իր շրջապատի ու հայրենիքի նկատմամբ։

Քաղաքացիական դաստիարակության հետ միաժամանակ՝ նա կարևորեց կրթությունը համալսարաններում, դասերը։ Ա. Սարգսյանը հույս հայտնեց, որ ներկա գործընթացներն իրենց հանգուցալուծմանը, որքան հնարավոր է, շուտ կհասնեն, որպեսզի ուսանողը վերադառնա լսարան և իր եռանդը ներդնի իր ու իր երկրի ապագայի համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА