ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.04.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, ինչպես ընդունված է միշտ, «հեղափոխական ցուցարարների» եւ ոստիկանության բախումից հետո, պետք է հնչեին հայտարարություններ` ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու, բռնաճնշումների եւ այլնի մասին: Սովորաբար դրանք հնչում էին որոշակի երկրների դեսպանատներից, սակայն այս անգամ, ինչքան էլ զարմանալի լինի, դեսպանների փոխարեն որոշեց բարբառել ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գլխավորած քաղաքական հնոտիքը` ՀԱԿ-ը. «Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը: Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը, եւ պայքարը հանուն ժողովրդավարության հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ»: Ապշել կարելի է, հաղթանակից, այն էլ վերջնական, խոսում է հավերժական պարտությունների ասպետ ՀԱԿ-ը:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր ոչ հարգելի հեղափոխականները` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ գլխավորությամբ, սիրում են տրտնջալ, իբր թե իշխանությունը ստեղծում է ցուցարարաներին ծեծող հրոսակներ: Բայց իրականում հենց իրենք են ստեղծել շուրջ 40-50 հոգանոց հրոսակ, որը դիմակավորված հարձակվում է հեղափոխություն չուզող քաղաքացիների վրա: Եվ ահա «ազատության համար պայքարողների» թիրախը դարձան լրագրողները: Այդ խաժամուժը ամբողջովին շրջապատել էր այն ավտոմեքենան, որում գտնվում էր ՀայՄեդիա.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանն իր գործընկերոջ հետ, փորձելով շրջել այն: Ընդ որում, ոստիկանները զարմանալիորեն անտեսել են հեռախոսազանգերը, ու հեղափոխական խաժամուժը հետ էր քաշվել միայն այն ժամանակ, երբ մեր գործընկերը գրպանից հանել էր էլեկտրաշոկը: Սա ցույց տալիս մեկ այլ զարմանալի իրողություն` որ այդ ոհմակները նաեւ շատ վախկոտ են:

Մեր պանծալի հեղափոխականները գլխանց հայտարարել էին, իբր իրենց միացել են ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ: Սակայն Հայաստանում առկա երկու կոմունիստական կուսակցությունների առաջնորդներն էլ դա կտրականապես հերքել են: Այսպես, ըստ Վազգեն Սաֆարյանի` Առաջադիմական միացյալ կոմկուսը նիկոլենցից անչափ հեռու է. «Մենք ո՛չ գաղափարապես ենք նրանց հետ ընդհանարություններ տեսնում, ոչ էլ` պայքարի մոտեցումներում»: Իսկ, ըստ ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանի. «Սկսենք նրանից, որ «Ելք» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները նույնպես չեն միացել պայքարին, որը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Եվ երկրորդ` մենք չենք կարող միանալ մի ուժի, որի հետ ընդհանուր ոչինչ չունենք: Մենք ոչ մեկին միանալու խնդիր եւ կարիք չենք զգում, ընդհակառակը, երբ պետք եղավ, մեր դրոշի ներքո պետք է միավորվեն բոլորը»: Այսինքն` իսկական հեղափոխականը պարտադիր պետք է ստախոս լինի:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց զարմանալիորեն պարզվում է, որ ստախոս են նաեւ հեղափոխականներին աջակցող որոշ մտավորականներ: Այսպես, ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԻ` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում տիկինը պնդել էր, իբր Սերժ Սարգսյանի հետ կարճ զրույցում նրանից լսել է բնորոշում, թե մեր ժողովուրդը ոչխարների հոտ է: Սակայն ՀՀ կառավարության լրատվականից տեղեկատվություն է տարածվել. «Որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, եւ նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»: Դե ինչ ասես, զարմանալով հանդերձ, մնում է  այդ դերասանուհուն հորդորել, որպեսզի զբաղվի բացառապես կինոյով ու չփորձի Կանադայից խառնվել մեր երկրի քաղաքական գործընթացներին:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА