ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԿԱՎԱՐՏՎԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ

20.04.2018 21:40 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉՊԵՍ ԿԱՎԱՐՏՎԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ

Չնայած խաղաղ ցույցեր անցկացնելու մասին տարաբնույթ հորդորներին եւ կոչերին, այնուամենայնիվ՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քանիցս տեղի ունեցան բախումներ, կան թե՛ վիրավորներ, թե՛ բերման ենթարկվածներ: Սակայն, բարեբախտաբար, երեկվա դրությամբ դեռ ծայրահեղություններ չկային: Ուրեմն, որքա՞ն կշարունակվեն բողոքի այս ակցիաները, չե՞ն լինի սրացումներ: Վերջապես, ի՞նչ հավանական վերջաբան է տեսանելի այս դրությամբ: Թեեւ հիմնականում շրջանառվում է այն վարկածը, թե՝ ակցիան կտեւի եւս մի քանի օր, որից հետո Ն. Փաշինյանի ռեսուրսները կսպառվեն, եւ տեսնելով որ արդյունքի չեն հասնում, մասնակիցները կամաց-կամաց կհեռանան: Սակայն այլ վարկածներ եւս շրջանառվում են, եւ փորձեցինք կարծիքներ ստանալ նաեւ մասնագետներից:

Ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերել ու ոչնչացրել

 

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, դոցենտ , պրոֆեսոր ԳԱԳԻԿ ՔԵՌՅԱՆ.

- Այս պահին զերծ կմնամ որոշակի մեկնաբանություններ տալուց, այս ամենը կարիք ունի լուրջ վերլուծության: Հնարավոր է մի բան ասեմ, հաջորդ պահին շատ բաներ փոխվեն: Այս ամենի ընթացքն ու ավարտը կանխատեսելը մի քիչ դժվար է:

 

Մեդիա փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ.

-  Նիկոլ Փաշինյանը սիրում է օգտագործել աննախադեպ բառը, բայց կարող եմ ասել, որ նույնիսկ երկարատեւությամբ սա չենք կարող համարել աննախադեպ ցույց: Եթե հիշենք, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված ցույցերը որքան տեւեցին, ապա կարող ենք ասել, որ սա աննախադեպ չէ: Շարժումը կարող է մարել կամ այլ ձեւեր ընդունել: Կամ կարող է պատահել, որ կան մարդիկ, որոնց մենք չենք տեսնում, դադարեցնելու հրահանգ տան: Կարծում եմ՝ ՀՀ կառավարության կազմի վերջնական  ձեւավորումից հետո շատ հարցերի պատասխաններ մենք կունենանք:

 

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ.

- Երբ մեկնարկում էր Արցախյան շարժման առաջին հանրահավաքները, կես միլիոն մարդ հավաքվեց հրապարակում, դա համազգային շարժում էր: Քաղաքական դաշտում պետք է աշխատեն, որպեսզի սովորեն ուրիշի սխալների վրա, քանի որ խելոքները միշտ ուրիշի սխալների վրա են սովորում: Այս հանրահավաքը ընդդիմությանը օգուտ չի տալու, միակ շահողը իշխանություններն են, քանի որ այդ ամենով ցույց է տրվում, թե տեսեք, մեզ մոտ ժողովրդավարություն է: Ճիշտ է, մի քիչ գռեհիկ է, բայց պետությունը նրանց պաշտպանում է: Ինչի՞ կարող են հասնել՝ ոչնչի: Նպատակին հասնելն անհնար է, որովհետեւ նրանց տակը դատարկ է: Եթե լրատվամիջոցները չգնան ու նկարեն ցույցի մասնակիցներին, ապա նրանք դուրս չեն գա փողոց:

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը փողոցային պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ:

1. Մի քանի օրից կամ մեկ շաբաթից ամեն ինչ կդադարի- 57%:

2. Այս շարժումը դեռ մի որոշ ժամանակ՝ մի քանի շաբաթ կշարունակվի համեմատաբար խաղաղ ընթացքով, միգուցե երթերից եւ փողոցներ փակելուց այլ ռազմավարության անցնելով, եւ կդադարի- 19%:

3. Ցույցերը կվերջանան միայն իրավապահների կողմից զանգվածային ձերբակալություններից եւ բախումներից հետո- 7%:

4. Շարժումը կդադարի, երբ ցուցարարներն իրենց նպատակին հասնեն- 2%:

5. Դժվարանում են պատասխանել- 15%:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА