o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպառողը ցանկանում է նորմալ վարունգ ուտել, այլ ոչ թե ձկան համով անհասկանալի բանջարեղեն

20.04.2018 17:45 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սպառողը ցանկանում է նորմալ վարունգ ուտել, այլ ոչ թե ձկան համով անհասկանալի բանջարեղեն

Արդեն տեւական ժամանակ է, ինչ մեր սպառողներից բողոքներ ենք ստանում, որ խանութներից գնված բանջարեղենից, մասնավորապես` լոլիկից եւ վարունգից ձկան համ ու հոտ է գալիս: Շատերի կարծիքով, դրա պատճառը կարող է հանդիսանալ ոռոգման ջուրը, որը բաց է թողնվում այն ջրավազաններից, որտեղ օլիգարխներն աճեցնում են ձկներ, ու արդյունքում մարդիկ իրենց հողամասերից շուկա են հանում ձկան «համ ու հոտով» բանջարեղեն:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Իսկ ահա սպառողների մի մասը կարծում է, որ պատճառը ջրավազանները չեն, եւ որ նման բանջարեղեն օգտագործելը խիստ վտանգավոր է առողջության համար: Այսինքն, հնարավոր է` այդ համը ինչ-որ թունավոր նյութերի հետեւանք լինի, ուստի որոշել են չօգտագործել ձկնահոտ բանջարեղենը:

Մեր զրուցակիցներից մեկը` տիկին Աիդան, այս պատկերը նկարագրեց` վարունգը խոհանոցում կտրելուց անմիջապես հետո ձկան հոտ է տարածվել ամբողջ տանը. «Գնված վարունգն անմիջապես տարա բանջարեղենի խանութ, որպեսզի վաճառողից հետաքրքրվեմ, թե ինչ է ինձ վաճառել: Ի՞նչ կարող է անել խեղճ վաճառողը, մարդուն ինչ տալիս են, այն էլ վաճառում է` օրվա հացն ունենալու համար: Ի՞նչ իմանամ, թե ինչ ջրով են ջրում, ի՞նչ նյութ են տալիս հողին: Երեւի այնպես են անում, որ թողնենք տեղականը ու գնենք ներկրված միրգն ու բանջարեղենը»: Մեր զրուցակիցը նաեւ ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ հրաժարվել է վարունգից եւ լոլիկից, նույնիսկ բարեկամներին է հորդորել` այս շրջանում չօգտվել. «Ի՞նչ գիտեմ, միգուցե ուզում են ժողովրդին թունավորե՞լ: Մենք շուկայից ուզում ենք նորմալ վարունգ գնել, ոչ թե ձկան համով անհասկանալի բանջարեղեն»,- եզրափակեց տիկին Աիդան:

Ի դեպ, նշենք, որ մեզ դիմողները վարունգ եւ լոլիկ գնել են Երեւանի տարբեր հատվածների խանութներից, այսինքն` կարելի է ասել, որ դա զանգվածային բնույթ ունի:

Սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ձկան համով վարունգի եւ լոլիկի օգտագործմանը, նշեց, որ այդ դեպքում, եթե տվյալ վարունգը կամ լոլիկը շատ չեն օգտագործում, ապա վտանգավոր որեւէ բան չի կարող լինել. «Գուցե նման հոտ է առաջացել, որովհետեւ ոռոգման ջուրը կամ պարարտանյութը լավը չէ: Առհասարակ, պետք է օրվա ընթացքում 50-100 գրամ վարունգ օգտագործել, դրանից ավելին` կարող է վատ անդրադարձ ունենալ օրգանիզմի վրա: Ընդհանրապես, օրգանիզմի վրա վատ կարող է անդրադառնալ սխալ սնվելը, կարող է նորմալ հոտով վարունգն էլ ազդել»,- նշեց սննդաբանը եւ հորդորեց յուրաքանչյուրին` հետեւողական լինել սննդակարգի հարցում:

«Իրավունքը» դիմեց նաեւ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` ՍԱՊԾ, պարզելու համար, թե սպառողներից վարունգի եւ լոլիկի վերաբերյալ բողոքներ ստացե՞լ են եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկել: Ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց, որ նման բողոքներ սպառողներից չեն ստացել: Մեր զրուցակիցը հորդորեց, որ բոլոր այն սպառողները, որոնք ունեն բողոքներ, անմիջապես դիմեն ծառայության «թեժ գծին», որպեսզի ՍԱՊԾ-ն գնա բողոքի հետեւից եւ հասկանա բուն խնդիրը: Նշենք, որ մեզ դիմած տիկին Աիդային տեղեկացրինք այս մասին, որ իր բողոքը ներկայացնի ՍԱՊԾ: Բայց նա, բնականաբար, հասցրել է ազատվել ձկնահամ վարունգից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА