ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

18.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

Եվ այսպես, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ԱԺ նիստում 77 կողմ եւ 17 դեմ քվեներով ընտրվեց խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետ: Աժ-ն շրջափակելու, խորհրդարանի նիստը տապալելու, պատգամավորների մուտքը ԱԺ արգելափակելու փաշինյանական ծրագրերը ձախողվեցին: Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ կիրառվեց գունավոր հեղաշրջման տեխնոլոգիայի գործնականում ամբողջ զինանոցը:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

Բնութագրելով պառլամենտական համակարգի առանձնահատկությունները, Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց. «Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը, եւ դա պատահական չէ: Դա կոչված է նաեւ ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար»:

Հայտնի է, դեռեւս սահմանադրական բարեփոխման առաջին փուլում քաղաքագիտական հանրակցության մի մասը բանավիճում էին` Սերժ Սարգսյանը կստանձնի՞ պաշտոնական լիազորություններ, թե` կգերադասի փաստացի ղեկավարել երկիրը` իշխող կուսակցության առաջնորդի դիրքերից: Իր ելույթում Սերժ Սարգսյանը նաեւ պատասխանեց այն հարցադրմանը, թե ինչու էր անհրաժեշտ լիազորությունների պաշտոնական ստանձնումը. «Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով որեւէ պաշտոն, քաղաքական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձեւ: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում` իր բոլոր հետեւանքներով: Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի եւ բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպքում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք»: Ինձ` որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ»:

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳ

Այսինքն` իշխող կուսակցության առաջնորդը հստակ հիմնավորեց, թե ինչու է մերժելի, այսպես կոչված, «գենսեկության» մոդելը: Ստվերային կառավարումը, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանի համար անընդունելի շքեղություն է: Փաստացի ամբողջ գործադիր իշխանության լիազորությունները նա նպատակահարմար է համարում իրականացնել գործնականում ամբողջովին հրապարակավ: Քանզի վարչապետն այն անձն է, ով մշտապես առնչվում է խորհրդարանի հետ: Իսկ, օրինակ, կուսակցապետական ստվերային կառավարման դեպքում փաստացի իշխանությամբ օժտված կուսակցապետը առնչվում է հիմնականում իր կուսակցության վերնախավի, բայց ոչ հրապարակային մարմնի` Ազգային ժողովի հետ: Նախագահական եւ կիսանախագահական մոդելի պարագայում էլ հրապարակային հսկողությունը առաջին դեմքի նկատմամբ գրեթե չկա, քանզի որոշումներն այդ դեպքում հիմնականում կայացվում են հասարակությունից բավականին մեկուսացված աշխատակազմի շրջանակներում: Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսի վնասներ էր հասցրել երկրին առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի սերը` նեղ շրջապատում որոշում կայացնելու նկատմամբ: Հենց դրա արգասիքն էր առաջին նախագահի դեպի պարտվողականությունը պացիֆիզմ տանող արտաքին քաղաքական ուղեգիծը, երկրորդ նախագահի կողմից օլիգարխիա բուծելը, ինչպես նաեւ խայտառակ պատմությունը, կապված, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» եւ Քիվեստի բանակցությունների հետ: Իսկ երբ առաջին դեմքը գործում է խորհրդարանական վերահսկողության պայմաններում, ապա ստվերային պայմանավորվածությունների դաշտը բավականին սահմանափակ է, ու նաեւ էապես նվազում է գերտերությունների` սեփական ստվերային խաղը պարտադրելու ռեսուրսը: Այսինքն` առավել ապահով եւ կայուն միջավայրում են կայացվում այն որոշումները, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը:

 

ՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ ՄԽՐՃՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Դեռ մինչեւ վարչապետի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանի «Քայլ արա» շարժումը արդեն իսկ բազում դրվագներով հատել էր ապօրինության սահմանը: Մասնավորապես, ակնհայտ քրեական դրվագ է Հանրային ռադիո ներխուժելը, ոստիկանության հետ բախման ժամանակ տարատեսակ առարկաների կիրառումը նույնպես կոնկրետ հանցակազմի` զանգվածային անկարգությունների հատկանիշների են համապատասխանում: Բացի այդ, փոքր խմբերով երթեւեկությունը փակելը, թեեւ գունավոր հեղաշրջումների տեխնոլոգիայի բաղկացուցիչ մաս է, սակայն ամբողջովին հակասում է պայքարի այն ավանդույթներին, որոնք ձեւավորվել են 1988-ից սկսած: Ինչո՞ւ, սակայն, այդպես ձախողվեց լավ հաշվարկված ու ռեսուրսների պակաս չունեցող հեղաշրջումային սցենարը: Նախ` փաստացի ստացվեց, որ նույնիսկ «Ելք» խմբակցությունը չկամեցավ Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու: Սակայն խորհրդարանի պատերից դուրս էլ նրան վարչապետ տեսնողները առավել քան քիչ են: Բողոքավոր զանգվածի զգալի մասը կողմ է հեղափոխության, սակայն նույն Փաշինյանին չի ցանկանում տեսնել վարչապետ: Փողոցային պայքարին միացած ուսանողությանը այդ հարցը առանձնապես չի էլ հետաքրքրում: Ու դրա շնորհիվ ստացվեց հարցի պատասխանը` լավ, ասենք, Սերժ Սարգսյանին մերժեցինք, բայց հաջորդ քայլը ո՞րն է: Առավել եւս, չկար եւ չկա ստվերային կառավարություն ու այլընտրանքային ծրագիր: Եվ այդ կիսատությունը բերեց նրան, որ շարժումը զրկված է բավարար էներգետիկայից, ու կոնկրետ գործողություն անողները փոքրաթիվ ակտիվիստներն են: Զանգվածի մեծամասնությունն  էլ ավելի գերադասելի է համարում հանրահավաքների եւ երթերի ընթացքում թամաշա անողի դերը, պատասխանատվության ենթարկվելու ռիսկերի տակ չեն մտնում նաեւ այն մարդիկ, ովքեր ժամավճարով մարդաքանակ են ապահովում: Այդ ամենը, գումարած նաեւ խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները, բերեցին նրան, որ վարչապետի ընտրությունը տապալել չստացվեց: Նախօրեին ոստիկանության հետ առաջին բախումն էլ ի ցույց հանեց այն, որ շարժումը խորհրդարանի շենքի շրջակայքում ռեալ ոչինչ անել չի կարող: Եվ դրան հետեւեցին անիմաստ, բայց ահագնացող ագրեսիվությամբ իրականացվող հանցավոր գործողությունները Հանրապետության հրապարակի շրջակայքում` նախարարությունների եւ գերատեսչությունների շենքերի մուտքերը փակելը, պետական ավտոմեքենաների ավտոդողերը ծակելը, իրենց տեղաշարժի ազատության իրավունքից օգտվող քաղաքացիների ավտոմեքենաների վրա քարերով ու փայտերով 40-50 հոգանոց հրոսակով հարձակվելը, եւ այլն: Պետական շենքերում մարդկանց փաստացի պատանդ պահելը, ինչպես նաեւ բռնության ակտերը չկանխարգելելը ի ցույց են հանում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները` խաղաղ պայքարի մասին, իրականում երեսպաշտություն են ու ուրիշ ոչինչ: Սակայն այդ ամենը հեռանկար չունեցող եւ մարման դատապարտված գործընթաց է: Ոստիկանությունն էլ զգուշացրեց, որ ցանկացած պահի ի զորու է ուժ կիրառելով մեկ ժամվա ընթացքում դադարեցնել բոլոր զանգվածային ապօրինի գործողությունները:

ՈՒՐ ԵՆ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի դեպ, նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանն էլ «Ելքի» պատգամավորներին հորդորեց իրենց գործընկերոջը փողոցից տուն, այսինքն` խորհրդարան բերել: Դա պարզ զգուշացում էր, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընտրության հնարավորություն ունի` վերադառնալ բնականոն օրենսդիր աշխատանքի՞, թե` ենթարկվել բավականին  ծանր պատասխանատվության` որպես սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների եւ զանգվածային անկարգությունների կազմակերպիչ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА