ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.04.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ուսանողական ակտիվիստ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ անցյալ տարվա վերջին այդքան իրեն պատռում էր ուսանողների` բանակ չգնալու «իրավունքը» պաշտպանելու համար: Եվ ահա Նիկոլի այդ թանկարժեք կադրի վերաբերյալ բավականին զարմանալի փաստ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Բալայանը. «ԵՊՀ restart» նախաձեռնության անդամ, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Պետրոսյանը համալսարանի մոտ ս.թ. ապրիլի 18-ին կայացած ակցիայի ընթացքում նկատելով մոտակայքում գտնվող ոստիկաններին` փախել է նրանցից եւ շուրջ 20 րոպե թաքնվել համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կանանց զուգարանում, որտեղից դուրս է եկել միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կատարվող երթը ուղղել է դեպի համալսարան եւ հասնելով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց` «ազատագրել» է նրան»: Ահա այդպիսին են «Քայլ արա» շարժման հերոսները:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց պարզվում է, որ շարժման առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի դիրքերին մեծ վտանգ է սպառնում: Հիշո՞ւմ եք «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության, ավելի ճիշտ, «կույսակցության» նախագահ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ: Տիկինը, ինչքան էլ զարմանալի լինի, որոշել է Նիկոլի հարցը կտրել եւ հայտարարել է. «Հարգելի հայրենակիցներ, այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը, քանզի տեսնում եմ, որ այն ընթանում է անարդյունավետ ուղով»: Բայց հետաքրքիր է, որ մեթոդով է պատրաստվում շարժումն ավելի արդյունավետ դարձնել այդ տիկինը: Եթե հիշենք, որ ժամանակին նա հայտարարել էր, թե 26 տարեկանից հետո ոչ ոք չպետք է կույս մնա, ապա մնում է ենթադրել, որ նա ցուցարարների շրջանում ծավալելու է անողոք պայքար ընդդեմ կուսության:

Դպրոցականների ներգրավվումը ցույցերին, մեկնարկել է դեռ շաբաթվա սկզբից, եւ ահա վերջապես այդ անընդունելի երեւույթին բարեհաճել են արձագանքել օմբուդսմեն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ եւ անչափահասների գործերը համակարգող ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ: Տիկին Դուրյանի տարածած հայտարարությունում ասված է. «Սիրելի ծնողներ, դեռահասների ու պատանիների մասնակցությունը ցուցարարների գործողություններին ոչ միայն անցանկալի է, այլեւ հղի է վտանգավոր հետեւանքներով, որովհետեւ հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքում ոստիկաններն իրավունք ունեն դիմելու հատուկ միջոցների կիրառման, եւ բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, առաջին հերթին, լրջորեն տուժեն երեխաները: Սիրելի ծնողներ, որպես մայր, հորդորում եմ ձեզ, կանխեք ձեր երեխաների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` այդպիսով ապահովելով նրանց անվտանգությունը: Ուշադիր եղեք ձեր զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ, նրանց հետ պահեք վտանգավոր իրավիճակներից»: Անշուշտ, ողջունելի է այդ կոչը, բայց զարմանալի է` ինչո՞ւ պահանջվեց սպասել գրեթե չորս օր: Հուսանք, որ դա չի դառնա մանանեխ ճաշից հետո:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ խոստացել է այս ուրբաթ այնպես շրջափակել ճանապարհներն ու մետրոն, որ կանգ առնի ոչ միայն Երեւանի կենտրոնի երթեւեկությունը, այլ ծայրամասերում էլ բեռնատարներ չկարողանան անցնել: Դրա պատճառն այն է, որ առաջին շրջափակումները մնացին տակավին անպատիժ: Ուստի զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել` ոստիկանություն, գրողը տանի, գոնե այս անգամ կբարեհաճե՞ք պաշտպանել ցույցերի չմասնակցող մեծամասնության ազատ տեղաշարժի իրավունքը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА